HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

10 հազար դրամ տուգանք՝ բացօթյա տարածքում դիմակ չունենալու համար. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

Խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվեց Կառավարության ներկայացրած Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու նախաձեռնությունը, որով առաջարկվում է 10 հազար դրամ տուգանք բացօթյա տարածքում դիմակ չունենալու համար:

Նախագիծը ներկայացրեց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը:

Ըստ նախագծի՝ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Հիմնական զեկուցող Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանի խոսքով՝ առաջարկվում է, որ նախագիծն ուժի մեջ մտնի հրապարակման պահից:

«Այժմ մեկուսացման ու ինքնամեկուսացման պայմանները խախտելու համար պատասխանատվություն է սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 100-ապատիկից մինչև 250-ապատիկի չափով, սական ներկայում գործում են ազատ տեղաշարժման որոշակի սահմանափակումներ, որոնք համադրելի չեն մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման հետ: Դրա համար ավելի մեղմ պատժաչափ է սահմանվել՝ 10 հազար դրամի չափով՝ ազատ տեղաշարժման պայմանները խախտելու համար»,- ասաց փոխնախարարը:

Դանիելյանի խոսքով՝ պարետի որոշման պահանջները խախտելու համար գործող օրենքով տուգանքը 100 հազարից 250 հազար է, հիմա առաջարկվում է սահմանել 10 հազար դրամ:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց, թե ինչու փակ տարածքում դիմակ չկրելու համար տուգանք չի սահմանվում, այլ սահմանվում է բաց տարածքում դիմակ չունենալու համար:

Փոխնախարարն արձագանքեց՝ պարետի՝ մայիսի 14-ի որոշմամբ է սահմանվել բաց տարածքներում դիմակի առկայությունը: Ինչ վերաբերում է փակ տարածքում դիմակ կրելու պահանջին, փոխնախարարն արձագանքեց.

«Գործող օրենքը նման պատասխանատվություն սահմանում է տնտեսվարող սուբյեկտների համար պատասխանատվության միջոց՝ 100 հազարից 300 հազար դրամ, տնտեսվարողներն են պատասխանատվության ենթարկվում»:

Փոխնախարարի խոսքով՝ բաց տարածքներում ձեռնոց կրելու պահանջ չկա, դիմակ ունենալու պահանջ կա, որպեսզի փակ տարածք մտնելիս դիմակ լինի քաղաքացու մոտ:

ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց դիմակի գներից՝ ասելով, թե որքան է համադրելի մարդկանց եկամուտների հետ դիմակների գները: Փոխնախարարն արձագանքեց՝ դիմակի ինքնարժեքը կապ չունի նախագծի հետ:

«Մենք 100 հազարից 250 հազար  տուգանքը նվազեցնում ենք՝ դարձնելով 10 հազար դրամ»,- ասաց Դանիելյանը՝ հավելելով, որ դիմակի ինքնարժեքը պայմանավորված է պահանջարկով:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն էլ հարցրեց, թե կարիք չկա արդյոք չեղարկել նախկին տուգանքները, քանի որ շատերի չիմացության պատճառով է այն եղել: Վահե Դանիելյանն արձագանքեց, որ տուգանքի չեղարկումը կարող է բացասական հետևանք ունենալ այն տեսանկյունից, որ քաղաքացիները հետագայում հակված չեն լինի կանոնները պահպանել:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն էլ խնդրեց հստակեցնել, որ ինքնաշեն դիմակները ևս կարող են համարվել դիմակ: Փոխնախարարը դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ բաց տարածքում այն պետք չէ կրել, պարզապես պետք է ունենալ:

Փոխնախարարի խոսքով՝ ոստիկանությունն է վարչական վարույթ իրականացնելու:

«Շատ կարևոր է նաև այն, որ աjդ պահին քաղաքացին ունենա անձը հաստատող փաստաթուղթ արձանագրություն կազմելու համար»,- ասաց նա:

Նախագիծը ներկայացվեց քվեարկության և առաջին ընթերցմամբ ընդունվեց 92 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Խորհրդարանն այսօր կրկին նիստ է գումարելու՝ նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter