HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հուլիսի վերջին Ախուրյանում կսկսվի բրիկետի՝ կենսավառելիքի, արտադրությունը

Ախուրյան խոշորացված համայնքում գործող բրիկետի գործարանը հուլիսի վերջից պատրաստ է թողարկելու առաջին արտադրանքը: «Հետքը» անդրադարձել է ծրագրի նախապատրաստական փուլի աշխատանքներին, որոնք սկսվել էին 2018թ-ին, ընթացքում առաջացած խոչնդոտներին, ձախողման վտանգներին եւ հետագա փուլային զարգացումներին: Նշենք, որ ծրագիրը նպատակ ունի խթանել կենսազանգվածի կիրառումը, որպես վերականգնվող էներգիայի կենսունակ աղբյուր Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում՝ էներգետիկ անվտանգության, բնապահպանական կայունության եւ աղքատության նվազեցման նպատակով: 

Ծրագրի ղեկավար Գեւորգ Պետրոսյանի փոխանցմամբ՝ բոլոր պրոբլեմներն անցած տարվա ընթացքում հարթվել են, ամբողջությամբ ստացել են համայնքի համաֆինանսավորում 10 մլն դրամ, իրականացրել են հատկացված շինության վերանորոգման աշխատանքները, տարածքից շինաղբի հեռացումը, բարեկարգումն ու ցանկապատումը: Տարեսկզբին, մինչեւ պանդեմիայի հայտարարումը, արտերկրից ներկրել են նաեւ բրիկետի արտադրման հոսքագիծը: 

«Ծրագրի ողջ արժեքը մոտ 50 մլն դրամ է, որից դոնոր կազմակերպության ներդրումն ավելի քան 40,5 մլն է: Գումարի առյուծի բաժինը բրիկետի արտադրության հոսքագծի ձեռք բերման վրա է ծախսվել: Համայնքն էլ, ըստ պայմանավորվածություն, պիտի իր բաժին ներդրումն աներ՝ 10 մլն դրամի չափով, որը ծախսվելու էր շենք-շինությունների նորոգման վրա: Մենք անցած տարեսկզբին խնդիր ունեինք համայնքապետի հետ գումարի փոխանցման մասով, բայց հետո պրոբլեմները հարթվեցին,-ասում է Գեւորգ Պետրոսյանը,-այս տարվա հունվարին հասցրեցինք սարքավորումները բերել Լեհաստանից, որովհետեւ մեծ խնդրի առաջ կկանգնեինք, եթե վիրուսի հետ կապված պանդեմիան ավելի շուտ հայտարարվեր»:

Շղթան՝ աղաց, կուտակիչ, բաշխիչ տարրա եւ բրիկետավորող սարք, դեռ 3 ամիս առաջ պատրաստ էր գործարկման: Քանի, որ նախորդ տարվանից, մի շարք օբյեկտիվ պատճառներով, կուտակված հումք չկար, ապա արդեն հուլիսի վերջից, երբ մարզում սկսվելու է հացքաղը, նորաստեղծ գործարանը կարող է ընդունել բրիկետի պատրաստաման առաջին պատվերները: Ախուրյանի «Համայնքային զարգացման կենտրոն քաղաքացիական շրջանառու հիմնադրամ»-ի տնօրեն Սամվել Սաֆարյանը ցուցադրում է ծղոտի հումքից ստացած փորձնական արտադրանքը՝ գլանաձեւ բրիկետները: 

«Մեր սարքավորումները նախատեսված են միայն ծղոտով աշխատելու համար,-ասում է Սամվել Սաֆարյանը,- բայց, ցանկություն կա ներկրելու նաեւ աղացի մի տեսակ, որը հնարավորություն կտա աշխատելու ծառերի ճյուղերի, տերեւների եւ այլ գյուղատնտեսական թափոնների հետ: Անցյալ տարի Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժինը 5 բեռնատար մեքենա էտից մնացած ճյուղեր է մեզ նվիրել, իսկ ահա Ախուրյանից ընդամենը մեկ մեքենայի 1/5-րդի չափով ենք հումք ստացել, թեպետ պայմանավորվածություն կա, ավագանին էլ հաստատել է, որ հնարավորինս այս հարցում պետք է աջակցեն հիմանդրամին»:

Բրիկետի արտադրության համար օգտագործվող սարքավորումներն աշխատում են հիդրավլիկ եւ շնեկային՝ տաքացվող եղանակներով: Գեւորգ Պետրոսյանն ասում է, որ իրենք ընտրել են երկրորդ տարբերակը: Հիդրավլիկ եղանակով աշխատող հոսքագիծը համեմատաբար ավելի թանկ է, բացի դրանից՝ ծղոտի հետ պարտադիր 30-40 տոկոս փայտանյութի օգտագործում է պահանջում: Շնեկային եղանակը թույլ է տալիս անգամ ծղոտի 30 տոկոս խոնավության պայմաններում արտադրանք ստանալ: 

«Հիդրավլիկ եղանակով բրիկետ ստանում են Լոռիում, մենք նախընտրեցինք շնեկային եղանակը, քանի որ լրացուցիչ նյութի՝ փայտի մնացորդների խնդիր էինք ունենալու: Բացի դրանից, միայն ծղոտե հումքով պատրաստված բրիկետի համար հատուկ վառարաններ պետք չեն՝ կենսավառելիքի որոշ տեսակների համար շատ դեպքերում խորհուրդ են տրվում էներգախնայող վառարաններ,-բացատրում է Գեւորգը,-բացի դրանից, կարող ենք արտադրել նաեւ մուլչ: Այսինքն ֆերմերական ոչ մեծ տնտեսությունները, որոնք մուլչապատում են հողամասը, ունեն մուլչի կարիք, կարող են դիմել»:

Ինչպե՞ս է տեղի ունենալու բրիկետի համար անհրաժեշտ հումքի՝ ծղոտի ընդունումը: Պատասխանատուների վստահեցմամբ, իրենք բավական ճկուն աշխատելաոճ են որդեգրել եւ մարդիկ կարող են օգտվել այն տարբերակից, որն իրենց առավել ձեռնտու է: Մի տարբերակն այն է, որ հացքաղից հետո մարդն անձամբ է գործարան հասցնում ծղոտը եւ ստանում որոշակի գումար: Մյուս տարբերակի դեպքում՝ ծղոտը հանձնում են՝ ակնկալելով ստանալ կենսավառելիք եւ վճարելով միայն աշխատանքի դիմաց: Եթե գյուղացուն չի գրավում մատակարարի դերը, կարող է տեղեկացնել հիմնադրամին առկա հումքի մասին, այս դեպքում ծղոտը հակի վերածելու եւ տեղափոխելու հոգսն իր վրա է վերցնում հիմնադրամը:

«Տարբեր մարդկանց ենք հարցրել, արել ենք հաշվարկ, մոտավորապես մեկ հակի վրա 250-270 դրամ փող է ծախսվում, տոննայի վերածելուց հետո 15-17 հազար դրամ է կազմում, ինքնարժեքն էլ եթե գումարենք՝ կհասնի 25 հազարի,-ասում է Սամվել Սաֆարյանը,-աշխատելու ենք ամեն դեպքում այնպես անել, որ վերջնական արտադրանքի համար սահմանված արժեքը թանկ չլինի»: Ծրագրի ղեկավար Գեւորգ Պետրոսյանն ասում է, որ տարին ճիշտ է անձրեւառատ էր, սակայն խոտի առումով աղքատ է: Անցած տարին նույնպես չի փայլել առատությամբ եւ կասկածներ ունի, որ գյուղացին ծղոտը, հիմնականում, որպես անասնակեր կկուտակի: 

«Այս տարի ես մի քիչ կասկածում եմ, որ ծղոտը վառեն, հավանաբար մարդիկ կձգտեն տանել անասնակեր, որովհետեւ խոտի տարի չէ: Մտածում եմ, որ հումքի պակաս կունենանք, դրա համար հրատապ է դառնում երկրորդ աղացի տեղադրումը, որ խաշամը՝ թափած տերեւները, ծառերի ճյուղերը կարողանանք օգտագործել բրիկետի պատրաստման համար,-նկատում է Գեւորգ Պետրոսյանը,-սրան զուգահեռ պիտի հասնենք նաեւ նրան, որ մարդկանց գիտակցության մեջ փոխվի վերաբերմունքը գյուղատնտեսական թափոնների նկատմամբ՝ էն ինչ համարում են աղբ, թափում են, կամ այրում: Երբ իրենք հասկացան, որ աղբից կարող են գումար աշխատել, հենց էդ պահից փոխվելու է կյանքի որակը»:

Գեւորգը բազմիցս է անդրադարձել Հայաստանում առկա էկոլոգիական խնդիրներին: Նրան ուրախացնում է հանգամանքը, որ այս տարվանից կառավարության ուշադրության կենտրոնում է հայտնվել կենսավառելքի արտադրության զարգացման հարցերը: «Անտառային էկոհամակարգերը պահպանելու համար կլիմայի փոփոխության կոնվեցիայի պարտավորություններով Հայաստանը մինչեւ 2050թ-ն անտառաշերտերը կրկնապատկելու խնդիր ունի, այսինքն հիմա ունենք 11 տոկոս, պիտի դարձնենք 20.1 տոկոս: Սա լուրջ պարտավորություն է, սա սարսափելի դժվար իրագործվող ծրագիր է եւ առաջին կարեւորագույն քայլն արված է՝ խստացվել են ծառահատումները: Հաջորդ քայլն իհարկե կենսավառելքի արտադրության զարգացումն է, որից շահելու է թե բնությունը, թե՝ մարդը»,-շեշտում է Գեւորգ Պետրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter