HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավորը հերթապահ չի եղել, բայց քննել է Բավրայի անցակետի հերթափոխի պետի կալանքի հարցը․ Վերաքննիչ դատարանի որոշումը

Վերաքննիչ քրեական դատարանը Բավրայի անցակետի հերթափոխի պետ Դավիթ Հակոբջանյանին մոտ մեկ ամիս առաջ կալանքից ազատելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ նրա կալանքի հարցը քննել է օրենքի հիման վրա չստեղծված դատարանը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Հակոբջանյանի պաշտպան Գոռ Միքայելյանը։

«Վերաքննիչ դատարանը գտել է, որ առաջին ատյանի դատարանն այդ օրը հերթապահ չի եղել, իրավունք չուներ քննելու Դավիթ Հակոբջանյանին կալանավորելու միջնորդությունը, ուստի չի համարվում օրենքի հիման վրա ստեղծված դատարան»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց Գոռ Միքայելյանը։

Ըստ պաշտպանի՝ սա հետաքրքիր նախադեպ կլինի։

«Փաստորեն Վերաքննիչ դատարանը դիրքորոշում է հայտնում, որ եթե դատարանը հերթապահ չի, ուրեմն իրավունք չունի միջնորդություններ քննարկելու։ Գոնե սրանից հետո վարույթն իրականացնող մարմինները ձեռնպահ կմնան իրենց ցանկալի դատավորների նստավայր միջնորդություններ ներկայացնելուց»,- ասաց Գոռ Միքայելյանը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն փետրվարի 7-ին հաղորդագրություն էր տարածել, որ «Պետական եկամուտների կոմիտեի հյուսիսային մաքսատուն-վարչության իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը և մաքսային երկու տեսուչ, 2020 թ. հունվարի 25-ին ընդունելով բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպության համասեփականատիրոջ առաջարկը, համաձայնության են եկել առանձնապես խոշոր չափի՝ 1 միլիոն 436 հազար 610 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դիմաց, առանց պատշաճ մաքսային հսկողության և ձևակերպման մաքսային տարածքից բաց թողնել հիշյալ կազմակերպության կողմից Վրաստանից տեղափոխվող շուրջ 4.5 տոննա ընդհանուր քաշով բեռը, սակայն ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո նրանք բռնվել և բերման են ենթարկվել վերջիններիս կողմից»։

Փետրվարի 8-ին դատարանը քննել և մերժել է Հակոբջանյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունն այն հիմքով, որ կալանավորման միջնորդությունը դատարան ներկայացնելու պահին Հակոբջանյանին դեռևս մեղադրանք առաջադրված չի եղել, ինչպիսի պայմաններում չէր կարող նրան կալանավորելու միջնորդություն ներկայացվել։

ԱԱԾ-ն, սակայն երկրորդ միջնորդությունն է ներկայացրել դատարան՝ այն ժամանակ, երբ արդեն Հակոբջանյանին մեղադրանքն առաջադրած է եղել։ Միջնորդության քննությունը մակագրվել էր դատավոր Մնացական Մարտիրոսյանին, և այս անգամ այն  բավարարվել է, Դավիթ Հակոբջանյանը կալանավորվել է։ Այս որոշումը Գոռ Միքայելյանը բողոքարկել է Վերաքննիչ դատարան, ու արդյունքում Հակոբջանյանն ազատ է արձակվել։

Չնայած իր պաշտպանյալի ազատ արձակվելու հանգամանքին՝  Գոռ Միքայելյանը Վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել։ Պաշտպանը պարզաբանեց, որ Վերաքննիչ դատարանն անդրադարձել է իր կողմից վիճարկված մի քանի կետերից միայն մեկին։ Պաշտպանը գտնում է, որ վերաքննիչ բողոքում իր կողմից վիճարկված մյուս հանգամանքները ևս պետք է քննարկման առարկա դառնային, որ դրանց հիմքով ևս Հակոբջանյանին կալանավորելու մասին դատական ակտը ենթակա էր բեկանման։

Հակոբջանյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքում Գոռ Միքայելյանի վիճարկված կետերից մեկը վերաբերում էր հենց այն հանգամանքին, որ դատարանը, հերթապահ չլինելով, քննել է Հակոբջանյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի ներկայացրած միջնորդությունը։

Միքայելյանն ասաց, որ վերաքննիչ բողոքում ինքն անդրադարձել էր նաև այն հանգամանքին, որ Հակոբջանյանին մեղադրանք է առաջադրվել օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ։

Մասնավորապես՝ Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ անձին մեղադրանք պետք է առաջադրվի նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին քննիչի կողմից որոշումն ընդունելու պահից ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում, սակայն բոլոր դեպքերում ոչ ուշ, քան մեղադրյալի ներկայանալու կամ նրան բերման ենթարկելու օրը, մինչդեռ այս ժամկետը չի պահպանվել, իսկ ժամկետների խախտումով կատարված դատավարական գործողությունները, նույն օրենսգրքի համաձայն համարվում են անվավեր։

Բացի այդ՝ Գոռ Միքայելյանը վերաքննիչ բողոքում անդրադարձել է նրան, որ նույն փաստական հանգամանքներով ԱԱԾ-ն երկրորդ անգամ Հակոբջանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Այս փաստարկներին Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել, ինչի հետ պաշտպանը համաձայն չէ։

Նշենք, որ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել նաև դատախազությունը՝ պահանջելով Դավիթ Հակոբջանյանին կալանավորել։

Այս պահին Հակոբջանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը։ ԱԱԾ-ն նրա նկատմամբ նման խափանման միջոց է ընտրել, երբ Վերաքննիչ դատարանի որոշմամբ նա ազատ է արձակվել կալանքից։

Լուսանկարում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter