HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էջմիածնի բժշկական կենտրոնը լիզինգով նոր ռենտգեն սարք ձեռք կբերի

Էջմիածնի բժշկական կենտրոնում (պոլիկլինիկա) դեռ շարունակում են օգտագործել Մեծամորի հիվանդանոցից բերված շարժական ռենտգեն սարքը: Սակայն Արմավիրի մարզպետարանի, պատգամավորների կապերով, նմանատիպ շարժական սարք վերջերս նվեր են ստացել նաև ԱՄՆ-ում ապրող հայ գործարարներից: Սարքն այժմ Էջմիածնի հիվանդանոցում է և անհրաժեշտության դեպքում սպասարկում է նաև պոլիկլինիկայի պացիենտներին:

Հիշեցնենք, որ «Հետք»-ը դեռ մարտ ամսին հոդված էր հրապարակել՝ տեղեկացնելով, որ այդ ժամանակ կորոնավիրուսով վարակման էպիկենտրոնը դարձած Էջմիածնի ԲԿ-ում մոտ 15 օր չէր աշխատում թոքերի ռենտգեն սարքը: Մինչդեռ սարքն այդ պահին ավելի քան անհրաժեշտ էր՝ թոքերում կասկածելի օջախները հայտնաբերելու և դրա հիման վրա մասնագիտացված հիվանդանոց ուղեգրելու համար:

Մեր հրապարակման հաջորդ օրը Արմավիրի մարզպետարանի միջամտությամբ Մեծամորի բժշկական կենտրոնից շարժական ռենտգեն սարքը տեղափոխվել է Էջմիածնի բժշկական կենտրոն:

Արմավիրի մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վարդան Վարդազարյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ վերջին մեկ տարվա կատարված աշխատանքների շնորհիվ Էջմիածնի բժշկական կենտրոնում դրամական խնայողություններ կան, և ցանկանում են նոր ռենտգեն սարք գնել:

«Գրագրության մեջ էինք բանկերի հետ, կփորձենք մեր ուժերով, լիզինգի պայմանագրով, նոր ստացիոնար ռենտգեն սարք ձեռք բերել Էջմիածնի բժշկական կենտրոնի համար: Գործընթացն արդեն մեկնարկել է, մրցույթը հայտարարված է»,- ասում է Վարդան Վարդազարյանը:

Նրա խոսքերով՝ մրցույթի արդյունքներից հետո արդեն քննարկումներ կլինեն բանկերի հետ և լիզինգի պայմանագրով, ժամանակացույցի համաձայն, բժշկական կենտրոնը կմարի ձեռք բերվող սարքի գումարը:

Վարդան Վարդազարյանը նշեց, որ նոր ձեռք բերվող սարքը լինելու է ավելի մեծ, թե չափերով, թե ֆունկցիոնալ հնարավորություններով:

Մեծամորի բժշկական կենտրոնի շարժական ռենտգեն սարքը մինչև նորի ձեռք բերելը կմնա Էջմիածնում, որպեսզի զորակոչով պայմանավորված ծանրաբեռնվածությունը մեղմվի:

Վարդան Վարդազարյանը նշեց, որ, թե՛ Էջմիածնի հիվանդանոցը, թե՛ բժշկական կենտրոնը, միմյանց աջակցելով, կարողանում են սպասարկել բոլոր պացիենտներին և այդ առումով որևէ խնդիր չկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter