HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Որդու վերադարձի սպասումով. Կարեն Ղազարյանը երկու տարի է՝ Ադրբեջանում է

Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը գրեթե երկու տարի է՝ ապօրինի ազատազրկված է Ադրբեջանում: 2018 թվականի հուլիսի 15-ին ադրբեջանական զինված ուժերը հայտարարեցին, թե հայ-ադրբեջանական սահմանի Ղազախի շրջանի ուղղությամբ ՀՀ զինված ուժերի դիվերսիոն խումբը փորձել է հատել սահմանը, սակայն խումբը վնասազերծվել է, իսկ խմբի անդամներից Կարեն Ղազարյանը` գերեվարվել:

Իրականությունն այն է, որ Կարեն Ղազարյանը զինվորական չէ, այլ խաղաղ բնակիչ, ունի հոգեկան առողջության խնդիրներ, և ինչպես պնդում են նրա ծնողները, նրան առևանգել են, ոչ թե նա է սահմանն անցել: Կարեն Ղազարյանի մայրը՝ Ասյա Բայրամյանը, պատմում է, որ հուլիսի 14-ի երեկոյան՝ 23:30-ին, ամպրոպ և անձրև սկսվեց, հոսանքը անջատվեց: Գիշերը 02:30-ին Կարենը տան երկրորդ հարկի իր սենյակից իջել է ներքև՝ ջուր խմելու, սակայն նորից վերև բարձրանալու պահը Ասյա Բայրամյանը չի նկատել:

«Իր դուրս գալուց հետո շների հաչոց և աղմուկ լսեցինք, բայց երբ դուրս եկա, դրսում խաղաղություն էր: Մեկ էլ հաջորդ առավոտ լսեցինք, որ ինքը չկա»,- պատմում է Կարեն Ղազարյանի մայրը:

Նրանց տունը գտնվում է Բերդավանի ամենավերջում և ամենամոտն է հայ-ադրբեջանական սահմանին: Ինչպես պատմում է Ասյա Բայրամյանը, իրենց տան աստիճանով բարձրանալիս և իջնելիս մշտապես ձայն է լսվում, և հետադարձ հայացք նետելով՝ Կարեն Ղազարյանի մայրը հիշում է, որ աստիճաններից եկող ձայնը մեկ անգամ են լսել, այսինքն՝ նա իջել է ներքև և այլևս չի բարձրացել:

Հուլիսի 15-ի առավոտյան ծնողները սկսել են փնտրել Կարենին, սակայն քիչ հետո զանգ են ստացել և տեղեկացել, որ իրենց որդին գտնվում է թշնամի երկրում, այնուհետև լուրը նաև լրատվամիջոցներն են սկսել տարածել:

«Շոկի մեջ էինք, չէինք հասկանում, թե ինչ դժբախտություն է եկել մեր գլխին: 15 օր նրանից ոչինչ չգիտեինք, հետո Կարմիր խաչից իմացանք, որ նա ողջ է»,- ասում է Ասյա Բայրամյանը:

Կարեն Ղազարյանի մոր խոսքով՝ իրենց որդու հետ միակ կենդանի կապը վերջին երկու տարիներին եղել է այն ժամանակ, երբ հեռուստատեսությամբ տեսել են կադրեր Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում ընթացող դատավարությունից: Հիշեցնենք՝ 2019 թվականի փետրվարին Կարեն Ղազարյանը շինծու մեղադրանքով դատապարտվեց 20 տարվա ազատազրկման այն բանի համար, որ իբրև թե պլանավորել է ահաբեկչական գործողություններ իրականացնել Ադրբեջանի տարածքում:

«Ցանկացած քաղաքացի արժեք է, կառավարությունից ոչինչ չենք խնդրում: Ընդամենը կյանքի իրավունքն ենք ուզում»,- ասում է Ասյա Բայրամյանը:

Կարեն Ղազարյանի ծնողները պատմում են, որ իրենց որդին շատ շփվող չի եղել, ունեցել է հանգիստ բնավորություն: Զբաղվել է գյուղատնտեսությամբ, ինչպես նաև ճագարաբուծությամբ: Կարեն Ղազարյանի ճագարները հիմա էլ կան, մեծ բույն ունեն, երբ ցանկանում էինք լուսանկարել նրանց, արագ փախչում էին: 

Ադրբեջանում հայտնվելուց հետո Կարեն Ղազարյանի ծնողները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել ՀՀ իշխանության, Կարմիր խաչի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների, ինչպես նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ:

Ադրբեջանի իշխանություններն առաջարկել են փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, համաձայն որի՝ Արցախի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված Դիլհամ Ասկերովն ու 22 տարվա ազատազրկման դատապարտված Շահբազ Գուլիևը պետք է փոխանակվեն Կարեն Ղազարյանի և 2019 թվականի օգոստոսին Ադրբեջանում հայտնված Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող Արայիկ Ղազարյանի հետ:

Հիշեցնենք, որ 2014 թվականի ամռանը ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամներ Դիլհամ Ասկերովը, Շահբազ Գուլիևն ու Հասան Հասանովը ներխուժել էին Արցախի Քարվաճառ քաղաք, սպանել էին Արցախի Հանրապետության քաղաքացի 17-ամյա Սմբատ Ցականյանին, ՀՀ քաղաքացի, 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին, ինչպես նաև վիրավորել ՀՀ մեկ այլ քաղաքացի Կարինե Դավթյանին: Դիվերսիոն խմբի անդամների ձերբակալման պահին Հասան Հասանովը դիմադրություն էր ցույց տվել և սպանվել: Ինչպես արդեն նշեցինք, ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանը Ասկերովին դատապատեց ցմահ, իսկ Գուլիևին 22 տարվա ազատազրկման:

Ադրբեջանի իշխանությունների առաջարկած «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափը, սակայն, ընդունելի չէ ՀՀ իշխանությունների համար, քանի որ Ասկերովն ու Գուլիևը ծանր հանցագործություններ են կատարել:

Ադրբեջանում հայտնվելուց անմիջապես հետո Կարեն Ղազարյանի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղազարյանը միանգամից դիմում է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ նշելով, որ Կարեն Ղազարյանը անօրինական կերպով զրկվել է ազատությունից, խախտվել են նրա ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը, անձնական կյանքի հարգման իրավունքը, քանի որ նրա լուսանկարը տարածվել էր և կեղծ պատմություն էր հորինվել, թե նա դիվերսանտ է, ինչպես նաև, ըստ դիմումի՝ Կարեն Ղազարյանի նկատմամբ դրսևորվել է ռասսայական խտրականություն:

«Գտել ենք, որ այս ամբողջն արվել է զուտ նրա համար, որ նա ընդամենը հայ է, և դա մտնում էր ընդհանուր հայատյաց քաղաքականության մեջ: Կարենը ներկայացվել է որպես գործիք, որպեսզի էլ ավելի սրվի հայերի նկատմամբ անվստահությունը Ադրբեջանի հասարակության շրջանում: Նրա նկատմամբ լեգենդ է հյուսվել՝ զուգահեռ Քարվաճառի դիվերսանտների գործին, փորձել են այդ դիվերսանտների հայելանման գործը սարքել»,- նշում է Արա Ղազարյանը:

Նրա խոսքով՝ այս ընթացքում ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին քրեական գործի նյութերն ուղարկել, տեղեկացնել նրա գտնվելու վայրի և առողջական վիճակի մասին: Ադրբեջանը դա արել է, սակայն ոչ ամբողջական տեղեկություններ է տվել: Արա Ղազարյանն ասում է, որ մի քանի անգամ միջնորդել են դատարան, որպեսզի արագացնեն գործի քննությունը, քանի որ Կարեն Ղազարյանը նույնիսկ դատապարտվելուց հետո փակ ռեժիմի տակ է պահվում: ՄԻԵԴ-ը խոսք է տվել, որ շուտով կկոմունիկացնի գործը, սակայն մինչ օրս դա չի արվել: 

«Դատապարտվելուց հետո մենք համալրեցինք դիմումը, ներկայացրինք արդար դատաքննության իրավունքի խախտման հիմքով դիմում, այն իմաստով, որ նա դատապարտվեց, և մենք չգիտենք, թե դատն ինչպես է անցել, փաստաբան ունեցե՞լ է, թե՞ ոչ, այսինքն՝ դատավարական այդ բոլոր խախտումների մասին»,- մեզ հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:

Կարեն Ղազարյանի ծնողների, նրանց մերձավոր ազգականների դիմումների հիման վրա վարույթ է նախաձեռնվել նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում: Ծնողներն իրենց անհանգստությունն են հայտնել Կարեն Ղազարյանի կյանքի և առողջության ու նրա ֆիզիկական անվտանգության վերաբերյալ:

Ինչպես «Հետք»-ին հայտնել են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Կարեն Ղազարյանի վերադարձի հարցով մի շարք հանդիպումներ է ունեցել միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ: Մասնավորապես՝ 2019 թվականին Արման Թաթոյանը Ժնևում աշխատանքային հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պաշտոնատար անձանց հետ: Հանդիպման ժամանակ ՄԻՊ-ը ներկայացրել է Կարեն Ղազարյանի ծնողների և փաստաբանի մտահոգությունները նրա առողջական վիճակի, ինչպես նաև անհրաժեշտ հատուկ խնամքի և բուժում ստանալու վերաբերյալ: Փոխանցվել է ընտանիքի անդամների հետ ձայնային կամ տեսաձայնային եղանակով հաղորդակցությունն ապահովելու վերաբերյալ ծնողների և փաստաբանի խնդրանքը, քանի որ Կարեն Ղազարյանի հետ հաղորդակցությունը իրականացվում է միայն թղթային նամակագրության միջոցով, ինչը հնարավորություն չի տալիս ծնողներին անմիջականորեն շփվելու իրենց որդու հետ։

Արման Թաթոյանը ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց միջգերատեսչական հանձնաժողովին է ուղարկել նաև Կարեն Ղազարյանի ծնողների և Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչների (նաև բողոքի ակցիա էր կազմակերպվել, հավաքվել 3000 ստորագրություն) դիմում-խնդրանքը Կարեն Ղազարյանի վերադարձի հարցով։ Ի պատասխան նշվել է, որ հանձնաժողովը շարունակում է ինտենսիվ աշխատել Կարեն Ղազարյանին վերադարձնելու հարցով: 2020 թվականի մայիսի 14-ին էլ ծնողները Մարդու իրավունքների պաշտպանին հայտնել են, որ Կարեն Ղազարյանը ձեռք է բերել ֆիզիկական թերքաշություն, գրեթե չի խոսում, անընդհատ պառկած է բանտախցում միայնակ:

ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց միջգերատեսչական հանձնաժողովից «Հետքին» փոխանցեցին, որ Կարեն Ղազարյանի հարցը անընդհատ բարձրաձայնվում է միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ շփումներում:

«Հանձնաժողովը մշտական կապի մեջ է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, քանի որ դա պարբերաբար տեղեկատվություն ստանալու միակ հնարավորությունն է ստեղծված համաճարակային իրավիճակում, ներկայացվում են փոխանակման տարբեր հնարավորություններ»,- հայտնել է հանձնաժողովը:

2019 թվականի ապրիլին Կարեն Ղազարյանի հարցով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն դիմել էր Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին՝ Ղազարյանի վերադարձի համար միջնորդելու նպատակով: Ղազարյանի ծնողները մեզ հետ զրույցում ասում էին, որ հաջողվել է որոշակի պայմանավորվածություն ձեռք բերել, որը, սակայն, այդպես էլ չի կատարվել: Այս հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով մի քանի անգամ փորձեցինք կապ հաստատել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանի հետ, սակայն մեր բոլոր զանգերն անպատասխան մնացին:

Ադրբեջանում ազատազրկված Հայաստանի քաղաքացիներին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչների հաստատված վերջին այցը եղել է 2020 թվականի փետրվարին: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Հիշեցնենք, որ Կարեն Ղազարյանից բացի Ադրբեջանում են գտնվում նաև Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի (ՊԲ) ժամկետային զինծառայող Արայիկ Ղազարյանը, ինչպես նաև ՊԲ պայմանագրային զինծառայող Արսեն Բաղդասարյանը: Վերջինս Ադրբեջանում է 2014 թվականի դեկտեմբերից և դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: Ադրբեջանը նրան ներկայացրել էր որպես դիվերսանտ, սակայն Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել էր այս լուրը՝ ընդգծելով, որ Արսեն Բաղդասարյանը, հանդիսանալով ՊԲ պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, ինչի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:

Իսկ Արայիկ Ղազարյանը Ադրբեջանում է գտնվում 2019 թվականի օգոստոսից: Ըստ հայկական կողմի՝ զինծառայողը մոլորվել էր տեղանքում:

Զառա Ամատունին նշում է, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Կարմիր խաչի ներկայացուցիչները ոչ բոլոր ազատազրկման վայրեր մտնելու հնարավորություն ունեն, և այս առումով համավարակը բարդացրել է նաև ԿԽՄԿ-ի աշխատանքը, չնայած շարունակում են կապ պահել ազատազրկման վայրերի հետ:

Կարմիր խաչի ներկայացուցիչները պարտադիր առանձնազրույցներ են ունենում ազատազրկվածների հետ, սակայն նրանց առողջական վիճակի, պահման պայմանների մասին տեղեկությունները հրապարակային չեն:

«Կոնֆիդենցիալության իմաստը հենց նրանում է, որ որևէ այլ մեկնաբանությունների տեղիք չտանք և ազատազրկվածներին ի վերջո չվնասենք: Որպես կազմակերպություն՝ մենք չեզոք ենք»,- նշեց Զառա Ամատունին:

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն էլ «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանում գտնվող Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանության և հայրենիք վերադարձնելու հարցը գտնվում է արտաքին քաղաքական գերատեսչության մշտական ուշադրության ներքո, սակայն այդ գործընթացի վերաբերյալ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:

Հավելենք՝ դատախազության հանրային կապերի բաժնից «Հետքին» հայտնել են, որ 2018 թվականի հուլիսի 15-ից Կարեն Ղազարյանի՝ Ադրբեջանում գտնվելու դեպքի առթիվ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2018թ. օգոստոսի 13-ին քրեական գործ էր հարուցվել պետական սահմանի ապօրինի հատման և մարդու առևանգման հատկանիշներով: Այդ քրեական գործի վարույթը 2018թ. դեկտեմբերի 11-ին կասեցվել է Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով կամ ավելի պարզ ասած՝ այն հիմքով, որ հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ:

Լուսանկարները, տեսանկարահանումն ու մոնտաժը՝ Սարո Բաղդասարյանի և Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter