
Ըստ Փաշինյանի`«վարչապետի աշխատակազմի աշխատակիցը» երթուղային տաքսիում խոսել է վարչապետի պատվիրած 35 հազար եվրո արժեքով ժամացույցի մասին
Վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է խումբ, որն ուսումնասիրելու է համավարակին առնչվող ապատեղեկատվության աղբյուրները:
«Ես հանձնարարություն եմ տվել, որպեսզի ձևավորվի խումբ, որը ուսումնասիրի ապատեղեկատվության աղբյուրները: Արդյոք օտարերկրյա հատուկ ծառայությունները կապ ունեն, արդյոք կարող են կապ ունենալ քաղաքական կամ կրիմինալ շրջանակներ, ովքեր, իրենց նեղ շահերից ելնելով, կարող են փողեր ծախսել այդպիսի ապատեղեկատվություն տարածելու համար»,- խորհրդարանի հատուկ նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով` իր հանձնարարությամբ նման խումբ է ձևավորվել, որպեսզի հուզող հարցերի պատասխանները տրվեն:
«Բայց խնդրում եմ սենսացիա պետք չէ սարքել, աշխատանքային հանձնարարություն է»,- ասաց նա:
Փաշինյանը նաև մի դեպք ներկայացրեց, թե ինչպես է մի կին նստել երթուղային տաքսի, հեռախոսով խոսել և ներկայացել որպես վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչ:
«Ու ասում է` վարչապետը, որ ժամացույց էր պատվիրել, եկել է, հա, որքան էինք վճարելու, 35 հազար, եվրո թե դոլար, լավ մարդ կուղարկեմ փողը կտա, կվերցնի»,-պատմեց Փաշինյանը:
Նրա խոսքով` տաքսու վարորդը, ում այս պատմությունը տարօրինակ է թվացել, հետևել է այս կնոջն ու նկատել, որ նա նստել է այլ երթուղային տաքսի:
«Պարզ է չէ, որ կազմակերպված գործողություն է սա, ով է կազմակերպում այդ գործողությունը և մեր օրենսդրությամբ ինչ որակման է արժանի, այս հարցերի պատասխանները պետք է ստանանք»,- ասաց նա:
Մեկնաբանել