
Ամեն մարդ պետք է մտածի վարակի շղթան իրենով կոտրելու մասին
Նարեկ Գալստյանը հանրային առողջապահության կառավարման մասնագետ է։ Աշխատում է կլինիկական հետազոտություններ իրականացնող կենտրոնում։ Երբ երկրում տարածվել է կորոնավիրուսի համավարակը, դիմել է իր ծանոթ բժիշկներին՝ առաջարկելով իր օգնությունը վարակի դեմ պայքարում։
Մարտի 17-ից աշխատել է որպես մեկուսարանի համակարգող Ծաղկաձորի «Սպորտբազա», «Նաիրի», «Ոսկու աշխարհ», Աղավնաձորի «Զարթոնք» և Մանկավարժական համալսարանի հյուրանոցներում. այդ օրերին դրանք ծառայել են որպես վարակակիրների մեկուսարաններ։
Մայիսի 11-ին կորոնավիրուսային հիվանդության սիմպտոմներ է նկատել իր մոտ․ հազ ու ջերմություն է ունեցել։ Երբ առաջին ախտանշանները զգացել է, մեկուսացել է հյուրանոցի սենյակներից մեկում, օրեր անց թեստավորվել է, պարզվել է, որ ինքն էլ է վարակվել։ Այդ ընթացքում նա աշխատել է Ծաղկաձորի «Նաիրի» հյուրանոցում։
Նարեկի մոտ հիվանդությունը թեթև ընթացք է ունեցել։ Սկզբի օրերին ջերմության բարձրացում ու հազ է նկատվել։ Քանի որ վարակակիրների հետ շփվելու երկու ամսվա փորձ է ունեցել, խուճապի չի մատնվել։ Ասում է, որ հոգեբանորեն էլ հիվանդությունը ծանր չի տարել։
Նարեկն ասում է, որ վարակվելու հավանականությունը շատ բարձր է, բայց ամեն մարդ պիտի մտածի վարակի շղթան իրենով կոտրելու մասին։
Մեկնաբանել