HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բժշկական համալսարանի ուսանող Վահե Գրիգորյան. «Կլինեմ կամավոր այնքան, որքան պետք լինի»

Քսանամյա Վահեն Երևանի պետական բժշկական համալսարանի երրորդ կուրսի ուսանող է։ Ծնվել և մեծացել է Շիրակի մարզի Թորոս գյուղում, Երևան է տեղափոխվել սովորելու համար։

Արդեն երկու ամիս է, ինչ Վահեն ամեն օր կամավորություն է անում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում։ Բայց առաջին կամավորական փորձը Վահեն ձեռք է բերել դեռ անցած տարի։

Սովորաբար բժշկականի ուսանողների առաջին ամառային պրակտիկան տևում է մոտ երկու-երեք շաբաթ, բայց Վահեի համար այն տևեց երկու ամիս։

Առաջին անգամ որպես կամավոր Վահեն սկսել է աշխատել «Միքայելյան համալսարանական հիվանդանոցի» վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։

 «Հենց առաջին օրվանից, կարծես, սիրահարվեցի հիվանդանոցային կյանքին»,-պատմում է Վահեն` ավելացնելով, որ ուզում է դառնալ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, չնայած վերջնական որոշում կայացնելու համար դեռ մի քանի տարի ունի։

Նոր ուսումնական տարվա սկզբից նորից սկսել է կամավորություն անել, այս անգամ վիրավոր և հաշմանդամություն ունեցող զինվորների համար նախատեսված «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնում և «Առաջին համալսարանական հիվանդանոցի» սրտաբանական բաժնում։

Վահեն պատմում է, որ ինտենսիվ թերապիայի բաժնում 24-ժամյա  հերթապահությունները և շաբաթվա երեք-չորս օրը հիվանդանոցում անցկացնելը նրան մեծ փորձ և գիտելիքներ են տվել։

«Երբ առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ կորոնավիրուսով պայմանավորված հավաքագրում է կամավորներ, միանգամից առանց երկար մտածելու գրանցվեցի»,- պատմում է Վահեն։

Մարտի 30-ին նա առաջին անգամ այցելեց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց և ներգրավվեց որպես կամավոր։ Հիվանդանոցի անձնակազմն էլ իրեն և այլ կամավորներին գրկաբաց ընդունել է։

Վահեի խոսքով՝ ապագա բժշկի համար կամավորություն անելու յուրահատուկ շարժառիթ պետք չէ, նա կամավորությունն ավելի շատ ընկալում է որպես մարդկանց օգնելու մասնագիտական պարտականություն։ Բացի նշածից, Վահեն ասում է, որ ամեն անգամ բժիշկներին և բուժանձնակազմին օգնելով՝ բավականություն է ստանում, քանի որ զգում է, որ իսկապես օգտակար աշխատանք է անում։

«Ես դեռ ինձ բժիշկ չեմ համարում, բայց կարծում եմ, որ բժիշկը հասարակության փրկիչ օղակն է աղետների, համաճարակների ու այլ ճգնաժամային իրավիճակների ժամանակ»,- նշում է Վահեն։

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում աշխատանքը շատ է ու բարդ։ Վահեն պատմում է, որ մանավանդ շոգ եղանակին մի քանի ժամ շարունակ հատուկ արտահագուստ, դիմակ ու ակնոց կրելը մեծ մարտահրավեր է, որն արդեն դառել է կյանքի անբաժան մաս։

Վահեն կարևորում է բժիշկների հոգեբանական պատրաստվածությունը հիվանդներին հոգեբանական օգնություն ցույց տալու համար։

Մեկուսացումը հիվանդների համար հոգեբանական մեծ ճնշում է, երբ մարդը երկար ժամանակ նույն սենյակում է գտնվում ու չի կարողանում դուրս գալ, երբ վրա է հասնում ընտանիքի անդամներին կամ հարազատներին ու ընկերներին վարակելու մեղքի զգացողությունը, բժշկի խոսքերը սկսում են շատ մեծ նշանակություն ունենալ։

Բարդ բնավորություն ունեցող հիվանդներ, իհարկե, հանդիպում են, բայց Վահեն ասում է, որ այսքան ժամանակ դժվարություն չի ունեցել որևէ հիվանդի հետ շփման հարցում՝ ավելացնելով, որ որքան էլ բարդ լինի, յուրաքանչյուր պահին պետք է հիվանդին ըմբռնումով մոտենալ, հասկանալ, փորձել մտնել մարդու իրավիճակի մեջ և շփման եզրեր գտնել։

Վահեն նույնպես վարակվել է կորոնավիրուսով։ Դժվարանում է ասել, թե որտեղ, չի բացառում, որ հիվանդանոցից դուրս այլ տեղ է վարակվել, քանի որ շուրջբոլորը մարդիկ այդքան էլ լուրջ չեն վերաբերվում, չեն պահում անվտանգության կանոնները և ռիսկի են ենթարկում այլ մարդկանց։

 «Ես կարծում եմ, որ չհավատացող կամ անպատասխանատու մարդկանց հետ վիճելը կամ որևէ բան ապացուցելը անիմաստ է, սովորաբար նրանք մինչև իրենց աչքով չտեսնեն, դանակը ոսկորին չհասնի, չեն հավատա»,- ասում է Վահեն:

Բարեբախտաբար, նա հիվանդությունը թեթև է տարել, միայն երկու օր է ջերմություն ունեցել ու հիվանդանոցում բուժում ստանալու կարիք չի եղել։ Ասում է, որ բուժվելուց մի քանի օր անց վերադարձել է հիվանդանոց ու շարունակել է աշխատանքը։

Վահեն ասում է, որ բարդ է համատեղել կամավորական աշխատանքները և համալսարանում սովորելը, մանավանդ քննական շրջանում, բայց չի բողոքում։ Բոլոր դասախոսները դրական են վերաբերվում, իրենք էլ կամավորությունը երբեք չեն օգտագործում լավ գնահատականներ ստանալու համար՝ լավ սովորելն ու քննություններին պատրաստվելը լավ մասնագետ դառնալու պարտադիր պայմաններ են։

Վահեն դժվարանում է ասել, թե որքան է տևելու համաճարակը, բայց նա չի  հուսախաբվում։

«Ես այստեղ կամավոր կլինեմ այնքան, ինչքան պետք լինի, բոլորս էլ պատրաստ ենք դա անել, կարևորը հասարակությունը կարողանա ճիշտ գնահատել իրավիճակը և լուրջ մոտենալ համաճարակը հաղթահարելու հարցին»,- ասում է Վահեն։

Մեկնաբանություններ (1)

HAGOP
GOD BLESS YOU AND PROTECT YOU VAHE!!! BE SAFE!!!!!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter