HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Ավիակոմպանիա Արմենիան» հատուկ չվերթ կիրականացնի դեպի Լիոն. EASA-ի սահմանափակումը դրա վրա չի տարածվում

Հայկական ավիափոխադրող «Ավիակոմպանիա Արմենիան» հայտարարել է, որ հունիսի 2-ին իրականացնելու է հատուկ չվերթ Երեւան-Լիոն-Երեւան ուղղությամբ: Ըստ ընկերության՝ Երեւան-Լիոն չվերթից կարող են օգտվել Ֆրանսիայի քաղաքացիություն ունեցող եւ այդ երկրում կացության իրավունք ունեցող քաղաքացիները, իսկ Լիոն-Երեւան չվերթից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիություն, Հայաստանում օրինական բնակության իրավունք ունեցող եւ Հայաստանի քաղաքացու ընտանիքի անդամ հանդիսացող քաղաքացիները: 

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին նախատեսված է «Արմենիայի» եւս մեկ հատուկ չվերթ՝ Երեւան-Մինելանիե Վոդի-Երեւան ուղղությամբ: Թե՛ Լիոնը, թե՛ Մին. Վոդին հայկական ավիաընկերության կանոնավոր թռիչքների ուղղություններ են, սակայն օպերատորը մայիսի 26-ին հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով մինչեւ հունիսի 13-ը չի իրականացնի թռիչքներ Երեւան-Լիոն-Երեւան, Երեւան-Թել Ավիվ-Երեւան, Երեւան-Վորոնեժ-Երեւան, Երեւան-Մին. Վոդի-Երեւան ուղղություններով: Երեւան-Թբիլիսի-Երեւան կանոնավոր չվերթներն էլ հետաձգվում են մինչեւ հունիսի 30-ը:   

Կորոնավիրուսով պայմանավորված մեր երկրում արտակարգ դրություն հայտարարելուց հետո «Արմենիան» իրականացրել է մի շարք հատուկ թռիչքներ: Դեպի Լիոն եւ Մին. Վոդի չվերթները դրանցից հերթականն են: 

Սակայն Երեւան-Լիոն-Երեւան չվերթը հատկապես հետաքրքիր է այն պատճառով, որ տարեսկզբին «Ավիակոմպանիա Արմենիան» եւ տեղական «Atlantis European Airways»-ը ժամանակավորապես զրկվել են դեպի ԵՄ տարածք թռիչքներ իրականացնելու հնարավորությունից, այլ կերպ ասած՝ ԵՄ-ում ունեցած երրորդ երկրի օպերատորի (TCO) կարգավիճակից: Բայց ամեն ինչ սկսվել էր ոչ թե այս փոխադրողներից, այլ ՀՀ քաղավիացիայի կոմիտեում EASA-ի (Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալություն) հայտնաբերած թերություններից, որոնք կասկածի տակ դրեցին հայկական գրանցում ունեցող օդանավերի անվտանգությունը: Թե ինչպիսի վերջանական որոշում կլինի ԵՄ-ի կողմից ՔԱԿ-ի եւ հայկական օպերատորների վերաբերյալ, պարզ կլինի շուտով: 

ՔԱԿ-ն այս ամիս հայտնեց, որ մայիսի 12-ին տեղի է ունեցել առցանց քննարկում, որի ժամանակ կոմիտեի եւ հայկական 6 ավիաընկերությունների կողմից եվրոպացի գործընկերներին ցուցադրվել են թռիչքային անվտանգության ապահովման հետ կապված շնորհանդեսներ: Միաժամանակ կոմիտեն հորդորել է EASA-ին վերանայել դեպի ԵՄ օդային տարածք թռիչքներ կատարող վերոնշյալ 2 հայկական ընկերությունների մասին որոշումը եւ հնարավորություն տալ փոխադրողներին տրամադրելու անվտանգության մակարդակը հավաստող լրացուցիչ ապացույցներ: Ըստ ՔԱԿ-ի՝ եվրոպական կողմի վերջնական զեկույցը նախատեսվում է կոմիտեին տրամադրել այս ամսվա վերջին:  

Այդուհանդերձ, TCO կարգավիճակի կասեցումը չի տարածվում բժշկական նպատակով (հիվանդի տեղափոխության), ինչպես նաեւ մարդասիրական առաքելությամբ կամ փրկարարական նպատակներով իրականացվող ոչ կանոնավոր (չարտերային) թռիչքների վրա, որոնց իրականացումը բխում է հանրային շահից: 

Հիշեցնենք, որ այդպիսի հատուկ չվերթ մարտի 15-ի, լույս 16-ի գիշերը իրականացրեց «Atlantis European Airways»-ը՝ Հռոմից Երեւան տարհանելով Իտալիայում մնացած մեր մի խումբ հայրենակիցների: Այս տրամաբանության մեջ է տեղավորվում նաեւ «Ավիակոմպանիա Արմենիայի» Երեւան-Լիոն-Երեւան առաջիկա չվերթը:       

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter