HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ավանդատուների մի մասը մարտին շտապել է բանկերից հանել գումարները

Այս տարվա մարտին Հայաստանի բանկերի ավանդատուների մի մասը շտապել է բանկերից հանել գումարները։ 2.4%-ով կրճատվել են ռեզիդենտների դրամային ավանդները։ Իրականում կրճատվել են նաև արտարժույթով ավանդները (2%-ով), սակայն դոլարի թանկացման արդյունքում ավանդները դրամով ներկայացնելիս «մեխանիկորեն» աճել են։

Արտարժույթով ավանդների թաքնված անկումը

Այս տարվա մարտի վերջի դրությամբ հայաստանյան բանկերում պահվող ավանդների ընդհանուր ծավալը կազմել է 3 տրլն 529 մլրդ 152 մլն դրամ։ Ըստ Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) տվյալների հիման վրա կատարված հաշվարկների՝ մարտի ընթացքում ավադների ծավալն աճել է մոտ 28 մլրդ դրամով կամ 0.8%-ով։

Սակայն, այս աճը խիստ պայմանական է, որովհետև դրան նպաստել է դոլարի թանկացումը։ Քանի որ բանկերում ավանդների մեծ մասը ԱՄՆ դոլարով են, իսկ դոլարը մարտին թանկացել է, հետևաբար՝ դրամով հաշվարկելիս արտարժութային ավանդների ծավալը մեխանիկորեն աճել է։ Այսինքն՝ եթե դոլարային ավանդները դիտարկենք հենց դոլարով, ոչ թե դրամի վերածելով, կտեսնենք, որ իրականում անկում է գրանցվել։ Հիշեցնենք, որ ԿԲ-ն բոլոր տեսակի ավանդների, այդ թվում՝ դոլարային, տվյալները ներկայացնում է ՀՀ դրամով։

Այսպես, մարտի վերջի դրությամբ ռեզիդենտների (ՀՀ  քաղաքացիների) կողմից բանկերին արտարժույթով ի պահ տրված ավանդները դրամային արտահայտությամբ կազմել են մոտ 1 տրլն 179 մլրդ դրամ, որը փետրվարի վերջի համեմատ աճել է մոտ 38 մլրդ դրամով կամ 3.3%-ով։ Սակայն, ինչպես նշեցինք, սա իրական աճ չէ և գրանցվել է փոխարժեքի տատանումների արդյունքում։ Արտարժութային ավանդների ցուցանիշները պետք է հենց դոլարով դիտարկել, որպեսզի պարզ լինի իրական պատկերը։

Ըստ Կենտրոնական բանկի՝ եթե այս տարվա փետրվարի վերջին (28.02.2020) դոլարի միջին փոխարժեքը կազմել է 478.6, ապա մարտի վերջին՝ 504.47 դրամ (31.03.2020): Այսինքն՝ փետրվարի վերջի համեմատ մարտի վերջի դրությամբ դոլարը 5.4%-ով թանկացել է։ Ըստ այս փոխարժեքների՝ ստացվում է, որ դոլարային արտահայտությամբ ռեզիդենտների արտարժութային ավանդները փետրվարի վերջին կազմել են 2 մլրդ 383 մլն դոլար, իսկ մարտի վերջին՝ 2 մլրդ 336 մլն դոլար։ Այսինքն՝ իրականում արտարժույթով ավանդները նվազել են 46 մլն դոլարով կամ 2%-ով։

Դրամով ավանդները մարտին նվազել են 2.4%

Իսկ դրամով ավանդների դեպքում ամեն ինչ շատ ավելի պարզ է։ Այստեղ արդեն հստակ երևում է, որ դրամային ավանդների կրճատում է տեղի ունեցել մարտին։ Եթե փետրվարի վերջի դրությամբ ռեզիդենտների դրամային ավանդները կազմել են մոտ 1 տրլն 395 մլրդ դրամ, ապա մարտի վերջին՝ մոտ 1 տրլն 362 մլրդ դրամ։ Անկումը՝ մոտ 33 մլրդ դրամ կամ 2.4%:

Ավանդատուների վարքագծի վրա, ինչպեսև սպասվում էր, ազդել է կորոնավիրուսի (2019n-CoV)  տարածման հետևանքով Հայաստանում արտակարգ դրության հայտարարումը, բիզնեսի ու փողերի նկատմամբ անորոշությունը, դրամի արժեզրկումը և այլն։ Սակայն, նաև հարկ է նկատել, որ ավանդների կրճատումն առայժմ այնքան մեծ չէ, որ բանկերի համար խնդրահարույց լինի։ 

Սովորաբար, նման տատանումների դեպքում մեկ կամ մի քանի ամիս անց ավանդները վերադառնում են նախկին մակարդակին, ինչպես եղավ 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակ, երբ ավանդները մեկ-երկու ամիս նվազեցին, որից հետո կրկին աճի միտում նկատվեց։ 

Վերջին տարիներին ավանդների ամենակտրուկ տատանում գրանցվել է 2014  թվականի վերջին։ Դրամի կտրուկ արժեզրկման հետևանքով ավելացան փոխարժեքի տատանումների ռիսկերն ու բնակչության մտավախություններն, ինչն իր ազդեցությունն ունեցավ նաև բանկերում  հաճախորդների ավանդների ու հաշիվների մեծության վրա։  Որոշ ժամանակ անց արդեն ավանդների դանդաղ աճ սկսվեց ու շարունակվեց։

Թե ինչ կլինի այս անգամ, դժվար է ասել, քանի որ կորոնավիրուսը դեռևս անորոշ ժամկետով թևածում է աշխարհում, և տնտեսական կանխատեսումները ժամ առ ժամ են փոփոխվում։

Ինֆոգրաֆիկայում կարող եք տեսնել ինչպես ավադների կառուցվածքը, այնպես էլ՝ դինամիկան տարեսկզբից։

  Ոչ ռեզիդենտների ավանդները

Ոչ ռեզիդենտների ավանդներն այս տարվա մարտի վերջի դրությամբ կազմել են մոտ 989 մլրդ դրամ, որից 832.4 մլրդ դրամը արտարժույթով ավանդներն են, իսկ 156.2 մլրդ դրամը՝ դրամով։

Փետրվարի վերջի դրությամբ ոչ ռեզիդենտների ընդհանուր ավադներն ավելացել են 23 մլրդ դրամով կամ 2.4%-ով։ Սակայն, այս աճն էլ դրամի արժեզրկման հետևանք է, քանի որ այն մեծապես գրանցվել է փոխարժեքի տատանումների հետևանքով։ 

Մասնավորապես, ոչ ռեզիդենտների արտարժութային ավանդներն աճել են 21 մլրդ դրամով կամ 2.6%-ով։ Ինչպես ցույց տվեցինք վերևում, դոլարային արտահայտությամբ այս ցուցանիշները փոխվում են։ Երբ ցուցանիշները հաշվարկում են դոլարով, ստացվում է, որ ոչ ռեզիդենտների արտարժութային ավանդները մարտին նվազել են 2.7%-ով։ 

Իսկ դրամով ավանդների պարագայում փոփոխությունը մեծ չէ։ Ռեզիդենտների դրամային ավանդները փետրվարի վերջին կազմել են 154.2 մլրդ դրամ, մարտի վերջին՝ 156.2 մլրդ դրամ։

Ամբողջացնելով տվյալները՝ տեսնում ենք, որ այս տարվա մարտի վերջի դրությամբ բանկերում պահվող 3 տրլն 529 մլրդ 152 մլն դրամ ավանդների 43%-ը ՀՀ դրամով են, 57%-ը՝ արտարժույթով (հիմնականում՝ ԱՄՆ դոլարով)։ Այսինքն՝ ավանդատուները դեռևս շարունակում են ավելի շատ վստահել դոլարին, քան՝ դրամին։ Այստեղ հաշվարկված են ինչպես ռեզիդենտների, այնպես էլ ոչ ռեզիդենտների ավանդները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter