HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ խմբակցությունների տեսակետները` Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք չկիրառելու վերաբերյալ

Այսօր` հունիսի 22-ին, խորհրդարանական խմբակցությունները ԱԺ ճեպազրույցներին անդրադարձան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ հարուցված քրեական գործին ու դատարանի որոշմանը` չբավարարել ԱԱԾ միջնորդությունն ու չկալանավորել վերջինիս:

Խորհրդարանական երրորդ խմբակցության` «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը վերահաստատեց օրեր առաջ հնչեցրած իր խոսքերը, որ բավարար ապացույցներ չկան առ այն, որ Գագիկ Ծառուկյանն անձեռնմխելիությունից զրկվի:

«Ես դատախազին հարցրել եմ` հնարավոր է իրավիճակ, որ խորհրդարանը խայտառակ լինի Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու պատճառով, երեկ դա տեղի է ունեցել: 87 մարդ, վստահ եմ, հարցեր ունի իրենց համոզողներին, բայց դա մեր խնդիրը չէ, մենք մեր համոզմուքն արտահայտել ենք, որը հաստատվել է դատարանի որոշումով»,- ասաց Մարուքյանը:

Հարցին, թե արդյոք կարելի է հարուցված քրեական գործը որակել որպես քաղաքական հետապնդում Գագիկ Ծառուկյանի հանդեպ, Մարուքյանը պատասխանեց.

«Քաղաքական է, թե ոչ այս ամենը, կարդացեք «Լուսավոր Հայաստանի» հայտարարությունը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ քրեական գործն ունի քաղաքական վերահսկողություն: Քրեական գործի նախաքննության նյութերը բաժանված են եղել քաղաքական գործիչներին, նախարարներին, ովքեր հրապարակել են, ինչը խախտում է: Հետևաբար, այն ունի քաղաքական խնդիր»,-ասաց նա:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի խոսքով` խորհրդարանում դատախազի ներկայացրած միջնորդությունների քննարկմանը հիմնավոր անդրադարձել են հարուցված քրեական գործին` ընդգծելով, որ դատախազի միջնորդությունները օրինական հիմքից դուրս են եղել:

«Շատ հակիրճ կարող եմ ասել, որ սա ոչ մեր հաղթանակն է, ոչ էլ իշխանության պարտությունը: Սա ընդամենը եկավ ապացուցելու օրենքի գերակայության առաջնահերթության վերաբերյալ մեր տեսակետները, եթե մենք ապրում ենք ժողովրդավարական Հայաստանում, ապա դատարանը պարտավոր է իրացնել իրեն վերապահված գործառույթները: Իրավական առումով որևէ հիմք չկա Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության մեջ, և դատարանը հաստատեց մեր հնչեցրած տեսակետները»,- ասաց Տոնոյանը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն էլ հավելեց` այսօր ևս պնդում են, որ այն ամենը, ինչ կատարվում է ԲՀԿ-ի շուրջ, քաղաքական հետապնդման հետևանքներ են:

«Հավանաբար տեսել եք ԱԱԾ-ի ֆիլմաշարը, որը խախտում է անմեղության կանխավարկածը, ԱԱԾ-ն կարծես թե իշխող խմբակցության տեսակետն էր ներկայացնում, մինչդեռ պարտավոր է գործել օրինականության սահմաններում»,-ասաց նա` անդրադառնալով ԱԱԾ տարածած տեսանյութին, ըստ որի` հարուցված քրեական գործով վարույթն իրականացնող մարմինն ակնկալում է ստանալ հանրության աջակցությունը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, անդրադառնալով գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունների բավարարմանը, ասաց, որ այն ընդամենը ԱԺ կանոնակարգ-օրենքով նախատեսված ընթացակարգ է:

«Խմբակցությունը դիրքորոշում չի արտահայտում, պարզապես տալիս է իր համաձայնությունը պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: Դատախազը ներկայացրեց, որ կա հիմնավոր կասկած, որ Գագիկ Ծառուկյանն ազատության մեջ գտնվելով` կարող է ազդել քննության վրա, դատարանի կայացրած որոշման մասով չեմ ուզում արձագանքել, գիտեմ, որ դատախազությունը բողոքարկելու է»,- ասաց Գաբրիելյանը:

Քաղաքական մեծամասնության պատգամավորի կարծիքով` իրենց տեսակետները կարող են ընկալվել որպես ազդեցություն դատական պրոցեսի վրա: Գաբրիելյանը հիշեցրեց, որ դատախազի ներկայացրած միջնորդությունների քննարկմանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հարցադրումներով հանդես չեն եկել, որպեսզի պահպանեն հարցի վերաբերյալ չեզոքություն:

«Ինչ վերաբերում է դատարանի կայացրած որոշմանը, կարող եմ ասել` փաստացի կա դատավոր, որն արձանագրում է` Գագիկ Ծառուկյանը չկա այնքան, որ կարողանա ազդել որևէ մեկի վրա»,- ասաց Գաբրելյանը:

Պատգամավորը նաև համոզմունք հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանն իրավապահ մարմիններում ունի աղբյուրներ, որոնք տեղեկացրել են հարուցված քրեական գործի մասին, ապա հավելեց, որ հարցաքննվել է մի անձ, որն անմիջական առնչություն ունի ԲՀԿ-ի հետ, կարծես թե ինքնախոստովանական ցուցմունք է տվել, և հետևաբար ԲՀԿ-ին հասանելի կլիներ հարուցված քրեական գործի վերաբերյալ ինֆորմացիան:

Ինչ վերաբերում է ԲՀԿ պատգամավորների պնդումներին, որ այս ամենը քաղաքական հետապնդում է, Սիսակ Գաբրիելյանն արձագանքեց.

«Ես չեմ տեսել էնպիսի քաղաքական հետապնդում, որ հետապնդվողն ազատության մեջ լինի»:

Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի՝ ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը, հատկանիշներով։

Հունիսի 16-ին խորհրդարանը որոշել է նրան զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից, ինչպես նաև համաձայնություն տվել նրան ազատությունից զրկելու դատախազի միջնորդությանը, որից հետո Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ու կալանքի միջնորդություն ներկայացվել դատարան։ Դատարանը չի բավարարել ԱԱԾ միջնորդությունը: Արդեն հայտնի է, որ գլխավոր դատախազությունը բողոքարկելու է դատարանի կայացրած որոշումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter