HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը բեկանվել է, գործն ուղարկվել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության

Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, քիչ առաջ բեկանել է Վատիկանում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես  խափանման միջոց ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումն ու գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

Տեղեկությունը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեցին դատարանից։

Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործով, որը հարուցվել է 2018 թվականին, հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել 2020 թվականի մարտի 17-ին՝ Քրեական օրենսգրքի 310.1 հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի հարստացման 2 դրվագ, 314.3 հոդվածով՝ հայտարարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը և 190-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը):

Խոսքն, ըստ քրեական գործի, 1 մլն 200 հազար դոլարի փողերի լվացման մասին է։ Նրան կալանավորելու միջնորդությունը դատարան է ներկայացվել մարտի 23-ին, իսկ խափանման միջոցը կալանքն ընտրելու որոշումը դատավոր Արտուշ Գաբրիելյանը կայացրել է մայիսի 6-ին, որի դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել Մինասյանի պաշտպանները։

Նշենք, որ վերաքննիչ դատարանի որոշմանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Մինասյանի պաշտպաններից Միհրան Պողոսյանը։

«Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, վերացրեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումը։ Այն մասին, որ Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի ակտը ծայրահեղ ապօրինի էր, խոսել ենք բազմիցս։ Ցանկացած փաստաբանի, դատախազի և քննիչի հարցրեք Սերգեյ Մարաբյանի և Արտուշ Գաբրիելյանի տարբերության մասին և կհասկանաք նշված երկու դատական ակտերի տարբերությունը թե՛ օրինականության, թե՛ արդարացիության առումով։ Անվիճելի է, որ երկրի քաղաքական իշխանությունները չեն համակերպվի այս վիճակի հետ և օրերի ընթացքում Միքայել Մինասյանին կառաջադրեն մեկ այլ, բայց նույնքան անհիմն և ապօրինի մեղադրանք՝ դատարան ներկայացնելով Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ նոր միջնորդություն։

Հ.Գ. Փորձեք այնպիսի «մեղադրանք» կարել, որ վաղը ձեզ դատարանում պաշտպանելու համար իմ հարգելի գործընկեր փաստաբանները չամաչեն»,- գրել է Միհրան Պողոսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter