
ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով նախագիծը (լրացվող)
Խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվում է Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները որպես ՍԴ նախագահ դադարեցնելու և ՍԴ անդամ-դատավորներ Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի լիազորությունները դադարեցնելու հարցով նախագիծ:
Լրացում 14:50
Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 89 կողմ ձայնով: Քվեարկությանը մասնակցեցին միայն քաղաքական մեծամասնության պատգամավորները և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, ընդդիմությունը չէր մասնակցում նիստին: Նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի այսօր:
Լրացում 14:40
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն իր ելույթում այսօրվա քննարկումը համարեց աննախադեպ թե իրավական, թե քաղաքական առումով, քանի որ խորհրդարանն առաջին անգամ է օգտվելու իր սահմանադրական լիազորություններից և առաջարկում սահմանադրական փոփոխություններ:
«Արդարադատությունը որպես կանոն խորհրդանշում է Թեմիս աստվածուհին, որը մշտապես պատկերվում է փակ աչքերով, այո, արդարադատություն իրականացնելիս արդարադատություն իրականացնողների աչքերը պետք է փակ լինեն, խտրական մոտեցում ցուցաբերելն անթույլատրելի է»,-ասաց Վարդանյանը:
Վլադիմիր Վարդանյանի խոսքով` սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմին անհրաժեշտ է ունենալ մի պարզ պատճառով, քանի որ օրենսդիր ու գործադիր մարմիններում առկա քաղաքական ուժերը տարատեսակ մոտեցումներ առաջ քաշելուց պետք է իմանան, որ իրենց հետևում սատարող մարմին կա, որի աչքերը փակ են, և որը չի առաջնորդվում քաղաքական կոնյուկտուրայով:
«ՍԴ դատավորները պետք է օժտված լինեն հետևյալ չափորոշիչներով` պրոֆեսիոնալիզմ, չեզոքություն, վստահելիություն, թափանցիկություն և անբեկանելի հեղինակություն: Եթե չենք ապահովում ՍԴ-ում անբեկանելի հեղինակություն, ապա արդյունավետ սահմանադրական արադարադատություն ունենալու որևէ լծակ ունենալ չենք կարող»,-ասաց նա:
Ըստ Վարդանյանի` առաջարկվող նախագիծը ինստիտուցիոնալ է և նպատակ է հետապնդում ուժեղացնել սահմանադրական արադարադատությունը Հայաստանում, ստեղծել այնպիսի մասնագիտացված համակարգ, որը հնարավորություն կտա իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ:
«Անթույլատրելի է ունենալ ՍԴ, որտեղ կան արտոնյալներ ու ոչ արտոնյալներ, որտեղ կան անձինք, ում լիազորություններն ավելի ուշ են սկսվել և ավելի շուտ են ավարտվելու, որտեղ կան անձինք, ովքեր փորձում են ասել` մենք ավելի մեծ անձեռնմխելիության ծավալ ունենք, քան մյուսները: Այս ամենը հանգեցնում է նրան, որ սահմանադրական արդարադատության համակարգը սկսում է խարխլվել: Հայաստանին անհրաժեշտ է ունենալ անկախ ՍԴ, որի հեղինակությունն անբեկանելի է թե իշխանության, թե ընդդիմության կողմից»,-եզրափակեց Վարդանյանը:
Լրացվում է 14:10
ԱԺ փոփխոսնակ Ալեն Սիմոնյանը, հղում անելով արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի խոսքերին, ասաց, որ ըստ նախկին նախարարի` Վենետիկի հանձնաժողովն իրավունքը ծառայեցրել է օրվա իշխանության քաղաքական նպատակներին, և իրավիճակը միայն Կառավարության դիրքորոշման տեսանկյունից է ներկայացված: Սիմոնյանը, դիմելով նախագծի հարակից զեկուցող, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, հետաքրքրվեց, թե ինչը կարող է նախկին նախարարի մեղադրանքի հիմքում լինել` ուղղված առ հանձնաժողով:
Նախարարն արձագանքեց` Վենետիկի հանձնաժողովի կարծիքը բավականին բալանսավորված է` հիմնված իրավունքի ընդհանուր սկզբունքների հիման վրա:
«Վենետիկի հանձնաժողովի նման հեղինակավոր կառույցը չի կարող որևէ կերպ իր հեղինակությունը, իրավունքի սկզբունքները մի կողմ դնի և որևէ երկրի որևէ իշխանության համար հարմար տարբերակ մատուցի, դա միանշանակ է»,-ասաց Բադասյանը:
Անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվեց, թե արդյոք Կառավարությունն ունի այլ սցենար այն պարագայում, եթե նախագիծն ընդունվի, սակայն ուժի մեջ չմտնի:
Նախարար Բադասյանն արձագանքեց` նման սցենար չեն նախատեսել` նկատի ունենալով այն, որ ընթացակարգը պարզ կարգավորված է գործող օրենսդրությամբ. ընդունման դեպքում ուժի մեջ կմտնի:
Պատգամավոր Արման Բաբաջանյանի համոզմամբ էլ` առաջարկվող փոփոխությունները միայն տեխնիկական են, պատգամավորը հետաքրքրվեց, թե երբ են լինելու բովանդակային փոփոխություններ:
«Արդյոք մենք ԱԺ-ՍԴ հաշտեցման միջոցների մասին մտածել ենք` այս փոփոխությունների հիմքում դնել, թե ոչ»,-հարցրեց նա:
Ռուստամ Բադասյանը չհամաձայնեց, որ փոփոխությունները տեխնիկական են, քանի որ, ըստ նախարարի, նախագիծը ՍԴ-ի մոդելը կյանքի կոչելու օրինակ է:
«2015 թվականի սահմանադրական փոփոխություններով Սահմանադրությունը սահմանել է 12 տարի պաշտոնավարման ժամկետ: Բազմիցս ենք խոսել այդ մասին, որ անցումային դրույթով դրա կյանքի կոչումը չափազանց երկար ժամկետում է սահմանվել, որը իմաստազրկում է այդ մոդելի կյանքի կոչումը պրակտիկայում: Եվ մենք բերել ենք այս նախագիծը` նաև Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը հաշվի առնելով»,-ասաց Բադասյանը:
Նախարարի կարծիքով` առհասարակ դատական համակարգում հիմնական գործիքը, որով հնարավոր է արդարադատության որակը բարձրացնել, ի թիվս այլ բարեփոխումների, դատավորների գույքային դրության արդյունավետ ստուգումն է:
Ըստ Բադասյանի` խնդրահարույց է այն դատավորների պաշտոնավարումը, որոնք չեն կարողանում իրենց եկամուտների օրինական ծագման աղբյուրը հիմնավորել:
ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը հետաքրքրվեց նախագծի սահմանադրականության վերաբերյալ` ասելով, թե կա, արդոք, ՍԴ դիմելու կարիք:
Ռուստամ Բադասյանն արձագանքեց, որ ՍԴ դիմել-չդիմելու հարցը քննարկելիս երկու արժեքի միջև ընտրություն պետք է կատարվի. մի կողմից առկա է շահերի բախում, մյուս կողմից` արդարադատության իրականացնելու շահ:
«Կարծում եմ` գործ ունենք շահերի բախման ուղիղ իրավիճակի հետ, և պետք է փորձենք լուծել այս հակասությունը»,-ասաց Բադասյանը:
Սկիզբը 13:41
Խորհրդարանի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվում է քաղաքական մեծամասնության մեկ քառորդ պատգամավորների ներկայացրած Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Այս փոփոփոխությամբ պատգամավորներն առաջարկում են դադարեցնել Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները` թույլ տալով նրան պաշտոնավարել որպես ուղղակի ՍԴ դատավոր, իսկ այն դատավորները (անդամները), որոնք ընդհանուր տևողությամբ պաշտոնավարել են առնվազն 12 տարի, նրանց լիազորությունները դադարեցվեն:
Ըստ այս առաջարկի` ՍԴ երեք անդամ-դատավորի` Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի և Ալվինա Գյուլումյանի լիազորությունները կարող են դադարեցվել:
Սահմանադրության փոփոխության նախագծի հիմնական զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի խոսքով` ՍԴ-ում առկա ճգնաժամն այս կերպ է առաջարկվում լուծել:
«Խորհրդարանն առաջարկվող փոխոխություններն ընդունելով` կազդարարի իր քաղաքական կամքն առ այն, որ ընդհանուր տևողությամբ 12 տարվանից քիչ պաշտոնավարած ՍԴ անդամ-դատավորներն իրեց հետագա գործունեությամբ պետք է նպաստեն ՍԴ-ի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը, դա նրանց պարտքն է»,- ասաց նա:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն անդրադարձավ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքի Սահմանադրության փոփոխություններին` հիշեցնելով, որ հանձնաժողովը պարտադիր է համարում ՍԴ դիմել` նախագծի սահմանադրականության հարցը որոշելու համար:
Վահագն Հովակիմյանը շնորհակալություն հայտնեց Վենետիկի հանձնաժողովին արդյունավետ համագործակցության համար:
«Այն մոտեցումը, որը դրված է այս փոփոխության հիմքում, որ պետք է ՍԴ անդամ-դատավորների կարգավիճակը հավասարեցվի դատավորների կարգավիճակին, Վենետիկի հանձնաժողովն այս մոտեցումը պաշտպանել է. հիմնական առանցքի շուրջ կա կոնսենսուս: Ինչ վերաբերում է կոնսենսուսի իրացման ճանապարհներին, կներեք, մենք շատ շնորհակալ ենք Վենետիկի հանձնաժողվին, բայց որոշակի նրբություններ կան, որոնք կիրառում ենք»,- ասաց Հովակիմյանը:
Խոսելով ՍԴ դիմելու մասին՝ Հովակիմյանն ասաց, որ նախագիծը դեռևս առաջին ընթերցմամբ է քննարկվում, իսկ ՍԴ կարծիքը հարկավոր է երկրորդ ընթերցմամբ քվեարկությունից առաջ:
Մեկնաբանել