HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմավիրի մարզի Արաքս գյուղն ու հարակից 2 համայնքը գազիֆիկացված չեն

Արմավիրի մարզի Արաքս գյուղն ու հարակից 2 համայնքը՝ Հայկաշենն ու Մեծամորը, գազիֆիկացված չեն։ Արաքս համայնքի ղեկավար Վարդան Գրիգորյանը ասում է, որ դիմել են Կառավարություն, «Գազպրոմ Արմենիա», բայց գազիֆիկացման համար աջակցություն չեն ստացել:

«Կառավարությունից պատասխանել են, որ գազիֆիկացված համայնքներ են եղել, որոնք գազը չեն սպառել, չեն վառել, գազի ինքնարժեքը բարձրացել է, դրա համար մենք գազ չենք քաշի, որ մենակ սուրճ եփեք, բայց հարցը միայն սուրճ եփելը չի, գյուղում ջերմոցներ կան, որոնք ջեռուցելու դեպքում, ավելի շատ արդյունք կունենայինք»,- ասում է համայնքի ղեկավարը։

Գրիգորյանը նշում է, որ 3 գյուղը գազիֆիկացնելու համար 1 մլրդ 200 մլն դրամ է անհրաժեշտ։ Գյուղապետն ասում է, որ համայնքը չունի բավարար միջոցներ սեփական ուժերով այդ գործընթացն իրականացնելու համար, անգամ սուբվենցիոն ծրագրի հայտ ներկայացնելու դեպքում, համայնքը պիտի վճարի պահանջվող գումարի 40 %-ը, որի համար բավարար միջոցներ չկան, դիմել են նաև Արմավիրի մարզպետարան, հարցը քննարկվել է նաև մարզպետի հետ, բայց նման չափի  գումար մարզպետարանն էլ չի կարող տրամադրել։

Գյուղում ձմռանը փայտով են ջեռուցում բնակարանները, իսկ կենցաղային օգտագործման համար գնում են հեղուկ գազ, մի մասն էլ օգտվում է արևային էներգիայի տաքացուցիչներից, բայց արևային էներգիան բավարար չի լինում բնակարանները ձմռանը ջեռուցելու համար։

«Փայտի գինը բարձրացել է, հիմա 1 քառակուսի մետրի համար 50.000 դրամ ենք վճարում, համայնքում կա մոտ 300 տնտեսություն, ամեն մեկը մոտավոր հաշվարկով օգտագործում է 15 խորանարդ մետր փայտ, ընդհանուր գյուղն օգտագործում է 5700 խորանարդ մետր փայտ։ Ստացվում է, որ անկախ մեր կամքից ծառահատումներ ենք անում, վնասում ենք բնությունը»,- ասում է համայնքի ղեկավար Գրիգորյանը։

Համայնքի ղեկավարի կարծիքով՝ հարցը պետք է քննարկվի Կառավարության մակարդակով «Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ժամանակ դիմել են վերջինիս, նախորդ տարի դիմել ենք նաև Նիկոլ Փաշինյանին, արձագանք չենք ստացել»,- ասում է նա։

«Գազպրոմ Արմենիան» նախորդ տարի առաջարկել է գտնել ներդրողների, որոնք սեփական միջոցներով կգազիֆիկացնեն համայնքը։

«Մեզ ասել են ներդրող գտեք, մենք վառած գազի տոկոսային հարաբերությամբ գումարը հետ կտանք, բայց 1 մլրդ 200 մլն դրամի ներդրում անող որտեղի՞ց գտնենք»,- ասում է Գրիգորյանը։

տես նաեւ՝ 

Արմավիրի մարզի Արաքս գյուղում Սևջուր գետը հունից դուրս է եկել, վնասել գյուղի ջերմոցները

Արմավիրի մարզի Արաքս գյուղում արտակարգ դրության օրերին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter