HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայկական քաղավիացիան, անվտանգությունն ու եվրոպացիները

Հայաստանի՝ ԵՄ ավիացիոն «սեւ ցուցակում» հայտնվելու մասին խոսակցություններն արդեն մի քանի օր չեն հանդարտվում: Կրքերն էլ գնալով թեժանում են, մի հատված պաշտպանում է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանին, մյուս մասը՝ ստեղծված իրավիճակի պատճառով բուռն քննադատում նրան եւ կոմիտեին:

Հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում, նախ պետք է հասկանալ, թե ինչի մասին է խոսքը: Շեշտենք, որ թեման նոր չէ, եւ ամեն ինչ սկսվել է նախորդ տարի: Որպեսզի տարակարծություններ չլինեն, այս նյութում կներկայացնենք Եվրամիության պաշտոնական տեղեկագրում (Official Journal of the EU) առկա ինֆորմացիան տեղի ունեցածի վերաբերյալ:

Նախ ասենք, որ Եվրամիության օդային տարածքում թռիչքներ իրականացնելու համար երրորդ երկրների ավիաընկերությունները պետք է համապատասխանեն, այսպես ասած, եվրոպական ստանդարտներին: Այդ նպատակով Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունը՝ EASA-ն, ուսումնասիրություն է իրականացնում հայտ ներկայացրած ավիաընկերություններում, եւ ըստ այդմ ընդունվում կամ արգելվում է («սեւ ցուցակ» են ներառվում) դրանց մուտքը ԵՄ երկինք: «Սեւ ցուցակը», որը պաշտոնապես կոչվում է «EU Air Safety List» կամ ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակ, բաղկացած է 2 հավելվածից: «A» հավելվածում այն ավիաընկերություններն են, որոնց գործունեությունը ԵՄ երկնքում ամբողջությամբ արգելված է, իսկ «B»-ում՝ նրանք, որոնց կոնկրետ օդանավերի մուտքն է արգելված:

Ներկայում 15 երկրների բոլոր ավիաընկերությունների մուտքը ԵՄ օդային տարածք արգելված է: Դրանք են Աֆղանստանը, Անգոլան (բացառություն է անգոլական 2 ավիաընկերություն, որոնք կարող են մտնել ԵՄ երկինք), Կոնգոյի Հանրապետությունը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Ջիբութին, Հասարակածային Գվինեան, Էրիթրեան, Ղրղըզստանը, Լիբերիան, Լիբիան, Մոլդովան (բացառությամբ 3 ավիաընկերության), Նեպալը, Սան Տոմե եւ Պրինսիպին, Սիեռա Լեոնեն, Սուդանը: 

«Սեւ ցուցակին» կարող եք ծանոթանալ այստեղ: Միանգամից ասենք, որ դրանում այս պահին որեւէ հայկական ավիաընկերություն չկա: Ցուցակը պարբերաբար թարմացնում է Եվրահանձնաժողովը (ԵՄ գործադիր մարմին)՝ հիմնվելով ԵՄ թռիչքային անվտանգության կոմիտեի (EU Air Safety Committee, ASC) մասնագետների կարծիքի վրա: Այս կոմիտեն գլխավորում է հենց Եվրահանձնաժողովը, վերջինիս էլ աջակցում է EASA-ն:  

Անցյալ տարի, համաձայն ԵՄ տեղեկագրի, Հայաստանից 2 ավիաընկերություն էր դիմել ԵՄ-ի կողմից TCO՝ երրորդ երկրի օպերատոր (Third Country Operator) ճանաչվելու համար, այլ կերպ ասած՝ այս ընկերությունները ցանկացել են թռիչքներ իրականացնել ԵՄ երկնքում: Դրանք են «Տարոն-Ավիան» եւ «Atlantis European Airways»-ը: ԵՄ-ն նաեւ նշում է, որ երբեւէ հայկական որեւէ ավիաընկերություն «սեւ ցուցակի» «A» հավելվածում ընդգրկված չի եղել:  

Հայկական այս ավիաընկերություններին TCO ճանաչելու գործընթացի շրջանակներում EASA-ն 2019 թ. հուլիսին այցելել է թե՛ նրանց, թե՛ ՀՀ քաղավիացիայի կոմիտե: Ահա թե ինչ ենք կարդում տեղեկագրում. «Այցից հետո EASA-ն եկել է եզրահանգման, որ ՔԱԿ-ն այս փոխադրողների շահագործման հատուկ դրույթները (Operations Specifications) թարմացնելիս պարբերաբար չի հետեւել սերտիֆիկացման գործընթացին: Ավելին՝ ՔԱԿ-ը չի կարողացել երաշխիքներ ներկայացնել առ այն, որ պարբերաբար գնահատում է իր կողմից սերտիֆիկացված ավիաընկերությունների թռիչքային անվտանգության կառավարման, թռիչքային պիտանիության համակարգերը եւ տեխնիկական ծառայություն մատուցող ընկերություններին: Բացի դրանից՝ ՔԱԿ-ը չի կարողացել պարզել ավիափոխադրողների էական անհամապատասխանությունը անվտանգության միջազգային ստանդարտներին»:

Այսինքն՝ EASA-ն թերություններ է գտել նաեւ կոմիտեում, ինչը ներկայում փորձում են հերքել ոմանք: Բայց հարկ է շեշտել մի կարեւոր հանգամանք. խոսքը ՔԱԿ-ին լիցենզիայից զրկելու մասին չէ ու չի էլ կարող լինել, քանի որ հայկական պետական մարմինը ոչ մեկի կողմից լիցենզիա չի ստանում, հետեւաբար չի էլ զրկվում, այլ հարց է, որ կոմիտեի գործունեության մեջ առկա թերությունների պատճառով ՀՀ գրանցում կրող օդանավերի մուտքը կարող է արգելվել ԵՄ տարածքում:

ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունից, որը տարածվել էր այս տարվա հունվարին, պարզ է դառնում, որ EASA-ի աուդիտորները հայտնաբերել էին 15 խախտում, որոնցից 5-ը, համաձայն միջազգային թռիչքային կանոնների, ուղիղ վտանգ են ներկայացրել թռիչքային անվտանգության համար:

«Այս արդյունքները 15.07.2019 թ. պաշտոնական գրությամբ ուղարկվել են ՔԱԿ-ի էլեկտրոնային փոստին, սակայն կոմիտեի համապատասխան աշխատակիցները, խախտելով ներքին գործավարության կարգով սահմանված պահանջները, այն չեն մուտքագրել «Mulberry» էլեկտրոնային համակարգ, դրանց համապատասխան ընթացք չեն տվել: Իսկ կոմիտեի նախագահին զեկուցվել է, որ աուդիտի մասով առանձնահատուկ խնդիրներ առկա չեն եղել,- հայտնել է դատախազությունը՝ շարունակելով,- արդյունքում միջազգային կազմակերպությունում կասկածի տակ է դրվել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հեղինակությունը, մասնավորապես՝ կոմիտեի կողմից իր գործառույթների պատշաճ կատարման հանգամանքը, վտանգ է ստեղծվել, որ առհասարակ արգելվեն ՀՀ-ում գրանցված օդանավերի թռիչքները ԵՄ տարածքում»:

Համեմատելով EASA-ի ուսումնասիրությամբ հայտնաբերված խախտումներն ու նախկինում ՔԱԿ-ի կազմած փաստաթղթերը՝ դատախազությունը նշել է, որ 2016-2019 թթ. ՔԱԿ-ի իրականացրած տեսչական ստուգումների եւ ուսումնասիրությունների ժամանակ ոչ միայն չեն հայտնաբերվել EASA-ի արձանագրած խախտումները, այլեւ մի շարք դեպքերում համապատասխան ստուգաթերթերում տեղեկություններ են ներառվել առ այն, որ դրանք, այդ թվում՝ թռիչքային անվտանգության վերաբերյալ, համապատասխանում են սահմանված չափորոշիչներին եւ պահանջներին: Սրա հետեւանքով ընկերությունը (ԳԴ-ն, ըստ էության, նկատի ունի «Տարոն-Ավիային») շարունակել է իր գործունեությունը՝ անվտանգության վրա ուղղակի ազդեցություն ունեցող խախտումներով:

«Այսինքն՝ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից 2016-2019 թթ. պաշտոնական փաստաթղթերում՝ տեսչական ստուգումների վերաբերյալ փաստաթղթերում, համապատասխան ստուգաթերթերում իրականությանը չհամապատախանող, ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ են մտցվել, կեղծ փաստաթղթեր կազմվել»,- եզրահանգել է գլխավոր դատախազությունը՝ հավելելով, որ փաստի առթիվ հարուցվել է քրգործ ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ «Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով (200.000-500.000 դրամ), կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով»:

Ինչպես արդեն գրել ենք, EASA-ի ուսումնասիրություններից հետո ՔԱԿ-ի մասնագետներն իրենք են 2019-ի օգոստոս-հոկտեմբեր ժամանակահատվածում ստուգումներ իրականացրել «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ում, ինչի հիման վրա ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականի (ՕՇՎ) գործողությունը կասեցվել է 6 ամսով մինչեւ թերությունների վերացումը:

ԵՄ տեղեկագրում կարդում ենք, որ EASA-ի այցից ու եզրահանգումներից հետո Եվրահանձնաժողովը 2019 թ. հոկտեմբերի 11-ին ՔԱԿ-ին նամակով տեղեկացրել է վերը նշված հայկական 2 ավիաընկերությունների անվտանգային խնդիրների մասին եւ հրավիրել ՔԱԿ-ին ու «Տարոն-Ավիային» մասնակցելու ԵՄ թռիչքային անվտանգության կոմիտեի լսմանը: Նշենք, որ ավելի ուշ, անդրադառնալով EASA-ի ուսումնասիրություներին, ՔԱԿ նախագահ Տաթեւիկ Ռեւազյանն ասել էր, թե հայկական ընկերություններից «Ավիակոմպանիա Արմենիան» անցել է աուդիտը (վերջինիս մասին որեւէ խոսք ԵՄ տեղեկագրում չկա), «Atlantis European Airways»-ն անցել է, բայց խնդիրներով, իսկ «Տարոն-Ավիան» չի անցել, ու բացահայտվել են շատ լուրջ խնդիրներ, որոնք ուղիղ ազդել են թռիչքային անվտանգության վրա:

Նկատենք, որ նոյեմբերի 5-ին ՔԱԿ-ը դադարեցրեց «Տարոն-Ավիայի» ՕՇՎ-ի գործողությունը՝ հաշվի առնելով, որ դրա կասեցումից հետո ընկերությունը որոշել էր թերությունները վերացնելու փոխարեն ուղղակի դադարեցնել գործունեությունը: «Տարոն-Ավիան» հետագայում պարզաբանել է, թե ինչու է դիմել այս քայլին՝ մասնավորապես անդրադառնալով TCO դառնալու հայտին:

«Հայտին կից ներկայացվել են ավիաընկերության գործունեությանը վերաբերող մի շարք փաստաթղթեր, որոնց մեջ մարդկային գործոնի (ավիաընկերությունում նշված գործընթացը համակարգող համապատասխան աշխատակցի թույլ տված շատ կոպիտ սխալի) արդյունքում EASA հանձնաժողովի ուսումնասիրությանն են ներկայացվել թռիչքների անվտանգությունը ոչ ճիշտ բնութագրող փաստաթղթեր,- անցյալ տարվա դեկտեմբերին հայտարարել էր «Տարոն-Ավիան»,- այդ նպատակով այս տարվա (2019 թ.) հուլիսին ստուգումներ են իրականացվել հայկական ավիաընկերությունում, որի ընթացքում արձանագրվել են հենց այդ մարդկային գործոնի հետեւանքով ի հայտ եկած «թերությունները»։ Այդուհանդերձ, EASA-ի կողմից «Տարոն-Ավիա» ՍՊԸ ավիաընկերությանը տրվել էր 6-ամսյա ժամկետ՝ հայտնաբերված «թերությունները» վերացնելու համար: Այսինքն՝ ավիաընկերությունը պետք է հանձնաժողովի քննարկմանը ներկայացներ իրականում գոյություն չունեցող «խախտումների» պատճառները, դրանց վերացմանն ուղղված եւ հետագայում նմանատիպ սխալների կանխարգելման քայլերը։ Սակայն մենք, անհանգստանալով եւ մտավախություն ունենալով, որ այդուհանդերձ կարող ենք հայտնվել ԵՄ այսպես կոչված «սեւ ցուցակում», որը կարող է լուրջ «հարված» հասցնել ՀՀ պետականության, Հայաստանի քաղավիացիայի միջազգային հեղինակության վրա, ՀՀ ՔԱ կոմիտեի ղեկավարության հետ համատեղ քննարկման եւ բանակցությունների արդյունքում կայացրեցինք մեզ համար չափազանց դժվարին (հաշվի առնելով այդքան տարիների անթերի գործունեությունը), բայց մեր համոզմամբ «միակ» ճիշտ տարբերակը՝ դադարեցնել «Տարոն-Ավիա» ավիաընկերության հետագա գործունեությունը... Եվ վերջում ուզում ենք հավելել, որ «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը միշտ էլ տվել է առաջնահերթություն եւ շատ բարձր է գնահատել թռիչքների անվտանգությունը եւ իր ողջ գործունեության ընթացքում միշտ ղեկավարվել է այն բարձր մակարդակի վրա պահելու սկզբունքով։ Մեր կողմից շահագործվող օդանավերը միշտ եղել են տեխնիկապես սարքին (ժամանակին անց են կացվել բոլոր անհրաժեշտ տեխնիկական սպասարկման աշխատանքները), թռիչքների համար պիտանի վիճակում, որի ամենամեծ վկայությունն է նաեւ այն, որ «Տարոն-Ավիա» ավիաընկերության քաղաքացիական օդանավեր շահագործելու ընթացքում չի գրանցվել եւ ՈՉ ՄԻ ավիացիոն ՊԱՏԱՀԱՐ եւ ԼՈՒՐՋ ՄԻՋԱԴԵՊ (Aviation accidents and incidents)»:

2019 թ. նոյեմբերի 7-ին Բրյուսելում տեխնիկական քննարկում է տեղի ունեցել ԵՄ թռիչքային անվտանգության կոմիտեի, EASA-ի ու ՀՀ ՔԱԿ-ի միջեւ: Ըստ ԵՄ-ի՝ հանդիպմանը հայկական կողմն ինֆորմացիա է տրամադրել իր տեսչական գործունեության մասին, այդ թվում՝ վերակազմակերպման ծրագրերի, տեխնիկական անձնակազմի հավաքագրման եւ ուսուցման, ինչպես նաեւ տեսչական գործառույթների բարելավման վերաբերյալ: ՔԱԿ-ը ԵՄ թռիչքային անվտանգության կոմիտեին նաեւ իրազեկել է, որ դադարեցրել է «Տարոն-Ավիայի» ՕՇՎ-ի գործողությունը: Հավաքագրված ինֆորմացիայի հիման վրա Եվրահանձնաժողովը գտել է, որ ՔԱԿ-ը պետք է շարունակի զարգացնել ավիափոխադրողների վերահսկման իր կարողությունները:     

Նոյեմբերի 20-ին կայացել է ԵՄ թռիչքային անվտանգության կոմիտեի (ASC) լսումը, որին հրավիրված էր ՔԱԿ-ը: Հաշվի առնելով, որ «Տարոն-Ավիան» արդեն դադարեցրել էր գործունեությունը, նրան այլեւս չեն հրավիրել: «Լսման ընթացքում ՔԱԿ-ը ներկայացրել է կազմակերպական եւ կառուցվածքային ընդհանուր տեղեկություններ իր վերաբերյալ, այդ թվում՝ մանրամասն ինֆորմացիա թռիչքային պիտանիության (այս վարչությունն է իրականացնում թռիչքային անվտանգության վերահսկողությունը մեր երկրում – հեղ.) եւ թռիչքային գործունեության վարչությունների աշխատուժի մասին: ՔԱԿ-ը մանրամասներ է հաղորդել այն գործողությունների մասին, որոնք կիրառվել են ՀՀ-ում գրանցված մի շարք ավիափոխադրողների հանդեպ, ինչպես նաեւ տեսուչների ուսուցման եւ հետագա զարգացումների, այդ թվում՝ նոր տեսուչների հավաքագրման վերաբերյալ: ASC-ն ընդգծել է իր ակնկալիքն առ այն, որ ինչպես բոլոր քաղավիացիոն իշխանությունները, ՀՀ ՔԱԿ-ը եւս պետք է ՕՇՎ-ներ տրամադրի եւ իր ռեգիստրում օդանավեր գրանցի միայն այն դեպքում, երբ նրանց հանդեպ վերահսկողություն իրականացնելու ամբողջական հնարավորություն կունենա»,- ասվում է ԵՄ տեղեկագրում:

Հանդիպման արդյունքում ԵՄ թռիչքային անվտանգության կոմիտեն մտադրություն է հայտնել EASA-ի եւ ԵՄ անդամ պետությունների հետ համագործակցությամբ այցելել Հայաստան՝ ստուգելու, թե արդյոք ՔԱԿ-ը ավիափոխադրողների սերտիֆիկացումն ու վերահսկողությունն իրականացնում է անվտանգության միջազգային ստանդարտներին համապատասխան: «Այս գնահատողական այցը կենտրոնանալու է ՔԱԿ-ի եւ ընտրված հայկական փոխադրողների վրա»,- նշվել է ԵՄ տեղեկագրում 2019-ի դեկտեմբերին:

ASC-ն նաեւ կարեւոր շեշտադրում է արել. «Չնայած հայտնաբերված տարբեր թերություններ շտկումներ են պահանջում, դրանք այնպիսի բնույթ չեն կրում, որով արդարացված կլիներ Հայաստանի բոլոր ավիափոխադրողների ներառումը «A» հավելվածում: Ելնելով ներկայում առկա ինֆորմացիայից եւ համաձայն ընդհանուր չափորոշիչների՝ կոմիտեն գտնում է, որ այս փուլում Հայաստանի ավիափոխադրողներին ԵՄ արգելափակման ցուցակում ընդգրկելու հիմք չկա... Եթե ինչ-որ տեղեկություններ ցույց տան, որ միջազգային ստանդարտներին հակասելու հետեւանքով անխուսափելի անվտանգային ռիսկեր կան, ապա Եվրահանձնաժողովը կարող է ստիպված լինել ձեռնարկել համապատասխան գործողություններ»: Այսինքն՝ ԵՄ թռիչքային անվտանգության կոմիտեն գտել է, որ հայկական քաղավիացիայում գոնե առայժմ ծայրահեղ վատ վիճակ չէ:

Ինչպես արդեն գրել ենք, 2019 թ. դեկտեմբերի 9-ին Եվրահանձնաժողովը հայտնել էր, որ ՀՀ ՔԱԿ-ի հանդեպ սահմանվել է խիստ հսկողություն՝ պայմանավորված մեր երկրում քաղավիացիայի անվտանգության ապահովման թուլացման նշաններով: Հատկանշական է, որ այս պայմաններում՝ այս տարվա փետրվարի 1-ին, ՔԱԿ-ը կասեցրել է աֆրիկական երկրներում իր գործունեությամբ հայտնի «Մարս Ավիա» ավիաընկերության ՕՇՎ-ի գործողությունը՝ ընկերությանը 3 ամիս ժամանակ տալով թերությունները շտկելու համար: Այս փաստը ՔԱԿ նախագահ Տ. Ռեւազյանը երեկ «Առաջին ալիքին» տված հարցազրույցում ներկայացրեց իբրեւ ձեռքբերում:

Վերը նշված գնահատողական այցը Հայաստան EASA-ի եւ ԵՄ մասնագետները կատարել են այս տարվա փետրվարի 3-7-ը: Ըստ ՔԱԿ-ի երեկ տարածած հաղորդագրության՝ գնահատվել են կոմիտեն ու հայկական 2 ավիաընկերություն, որոնց անունները չեն նշվում: Մարտի 6-ին ՔԱԿ-ն ու փոխադրողները ստացել են EASA-ի նախնական գնահատման արդյունքները, որի վերաբերյալ, ըստ հաղորդագրության, ապրիլի 6-ին կոմիտեն ուղարկելու է իր կարծիքը՝ զեկույցը վերջնական տեսքի բերելու համար: Դրանից հետո՝ մայիսի 12-14-ը, նախատեսված է ԵՄ թռիչքային անվտանգության կոմիտեի եւս մեկ լսում, որտեղ ներկայացվելու են EASA-ի դիտարկումներն ու հրավիրյալ ՔԱԿ-ի պարզաբանումները:

Սակայն քաղավիացիայի կոմիտեի երեկվա հաղորդագրության մեջ կարծես դժկամորեն, բայց ստիպված խոստովանվում է, որ հայկական 2 ավիաընկերություն ժամանակավորապես զրկվել են ԵՄ տարածքում TCO-ի կարգավիճակից: Դատելով, թե որ ավիաընկերությունների օդանավերն են վերջին շրջանում եվրոպական ուղղությամբ թռիչքներ կատարել՝ կարող ենք ասել, որ խոսքը «Atlantis European Airways»-ի եւ «Ավիակոմպանիա Արմենիայի» մասին է:

Եթե առաջինի օդանավերը արտասահմանյան (հիմնականում մոլդովական) ընկերություններն էին վարձակալությամբ շահագործում եվրոպական ուղղությունների վրա, ապա «Արմենիան» մինչեւ կորոնավիրուսի տարածումը իրականացնում էր Երեւան-Լիոն-Երեւան կանոնավոր թռիչքներ (ամառային տուրիստական սեզոնին էլ՝ չարտերային չվերթներ դեպի տարբեր հանգստավայրեր): Ընդ որում՝ Տ. Ռեւազյանը երեկ «Առաջին ալիքին» հայտնել է, որ TCO-ի կարգավիճակի կասեցումը չի վերաբերում հատուկ չվերթներին, ինչպիսին մարտի 15-ի, լույս 16-ի գիշերը իրականացրեց «Atlantis»-ը՝ Հռոմից Երեւան տարհանելով Իտալիայում մնացած մեր մի խումբ հայրենակիցների:   

Ռեւազյանը նաեւ զարմանք հայտնեց, թե ինչու է եվրոպական կողմը գնացել այդ քայլին, քանի դեռ ՔԱԿ-ը չի ուղարկել իր դիտարկումներն ու չի կայացել ASC-ի մայիսյան լսումը:     

Իրավիճակը մեկնաբանել է «Արմենիայի» գլխավոր տնօրենի տեղակալ Գեւորգ Խաչատրյանը, ով «Սպուտնիկ Արմենիային» հայտնել է, թե փետրվարին EASA-ի այցի միակ նպատակը եղել է ՔԱԿ-ին գնահատելը (թե՛ ԵՄ տեղեկագրում, որին անդրադարձանք, թե՛ ՔԱԿ-ի հաղորդագրության մեջ նշվել է, որ կոմիտեն միակ «թիրախը» չէ): «Եթե ՔԱԿ-ն անվտանգության աուդիտը չի անցնում, մուտքը դեպի Եվրոպա հայկական ավիաընկերությունների համար կփակվի, քանի որ ավիացիոն իշխանությունը, ստացվում է, ի զորու չէ ապահովել անվտանգության միջազգային նորմերը»,- հայտնել է Խաչատրյանը՝ չբացառելով, որ եվրոպական ծրագրերը շարունակելու նպատակով «Ավիակոմպանիա Արմենիան» կդիմի Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիային՝ IATA-ին՝ IOSA (IATA Operational Safety Audit) անցնելու համար: Այս աուդիտը հաջողությամբ անցնելու դեպքում, ըստ Գ. Խաչատրյանի, «Արմենիան» կկարողանա շարունակել թռչել Եվրոպա: Այդուհանդերձ, նա հույս է հայտնել, որ ՔԱԿ-ի առաջիկա արձագանքը հայկական ավիաընկերությունների վերաբերյալ եվրոպական կողմի այս վերջին որոշմանը դրական հանգուցալուծման կբերի:

Մի բան ակնհայտ է. հայկական քաղավիացիան (կոմիտեն եւ ավիաընկերությունները) վերջին ամիսներին հայտնվել է եվրոպական կառույցների խիստ ուշադրության ներքո, եւ հատկապես կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, երբ ամբողջ աշխարհի ուշադրությունը սեւեռված է վարակի հաղթահարման վրա, որոշումների կայացումը կարող է ոչ քիչ ժամանակ պահանջել, ինչն, իհարկե, չի բխում հայկական ավիաընկերությունների շահերից: Սակայն ամենակարեւորն անվտանգությունն է: Սպասենք զարգացումներին:    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter