Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի հատուկ ծառայությունները չունեն տվյալներ Չինաստանի լաբորատորիաներից կորոնավիրուսի արտահոսքի վերաբերյալ
Ներկայում չկան ապացույցներ այն մասին, որ կորոնավիրուսի արտահոսքը տարածվել է Ուհանի վիրուսաբանության ինստիտուտից։ Այդ մասին գրում է «The Guardian» պարբերականը՝ հղում կատարելով հետախուզության իր աղբյուրներին։ Պարբերականի զրուցակիցները հերքում են, որ Չինաստանի կողմից կորոնավիրուսի վերաբերյալ տվյալների կոծկման զեկույցը, որին հղում էր անում ավստրալական «The Daily Telegraph»-ը, կազմվել է «Հինգ աչք» հետախուզական միության կողմից (ԱՄՆ, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Կանադա և Մեծ Բրիտանիա)։
«The Guardian»-ի աղբյուրների խոսքերով՝ «The Daily Telegraph»-ի զեկույցում չի եղել գաղտնի տեղեկատվություն, որը ստացվել է բրիտանական հետախուզությունից։ Ավելի վաղ, «The Sydney Morning Herald»-ի ավստրալական հետախուզության աղբյուրներն հայտարարել են, որ զեկույցը մեծ մասամբ հիմնված է ԶԼՄ-ներից ստացված տեղեկատվության վրա։ Պարբերականի ավստրալական հետախուզության զրուցակիցները կարծիք են հայտնել, որ «The Daily Telegraph»-ը տեղեկատվությունը ստացել է Միացյալ Նահանգներից։ «Իմ ինտուիցիան ասում է, որ դա եղել է հակաքարոզչության գործիք և ճնշման մեծացում Չինաստանի վրա»,- հայտնել է աղբյուրը։
Արևմտյան կառավարություններում «CNN»-ի երկու աղբյուրներ հայտարարել են, որ «Հինգ աչքեր»-ի միությունը հակված է այն վարկածին, որ կորոնավիրուսը տարածվել է Ուհանի ծովամթերքների շուկայից, ինչպես պնդում է Չինաստանը, այլ ոչ՝ Ուհանի վիրուսաբանության լաբորատորիայից։ Հետախուզական միության երկրներից մեկի աղբյուրը հավելել է, որ դիտարկվում է լաբորատորիայից արտահոսքի վարկածը, սակայն այն չի կարելի համարել հիմնավորված։
Պաշտոնապես, Ավստրալիայի իշխանությունները համարում են, որ վիրուսը տարածվել է ծովամթերքի շուկայից և լաբորատորիայից արտահոսքի հավանականությունը գնահատում 5 %։ «Foreign Policy» պարբերականը գրում է, որ Կանադայի և Մեծ Բրիտանիայի իշխանությունները խուսափում են ուղիղ պատասխաններ տալ վիրուսի ծագման վերաբերյալ։
ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ կորոնավիրուսը տարածվել է Ուհանի վիրուսաբանության ինստիտուտից։ Այդ մասին, ավելի վաղ, հայտարարել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մայք Պոմպեոն։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Պոմպեոյի հայտարարությունն անվանել էր սպեկուլյատիվ։ Ընդ որում, կազմակերպությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Չինաստանից պաշտոնական հրավեր չի ստացել՝ մասնակցելու վիրուսի ծագման հետաքննությանը։
Լուսանկարը՝ «CNN»-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել