HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Գեղամ Գևորգյան. « «Յուքոմ»-ում տեղի ունեցողը կապ չունի ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրության հետ»

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դեռևս որոշում չի կայացրել «Վեոն Արմենիա» («Բիլայն») և «Յուքոմ» ընկերությունների միաձուլումը թույլ տալու վերաբերյալ։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՀՀ ՏՄՊՊՀ) դեռևս չի ավարտել Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում գործող երկու խոշոր օպերատորների համակենտրոնացման հայտի հիման վրա սկսած ուսումասիրությունները և որոևէ որոշում չի կայացրել։ Այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

Նա անդրադարձավ «Յուքոմ» ընկերության շուրջ 500 աշխատակիցների աշխատանքից ազատվելու մասին տեղեկություններին։ Ըստ ՏՄՊՊՀ նախագահի՝ այդ իրադարձությունները որևէ կապ չունեն հանձնաժողովում տեղի ունեցող ուսումնասիրությունների հետ։

« «Վեոն Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների վերանայման հայտը ներկայացվել է դեռևս անցած տարվա վերջին, կատարվել են ուսումնասիրություններ և քննարկումներ։ Մարտի 19֊ին բոլոր նիստերը, այդ թվում ՝ «Վեոն Արմենիա»-ի և «Յուքոմ»-ի հարցով, կասեցվել էր՝ լայնածավալ աշխատանքներից և մարդկանց հետ շփումներից խուսափելու համար։ Հանձնաժողովը դեռևս չի ավարտել իր ուսումնասիրությունը։ Դեռևս որևէ որոշում չկա նշված երկու ընկերությունների միաձուլումը թույլ տալու, թույլ չտալու կամ որևէ պայմանով թույլ տալու մասին»,֊ ասաց ՏՄՊՊՀ նախագահը։

Նրա խոսքով՝ «Յուքոմ»-ի աշխատակիցների աշխատանքից ազատվելու մասին տեղեկությունները մտահոգիչ են։ «Եթե ընկերությունները միանում են և արդյունքում ունենում ենք կենտրոնացվածության բարձրացում, պետությունը պետք է կարգավորման հստակ սխեմաներ ունենա, որպեսզի եթե հանկարծ ապագայում լինեն նմանատիպ երևույթներ, ապա հեռահաղորդակցության ոլորտի աշխատանքները մնան անխափան»,֊ ասաց նա։

Այլ տեղեկություններ ՏՄՊՊՀ նախագահը չհայտնեց։

Ինչպես հայտնի է դարձել,  «Յուքոմ»-ի ավելի քան 500 աշխատակից աշխատանքից ազատման դիմում է գրել։ Աշխատակիցներից մեկը «Հետքի» հետ զրույցում նշել է, որ բաժնետերերի միջև առաջացած տարաձայնության պատճառով աշխատանքից ազատման դիմում է գրել նաև տեխնիկական անձնակազմը` տնօրեն Հայկ Եսայանի գլխավորությամբ: Պատճառները հստակեցված չեն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 2019 տարեվերջին,  հայտարարվեց, որ «Յուքոմ»-ը մտադիր է գնել «Վեոն Արմենիան» («Բիլայն»)։ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է նրանց հայտը՝ որոշելու թույլ տալ գործարքը, թե՚ ոչ։ 

Ընկերությունների բաժանորդների քանակի վերաբերյալ տվյալները վկայում են, որ «Բիլայնը» գնելու պարագայում հեռահաղորդակցության հայկական շուկայում զգալի փոփոխություններ տեղի կունենան։ Ֆիքսված  կապի շուկայում «Յուքոմը» կզբաղեցնի  բացարձակ առաջատարի դիրք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter