HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Քննչական կոմիտեի կարճած գործով վերականգնվել է 34 մլն դրամ, իսկ փորձաքննությունը վնասը գնահատել էր մոտ 52 մլն

Քննչական կոմիտեն այսօր հայտնեց, որ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում քննված քրգործով վերականգնվել է 33.600.000 դրամ՝ որպես պետությանը պատճառված վնաս: Բայց հարցն այն է, որ նախկինում կոմիտեն հայտարարել էր ավելի մեծ վնասի մասին:

Այս քրգործը հարուցվել էր «Հետքի» հոդվածի հիման վրա: Հոդվածը գրել էինք 2018-ի օգոստոսին: Դրա եւ քրգործի առանցքում Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի վրա գտնվող 0,5 հա մակերեսով հողամասի օտարումն է:

Հողատարածքը նախկինում փաստացի օգտագործվել է ՊՆ-ի կողմից որպես զորամասի ավտոպարկ, իսկ 2005-ի հուլիսին Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը նախարարության դիմումի հիման վրա տարածքն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով հանձնել է ՊՆ-ին: 2014-ի մայիսին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հողամասին հասցե է տրամադրել՝ Մոլդովական 47/7: Իսկ նույն տարվա հունիսին կադաստրը կրկին ՊՆ-ի դիմումով գրանցել է վերջինիս սեփականության իրավունքը հողամասի հանդեպ: 2015-ի սեպտեմբերին էլ ՊՆ-ի դիմումի հիման վրա Երեւանի ավագանին նախ փոխել է հողի նպատակային նշանակությունը՝ հատուկ նշանակություն ունեցողից դարձնելով բնակավայրերի հող, իսկ օրեր անց քաղաքապետ Տ. Մարգարյանը գործառնական նշանակությունը սահմանել է խառը կառուցապատման: 2015-ի հոկտեմբերին ՊՆ-ն ուղղակի վաճառքով հողն օտարել է երեւանցի Սայադ Սահակյանին: Հողամասում սկսել է գործունեություն ծավալել Սահակյանի «ԷսԴիԷմ» ՍՊԸ-ն, որն զբաղվում է հիգիենիկ ու տնտեսական ապրանքների ներկրմամբ եւ վաճառքով:

Այսինքն՝ 2014-2015 թթ.՝ մեկուկես տարում, ՊՆ-ն հաջողացրել է ձեւակերպել իր սեփականության իրավունքը հողի հանդեպ, ապա օտարել այն: Երեւանում գտնվող խառը կառուցապատման հողամասը ՊՆ-ն օտարել է ոչ թե աճուրդով, այլ ուղղակի վաճառքով՝ ընդամենը 38 մլն դրամով կամ 80 հազ. դոլարով: Այսինքն՝ 1 քմ-ն արժեցել է 8144 դրամ:

Երբ ՊՆ աշխատակազմի նախկին ղեկավար Գառնիկ Հայրապետյանին հարցրել էինք, թե ինչու է հողը վաճառվել այդ գնով եւ ուղղակի վաճառքով, նա ասել էր, թե օտարումն իրականացվել է ուղղակի վաճառքի ձեւով, սակայն ոչ թե կադաստրային գնով, այլ շուկայական գնահատման արժեքով: Նկատենք, որ նախկին ավտոպարկի կադաստրային արժեքը 2014-2016 թթ. գնահատվել է 1,6 մլն դրամ: Բայց ծիծաղելի կլիներ, եթե հողը վաճառվեր կադաստրային արժեքով, քանի որ շուկայում ոչ մեկ չի նայում ու գուցե եւ հավատում այդ արժեքին: Հայրապետյանը նաեւ նշել էր, թե 0,5 հա հողամասը ՊՆ-ն օտարել է «դրա հետագա օգտագործման անհրաժեշտության բացակության պատճառով»: 

Հարցն այստեղ հողի օտարման ձեւը, գինն ու ՊՆ-գնորդ կապերն են:

Հողի օտարման ձեւը

Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածը սահմանում է, որ պետական սեփականության հողամասերն օտարվում են սեփականության իրավունքն անհատույց փոխանցելու միջոցով, ուղղակի վաճառքով, աճուրդով, փոխանակությամբ: Օրենսգրքի 66-րդ հոդվածը ներկայացնում է, թե ում կարելի է ուղղակի վաճառքով պետական կամ համայնքային հող օտարել: Գնորդ Սայադ Սահակյանն այդ դրույթի մեջ չի տեղավորվել: Բայց պարզվում է՝ օտարումը կատարվել է օրենսգրքից շատ ավելի ցածր իրաբավանական ուժ ունեցող ակտի՝ կառավարության որոշման հիման վրա: 

Բանն այն է, որ 2005 թ. 147-Ա որոշմամբ Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը պաշտպանության նախարարին լիազորել է տնօրինել ՊՆ-ի տիրապետմանը կամ օգտագործմանը հանձնված (ամրացված), պետական սեփականություն հանդիսացող հողամասերը, այդ թվում՝ ուղղակի վաճառքի ձեւով: Այս որոշումը մինչ օրս գործում է: Սակայն այն չի կարող ավելի բարձր ուժ ունենալ, քան Հողային օրենսգիրքը, որում այս որոշման ընդունման պահին (2005 թ.) արդեն իսկ գործում էին օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգավորումները (ուղղակի վաճառքով պետական կամ համայնքային հող օտարելու սահմանափակումները):

Փաստաբան Գեւորգ Գյոզալյանը «Հետքի» հետ զրույցում ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքին, որ եթե հողը ՊՆ-ին պետք չէր, ինչու, օրինակ, այն չի հանձնվել Երեւան համայնքին, փոխարենը օտարվել է, այն էլ՝ ուղղակի վաճառքով: Նա նաեւ շեշտել էր, որ կառավարության 2005 թ. որոշումը հակասում է Հողային օրենսգրքին: Փաստաբանը խոսել էր նաեւ ՊՆ-ի կողմից եւ միջոցով պետական հողերն օտարելու պրակտիկայի մասին՝ այս թեման համարելով խորքային խնդիր, իսկ գործարքները՝ մութ ոլորտ:

«Հետքի» հոդվածի հիման վրա քրգործ էր հարուցվել ՔՕ 375-րդ հոդվածի 1-ին մասով: Այս դրույթը սահմանում է. «Պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաեւ իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, եւ եթե դրանք էական վնաս են պատճառել, պատժվում են ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով»: Հասկանալի է, որ սա վերաբերում էր ՊՆ պաշտոնյաներին:  

Քրեական գործով նշանակվել էր դատաշինարարատեխնիկական, դատաապրանքագիտական, դատահաշվապահական համալիր փորձաքննություն: Վերջինիս եզրակացության համաձայն՝ Մոլդովական 47/7-ի հողամասի գործառնական եւ նպատակային նշանակությունների փոփոխությունը (այլ կերպ ասած՝ քաղաքապետի եւ ավագանու գործողությունները- հեղ.), ինչպես նաեւ նշված հողատարածքի օտարման գործընթացը (ՊՆ-ի գործողությունը- հեղ.) իրականացվել են ՀՀ օրենսդրությանը համապատասխան (Հողային օրենսգրքի եւ կառավարության որոշման հակասությանը վերեւում անդրադարձանք):

Հողի օտարման գինը

Փորձաքննությամբ նաեւ անհրաժեշտ էր պարզել, թե որքան է եղել հողի իրական շուկայական արժեքը: Եվ պարզվել էր, որ պետությանը պատճառվել է ավելի քան 50 մլն դրամի վնաս: Ահա, թե ինչ էին հայտնել մեզ ՔԿ-ից. «Վերոնշյալ փորձաքննության եզրակացության համաձայն՝ անշարժ գույքի գործակալության կողմից տրամադրված անշարժ գույքի շուկայական գնահատման հաշվետվությամբ ստացված շուկայական արժեքը չի համապատասխանում տվյալ տարածքում եւ ժամանակահատվածում փաստացի վաճառված եւ վաճառահանված բնակավայրերի նշանակության հողամասերի միջին շուկայական արժեքներին, եւ նշված հասցեի բնակավայրերի նշանակության հողամասի հավանական շուկայական արժեքը վաճառքի օրվա դրությամբ կարող էր կազմել շուրջ 89.500.000 դրամ: Այսինքն՝ պետությանը պատճառված հավանական վնասը կազմում է 51.500.000 դրամ»: 

Ստացվում է, որ ՊՆ աշխատակազմի նախկին ղեկավար Գառնիկ Հայրապետյանի կողմից վերեւում հիշատակած եւ ՊՆ-ի պատվիրած շուկայական գնահատումը, որի հիմքով վաճառվել է պետական հողը, ՔԿ-ի հավաստմամբ, իրական պատկերը ցույց չի տվել, եւ դա վնաս է պատճառել պետությանը:   

ՊՆ-գնորդ կապերը

«Հետքի» տեղեկություններով՝ ՊՆ-ն հողմասի շուկայական արժեքի գնահատումը պատվիրել էր Սուրեն Մելքոնյանի անշարժ գույքի գործակալությանը. Մելքոնյանը պաշտպանության նախկին նախարար (2008-2016 թթ.) Սեյրան Օհանյանի փեսայի՝ Ռշտունի Սիմոնյանի մորաքրոջ որդին է:

ՊՆ-ից կես հեկտար հողամասը էժան գնով ձեռք բերած Սայադ Սահակյանի նախկին բիզնես գործընկեր Գագիկ Ավետիսյանն իր հերթին որոշ մանրամասներ էր պատմել «Հետքին»: Ավետիսյանը քրգործում ներգրավված էր իբրեւ վկա: Նա նշել էր, որ եթե գնահատումը կատարած Ս. Մելքոնյանն ու նախարար Օհանյանի փեսա Ռ. Սիմոնյանը բարեկամներ են, ապա վերջինս ու հողը գնած Ս. Սահակյանը հարեւաններ ու գործընկերներ են:

Մինչեւ վկայի կարգավիճակը ստանալը Գագիկ Ավետիսյանը ՀՀ զինդատախազ Վահե Հարությունյանին հայտնել էր. «Սայադ Սահակյանը չէր կարող ՀՀ ՊՆ ավտոպարկի տարածքը շուկայականից մի քանի անգամ ցածր արժեքով եւ ուղղակի վաճառքով ձեռք բերել: Դա կարող էր լինել միայն այն ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի փեսա Ռշտունի Սիմոնյանի շնորհիվ: Կարելի է ասել, որ ուղղակի վաճառքով եւ նման ցածր արժեքով ՊՆ-ն երբեւէ չի օտարել նման տարածք, այն նույնիսկ ենթակա չէր օտարման: Դա կարող էր լինել միայն համատեղ բիզնես գործունեություն իրականացնելու դեպքում, քանի որ այլ իրավիճակում տարածքը չէր ձեւակերպվի Սայադ Սահակյանի անվամբ: Տարածքի եւ բիզնես գործունեության մեջ չէր կարող նշվել Ռ. Սիմոնյանի բաժինը (համաձայն պետռեգիստրի՝ «ԷսԴիԷմ» ՍՊԸ-ի միակ մասնակիցն ու տնօրենը Սայադ Սահակյանն է- հեղ.), քանի որ բոլորը կհասկանային, որ տարածքը նախարար Ս. Օհանյանի կողմից տրվել է քրոջ ընտանիքին. այն կդիտարկվեր որպես փոխկապակցված անձին տրված: Ռ. Սիմոնյանը պարբերաբար այցելել է տարածք, մշտապես որպես Ս. Սահակյանի գործընկեր նրա հետ եղել է կապի մեջ, թեեւ նրանք ամեն կերպ փորձել եւ փորձում են ցույց տալ, որ Ռշտունի Սիմոնյանը կապ չունի բիզնես գործունեության հետ, իբրեւ թե միայն մտերիմներ են»:   

Քննչական կոմիտեից «Հետքին» հայտնել էին, որ Սեյրան Օհանյանի փեսան՝ Ռշտունի Սիմոնյանը, քրգործով հարցաքննվել է որպես վկա: ՔԿ-ին հարցրել էինք նաեւ, թե արդյոք գործով որեւէ կարգավիճակ ունի նախկին նախարարը, սակայն կոնկրետ պատասխան չէինք ստացել:

Փոխարենը ճշտել էինք, որ գործով մեղադրանք է առաջադրվել ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման (ԿՇ եւ ԶԲ) վարչության նախկին (2010-2018 թթ.) պետ Աշոտ Գրիգորյանին, ինչպես նաեւ այդ վարչության բնակավորման բաժնի պետ Արմեն Հակոբյանին: Բանն այն է, որ հողամասի վերաբերյալ գործարքներով զբաղվել է հենց ԿՇ եւ ԶԲ վարչությունը: Գրիգորյանին ու Հակոբյանին մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 309-րդ հոդվածի 3-րդ մասով. «Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից եւ անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ, պատժվում են ազատազրկմամբ՝ 6-10 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով»: 

Այսօր ՔԿ-ն հայտարարեց, որ նրանց հանդեպ քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ գործի վարույթը կարճվել. «Նախաքննության ընթացքում չեն հիմնավորվել ՊՆ համապատասխան պաշտոնատար անձանց (Աշոտ Գրիգորյան, Արմեն Հակոբյան- հեղ.) եւ հողատարածքի շուկայական գնահատումն իրականացրած ՍՊ ընկերության տնօրենի (Սուրեն Մելքոնյան- հեղ.) կողմից նախնական համաձայնության գալու եւ դիտավորությամբ հողատարածքը շուկայականից ցածր գնահատելու հանգամանքները, ուստի որոշումներ են կայացվել ՊՆ համապատասխան պաշտոնատար անձանց եւ գնահատումն իրականացրած ՍՊ ընկերության տնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով»: 

Բայց գործի վարույթը կարճելուց առաջ կատարվել է պատճառված վնասի վերականգնում 33.600.000 դրամի չափով: Ըստ ՔԿ-ի այսօրվա հաղորդագրության՝ հենց այդքան է եղել պետությանը պատճառված ամբողջ վնասը, այնինչ, հիշեցնենք, համալիր փորձաքննությունը հասցված հավանական վնասը գնահատել էր 51.500.000 դրամ: Տարբերությունը 17.900.000 դրամ է (այսօրվա փոխարժեքով՝ 37 հազ. դոլար), ինչը մեծ գումար է: Այս պարագայում հարց է ծագում. ի՞նչ է փոխվել համալիր փորձաքննությունից հետո, երբ 18 մլն-ի «անճշտություն» է առաջացել, եւ ո՞րն է դրա իրական պատճառը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter