HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Լիլիթ Մկրտչյան. «Երբ հիվանդները մեզ մոտ են, իրենց հանգիստ են զգում»

Լիլիթ Մկրտչյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի գլխավոր քույր-տնտեսուհին է։ 6 տարի է, ինչ աշխատում է հիվանդանոցում, բայց մասնագիտությամբ մանկավարժ-հոգեբան է։ Լիլիթի աշխատանքը կազմակերպչական է, հիվանդանոցների 11 բաժանմունքի, ռեանիմացիայի, ծննդատան ու պոլիկլինիկայի կրտսեր բուժաշխատողների աշխատանքն է վերահսկում։

Նա արդեն երեք ամիս է՝ աշխատում է կորոնավիրուսով վարակվածների հետ։ Լավատես մարդ է, միշտ մտածում է, որ ամեն ինչ լավ կլինի, բայց շատ բան կախված է հանրության պահվածքից ու պարտաճանաչությունից։

Ընտանիքի անդամները Լիլիթի որոշմանը դեմ չեն եղել, ասում է, որ ամուսինը ունի առողջական խնդիրներ, որոշ ժամանակով տեղափոխվել էր մոր հետ ապրելու՝ վարակվելու ռիսկը նվազեցնելու համար։

Խորհուրդ է տալիս միշտ ժպտալ, ինքն էլ հիվանդասենյակներ մտնելիս, բուժաշխատողների հետ զրուցելիս ժպտում է։

«Հաճախ դիմացինի տրամադրությունը որոշողը դու ես, եթե ժպտաս, ինքն էլ է ժպիտով պատասխանելու»,- ասում է նա։

Բուժաշխատողներից բացի մեծ աշխատանք են կատարում նաև տնտեսական բաժնի աշխատակիցները՝ բանվորները, ինժեներները, փականագործները, մայրապետները։ Նա նշում է, որ թեև ինքն անմիջապես չի զբաղվում մաքրության, ախտահանման աշխատանքներով, բայց գնահատում է այն աշխատանքը, որը կատարում են կրտսեր բուժաշխատողները։

Անհրաժեշտության դեպքում ինժեներները մի քանի ժամ կարող են մնալ հիվանդասենյակներում, որպեսզի շնչառական ապարատները կարգավորեն։

Մայրապետների աշխատանքը ևս շատ մեծ է, նրանք ամբողջ օրը զբաղվում են տարածքի մաքրությամբ, երկու ժամը մեկ ախտահանում են ողջ հիվանդանոցի տարածքը, հիվանդներին սնունդ են բաժանում, զբաղվում են հիվանդների հիգիենայով։

Լիլիթի աշխատանքը հերթափոխով չէ, նրա աշխատանքային ժամը առավոտյան 9-ից երեկոյան 6-ն է, բայց ասում է, որ բուժհաստատություններում երբեք չի կարելի աշխատանքային ժամ սահմանել, վերջին ամիսների ընթացքում իր աշխատանքային օրն էլ անկանոն է, կախված ծանրաբեռնվածությունից՝ կարող է մի քանի ժամ ավելի մնալ։

Կորոնավիրուսով վարակված հիվանդների հետ աշխատելն անակնկալ էր ամբողջ բուժանձնակազմի համար։ Սբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցն ամբողջությամբ վերապրոֆիլավորվել ու դարձել է ինֆեկցիոն, իսկ աշխատակազմը երբևէ նման տեմպով տարածվող վարակի պայմաններում աշխատելու փորձ չի ունեցել։

«Երբ վարակը տարածված էր հարևան երկրներում, մենք չէինք էլ պատկերացնում, որ մի օր մեզ մոտ կհասնի, լուրջ չէինք վերաբերվում։ Երբ Հայաստանում գրանցվեցին առաջին դեպքերը, մենք մտածում էինք, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը կբավականացնի, վարակակիրներին այլ հիվանդանոցներ տեղափոխելու անհրաժեշտություն չի լինի։ Հետո, երբ իմացանք, որ մենք ևս պետք է սկսենք աշխատել վարակակիրների հետ, զգացինք, որ ամեն ինչ ավելի քան լուրջ է»,- ասում է Լիլիթ Մկրտչյանը։

Նրա կարծիքով՝ հիվանդներն իրենց ավելի ապահով ու վստահ են զգում, երբ հիվանդանոցում են։ Գիտեն, որ բժիշկների հսկողության տակ են, ուրեմն իրենց սպառնացող վտանգը նվազում է։ «Երբ հիվանդները մեզ մոտ են, իրենց հանգիստ են զգում»,- ասում է նա։

Մոտ 20 օր առաջ ծերանոցի բնակիչներին՝ մոտ 60 հոգու, բերել էին հիվանդանոց։ Տարեցների հույսն ու հավատը եղել են հիվանդանոցի բժիշկները, բուժքույրերը, նրանց աչքերի թախիծը տպավորվել է Լիլիթի մեջ։

Նշում է՝ շատ կարևոր է, որ բուժանձնակազմն այս օրերին միասնական լինի, տնօրինություն-աշխատակից կապը կարևոր է, մանավանդ արտակարգ իրավիճակներում։ Իրենց բուժանձնակազմն էլ այս օրերին ավելի է համախմբվել, որպեսզի կարողանան հաղթահարել համավարակը։

Լիլիթը համոզված է, որ կորոնավիրուսի համավարակից հետո մարդիկ սկսելու են գնահատել կյանքը, անկարևոր բաներին ավելի քիչ ուշադրություն են դարձնելու, մեկը մյուսի առողջությունը գնահատելու է։ 

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter