HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Թանկարժեք գույքի ձեռքբերումն ու օտարումը պարբերաբար չհայտարարագրելն ավարտվեց մեղադրյալ դառնալով 

Ինչպես հայտնի է, նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանի մասին մեր հրապարակումից հետո ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մարտի 11-ին քրեական գործ է հարուցել: Նախկին բարձրաստիճան պաշտոնյան մեղադրյալ է հայտարարագրման ենթակա տվյալներ թաքցնելու եւ ապօրինի հարստանալու գործով, ինչի համաձայն՝ նրան նույնիսկ ազատազրկում է սպառնում:

Գլխավոր դատախազությունը հայտնել էր, թե քանի որ 2019 թ. փետրվարի 26-ին Գեւորգյանը լքել է երկիրը, հայտնի չէ նրա գտնվելու վայրը, եւ հնարավոր չէ ապահովել նրան նախաքննական մարմնին ներկայացնելը, ՀՔԾ քննիչի կողմից նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, եւ միջնորդություն է ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նախկին պաշտոնյայի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է:     

Արդեն հետախուզման մեջ գտնվող եւ մեղադրյալի կարգավիճակ ունեցող Արթուր Գեւորգյանը ապրիլի 10-ին ֆեյսբուքյան իր էջով հայտնել է, որ ապրիլի 9-ի մամուլի հրապարակումներից է իմացել իրեն մեղադրյալ ներգրավելու մասին:

«Թեեւ տեւական ժամանակ բացակայում եմ Հայաստանից, սակայն պնդում եմ, որ իմ գտնվելու վայրը հայտնի է, ոչ թե «անհայտ», ինչպես տարածվել է իրավապահների մամուլի հաղորդագրության մեջ, ավելին՝ անընդունելի է, որ միայն ՀՀ-ից դուրս գտնվելը իրավապահների եւ դատարանի կողմից հիմք է ընդունվել ինձ հետախուզելու եւ կալանավորման որոշում կայացնելու համար: Որեւէ անգամ ծանուցագիր չի ուղարկվել Հայաստանի իմ հաշվառման հասցե, տվյալ հասցեում ապրում է իմ մայրը, իրավապահները մուտքի դուռն անգամ չեն թակել եւ չեն հարցրել իմ գնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ, ավելին՝ իմ հայաստանյան բջջային հեռախոսահամարը մշտապես հասանելի է եղել, ինձ անգամ զանգով չեն հրավիրել, որ չներկայանամ»,- հայտարարել է Գեւորգյանը՝ հավելելով, որ «ձեռնարկված քրեական հետապնդումը եւ ընտրված բիրտ գործիքակազմը իրավական չէ, դրա տակ այլ միտում եմ տեսնում, ինչը կապված է իմ անվան եւ շրջապատի հետ»: Հիշեցնենք, որ 2012-2019 թթ. ԱԺ պատգամավորը նախկին (2011-2018 թթ.) ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է:

Ի՞նչ գործով է մեղադրյալ Արթուր Գեւորգյանը

Մեր նյութում նշել էինք, որ Գեւորգյանը 2015 եւ 2016 թթ. բնակարաններ է ձեռք բերել համապատասխանաբար Գլենդելում եւ Լոս Անջելեսում, որոնք չի հայտարարագրել: 2017-ին նա «Arvivi» անունով ՍՊԸ է հիմնել, նաեւ գրանցվել դրա տնօրեն, ինչի իրավունքը չուներ, քանի որ օրենսդիր մարմնի անդամ էր, իսկ պատգամավորներին Սահմանադրությամբ արգելվում է զբաղվել ձեռնարկատիրությամբ կամ որեւէ պաշտոն զբաղեցնել առեւտրային կազմակերպությունում: Չնայած ՀՔԾ-ն չի հայտարարել Գեւորգյանի կողմից առերեւույթ ապօրինի ձեռնարկատիրության մասին, ծառայությունը գտել է այլ հիմքեր, որոնցից մեկին մենք անդրադարձել էինք:

Խոսքն այն մասին է, որ Ա. Գեւորգյանը 2017-ի տարեկան հայտարարագրում պարտավոր էր ներկայացնել, որ մասնակցություն ունի (100 տոկոս) տվյալ ընկերությունում, սակայն չի արել. հայտարարագրի «հարկային տարում ձեռքբերած եւ օտարած արժեթղթեր եւ այլ ներդրումներ» հատվածում պատգամավորը նշել է միայն 25 հազ. դրամի բաժնեմաս օտարելու մասին: Երկրորդ՝ պաշտոնյան չի հայտարարագրել վերը նշված 2 բնակարանների փոխանցումը «Arvivi» ընկերությանը, «հարկային տարում ձեռքբերած եւ օտարած անշարժ գույք» տողը դատարկ է, այնինչ բնակարաններն օտարվել են հենց 2017-ին: Ճիշտ է՝ համաձայն փաստաթղթերի, Գեւորգյանը դրա համար գումար չի ստացել, քանի որ փաստացի շարունակել է տիրապետել գույքը իր իսկ ընկերության միջոցով, սակայն իրավաբանորեն բնակարանները ֆիզիկական անձից օտարվել են իրավաբանական անձի: Այս արձանագրումները կարեւոր են, քանի որ 2017-ի հուլիսի 1-ից հետո քրեական պատասխանատվություն է նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ տվյալներ թաքցնելու դիմաց: Դատախազությունը նշում է, որ նախկին պաշտոնյան թաքցրել է տվյալները:

Գեւորգյանի գործի մեջ դրվել է ՔՕ 314.3 հոդվածի 2-րդ մասը, որում նշվում է. «Հայտարարատու պաշտոնատար անձի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերում հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, պատժվում է ազատազրկմամբ՝ 2-4 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա»: Առանձնապես խոշոր չափն այս դեպքում 1 մլն դրամը գերազանցող գումարն է, իսկ 2015-ին 520.000 եւ 2016-ին 475.000 դոլարով գնված բնակարանները, որոնք անհատույց հանձնվել են «Arvivi»-ին, բնականաբար, գերազանցում են 1 մլն դրամը (2019-ին դրանք վաճառվել են այլ անձանց համապատասխանաբար 680.000 եւ 515.000 դոլարով):     

Հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույք թաքցնելու ենթադրյալ դրվագը վերաբերում է նաեւ 2019 թ. տարեսկզբին ներկայացված պաշտոնի դադարեցման հայտարարագրին: Արդեն նախկին պատգամավոր Գեւորգյանը, ըստ ԳԴ-ի, այս փաստաթղթում պարտավոր էր հայտարարագրել նոր գնած անշարժ գույքը: Խոսքը 2019-ի հունվարի 10-ին Գլենդելում 1.525.000 դոլարով ձեռք բերված առանձնատան մասին է:

Թե՛ վերոնշյալ բնակարանների, թե՛ այս առանձնատան գործարքների մասով մենք նշել էինք դրանց գրանցում ստանալու ամսաթվերը, սակայն ՀՔԾ-ն հաշվի է առել գործարք կնքելու ամսաթվերը: Տարբերությունն էական է, քանի որ 1,5 մլն դոլար արժեցող առանձնատան գործարքը գրանցում է ստացել 2019-ի մարտին, երբ Գեւորգյանը հրաժեշտ էր տվել պաշտոնին (դա տեղի է ունեցել հունվարի 14-ին), բացի դրանից՝ ներկայացրել էր (փետրվարի 7-ին) իր վերջին՝ պաշտոնի դադարեցման հայտարարագիրը ու այլեւս հայտարարատու անձ չէր համարվում: Այնինչ հունվարի 10-ին՝ գույքի առքուվաճառքի գործարքի օրը, նա դեռ ԱԺ պատգամավոր էր, այսինքն՝ այս գործարքից հետո ներկայացրած վերջին հայտարարագրում պարտավոր էր հիշատակել իր նոր առանձնատունը, ինչը չի արել:

Ապօրինի հարստանալու քրեական հոդվածն անմիջական կապ ունի այս վերջին գործարքի հետ: Ա. Գեւորգյանը 2018-ի տարեկան հայտարարագիրն ու պաշտոնի դադարեցման հայտարարագիրը ներկայացրել է նույն օրը՝ 2019-ի փետրվարի 7-ին, սակայն եթե առաջինն ընդգրկում է 2018-ի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածը, ապա երկրորդը ցույց է տալիս, թե ինչ գույք եւ եկամուտ ունի հայտարարատու անձը պաշտոնին հրաժեշտ տալու օրվա, այս դեպքում՝ հունվարի 14-ի դրությամբ: Գեւորգյանը երկու փաստաթղթերում էլ նշել է, որ ունի 50 մլն դրամ, 1,6 մլն դոլար եւ 150 հազ. եվրո: Այստեղ հարց է ծագում. եթե այս երկու հայտարարագրերի արանքում՝ հունվարի 10-ին, նա 1.525.000 դոլարով տուն է ձեռք բերել (այս գումարից 800.000 դոլարը հիփոթեքային վարկ էր վերցրել), ինչու՞ դրամական միջոցների տարբերություն չի երեւում փաստաթղթերում: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության՝ Արթուր Գեւորգյանն ապօրինի հարստացել է, քանի որ 2019-ի հունվարի 10-ին առանձնատան ձեռք բերումով նրա գույքի ավելացումն էականորեն (ավելի քան 5 մլն դրամով) գերազանցել է նրա՝ վերը նշված հայտարարագրերում արտացոլված օրինական եկամուտները եւ ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով: 

310.1 հոդվածը, որը նույնպես ուժի մեջ է մտել 2017-ի հուլիսի 1-ից եւ որը եւս դրվել է գործի հիմքում, սահմանում է. «Ապօրինի հարստանալը՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի՝ հաշվետու ժամանակահատվածում գույքի ավելացումը եւ (կամ) պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները եւ ողջամտորեն չեն հիմնավորվում դրանցով, եւ եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են, պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

Արթուր Գեւորգյանը եւս մի առանձատուն ուներ, որը նույնպես չի հայտարարագրել

Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ հիշատակվում է եւս մի գույք Լոս Անջելեսի Վուդլենդ Հիլս թաղամասում (Woodland Hills): ԳԴ-ն նշում է, որ Գեւորգյանը չի հայտարարագրել նաեւ այս գույքը, որը գնել էր 2011-ի ապրիլի 6-ին: Սա գործարքի կնքման օրն է, իսկ գրանցումը տեղի է ունեցել նույն տարվա օգոստոսի 12-ին: Գույքը՝ Հոլանդա ռոուդ 22619 հասցեի առանձատունը, այն ժամանակ Երեւանի Դավթաշեն վարչական շրջանի ՀՀԿ-ական ղեկավար Ա. Գեւորգյանը գնել է 490.000 դոլարով:

2012-ի մայիսին վերջինս դարձել է ԱԺ պատգամավոր, որից հետո պիտի ներկայացներ պաշտոնի ստանձնման հայտարարագիր, ինչն արել է 2014-ի ապրիլին: Այդ ժամանակ է ներկայացրել նաեւ 2012 թ. տարեկան հայտարարագիրը: Պատգամավոր դառնալիս նշված առանձանատունը դեռ Գեւորգյանին էր պատկանում: Պաշտոնի ստանձնման հայտարարագրում նա նշել է այդ պահին (31.05.2012 թ.) ունեցած 4 անշարժ գույք՝ անհատական բնակելի տուն, ավտոտնակ, հողամաս, հողին ամրակայված այլ անշարժ գույք: Քանի որ վերջիններիս հասցեները չեն գաղտնազերծվում, դժվար է ասել՝ պատգամավորը հայտարարագրե՞լ էր ամերիկյան առանձնատունը, թե՞ ոչ, բայց կարող ենք ենթադրել, որ չի արել: Սա ասում ենք, որովհետեւ նա 2012-ին 505.000 դոլարով վաճառել է տունը, սակայն այդ տարվա տարեկան հայտարարագրում դա չի ներկայացրել, ինչն այն ժամանակ դեռեւս քրեորեն պատժելի չէր:  

Այս առանձնատունը կառուցվել է 1987-ին, ունի 3 ննջասենյակ, 3 լոգասենյակ, հողամասի ընդհանուր մակերեսը 723 քմ է, որից 174-ը՝ տան մակերեսը:

Ինչպես ասվեց, Ա. Գեւորգյանը տունը գնել է 2011-ին 490.000 դոլարով: Վաճառողը եղել է Շահին Շաուն Շամսաբադին (Shahin Shaun Shamsabadi), ով իր հերթին 2010-ին այն ձեռք էր բերել հայ Ազիզյանների ընտանիքից: Գեւորգյանը գույքը գնելիս 343.000 դոլարի փոխառություն էր վերցրել Ալեք Գլեսերից (Alec Glasser): Այդուհանդերձ, 2012-ի սեպտեմբերի 26-ին ԱԺ պատգամավորն առանձնատունը 505.000 դոլարով վաճառել է Գեւորգ Բաբախանյանին: Գործարքը գրանցվել է նույն տարվա հոկտեմբերի 11-ին, բայց 2012-ի տարեկան հայտարարագրում այդպես էլ չի ներկայացվել պաշտոնյայի կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter