HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Կարմիր խաչը ապրիլ, մայիս և հունիս ամիսներին այցելել է Ադրբեջանում պահվող ՀՀ և ԱՀ քաղաքացիներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները 2020թ. ապրիլ, մայիս և հունիս ամիսներին այցելել են Ադրբեջանում ազատազրկված ՀՀ և ԱՀ քաղաքացիներին: Այս մասին «Հետքին» հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Այս պահին Ադրբեջանում ազատազրկման մեջ են գտնվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Կարեն Ղազարյանն ու Արայիկ Ղազարյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության քաղաքացի Արսեն Բաղդասարյանը:

Կարմիր խաչի հայաստանյան ներկայացուցիչներն էլ համապատասխանաբար այցելել են Հայաստանում և Արցախում պահվող Ադրբեջանի քաղաքացիներին:

Զառա Ամատունին մեզ հետ զրույցում նշեց, որ բացի այցելություններից Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր անհանգստությունը և աջակցությունն է հայտնել երկրների իշխանություններին կորոնավիրուսի տարածումը ազատազրկման վայրերում կանխարգելելու հարցում: Մասնավորապես Կարմիր խաչը տարատեսակ պաշտպանիչ միջոցներ, ինֆորմացիոն թռուցիկներ է տրամադրել ազատազրկման վայրերին:

«Բացի այն, որ մեզ հետաքրքրում է ազատազրկվածների առողջական վիճակը, հարազատների հետ կապ հաստատելու հնարավորությունը, պահման պայմանները դիտարկելը, դրա հետ մեկտեղ այս ընթացքում մենք ուշադրություն ենք դարձնում, թե ինչպիսի լրացուցիչ միջոցառումների հարցում կարելի է օգնել, որպեսզի վարակը ազատազրկման վայրերում կանխվի կամ չտարածվի»,- նշեց Զառա Ամատունին:

Հիշեցնենք, որ Արցախի քաղաքացի, ՊԲ պայմանագրային զինծառայող Արսեն Բաղդասարյանը Ադրբեջանում է գտնվում 2014 թվականից և այնտեղ դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը Ադրբեջանում է 2018 թվականի հուլիսից, դատապարտվել է 20 տարվա ազատարզկման, իսկ Վայոց ձորի մարզի Եղեգեիս համայնքի բնակիչ, ՊԲ ժամկետային զինծառայող Արայիկ Ղազարյանը Ադրբեջանում է 2019 թվականի օգոստոսից:

«Հետքը» նախորդ շաբաթ անդրադարձել էր Կարեն Ղազարյանի ապօրինի ազատազրկման պատմությանը, զրուցել էինք նրա ծնողների հետ, ինչպես նաև գրել վերադարձի համար ձեռնարկվող քայլերի մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter