HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

ՀՔԾ-ն ասում է, որ մեղադրյալ դարձած եւ հետախուզվող նախկին պատգամավորին ծանուցագիր ուղարկվել է

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանի վերաբերյալ հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Այս մասին «Հետքին» հայտնել է նախաքննությունն իրականացնող ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

Հիշեցնենք, որ քրգործը հարուցվել է «Հետքի» հոդվածի հիման վրա մարտի 11-ին: Հրապարակման մեջ անդրադարձել էինք պաշտոնյա եղած շրջանում Գեւորգյանի կողմից ԱՄՆ-ում ձեռք բերված անշարժ գույքին, որը ՀՀԿ-ական նախկին պատգամավորը չէր հայտարարագրել:    

ՀՔԾ-ն Գեւորգյանին մեղադրում է հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու եւ ապօրինի հարստանալու մեջ, ու այս պարագայում նրան նույնիսկ մի քանի տարվա ազատազրկում է սպառնում: Սակայն մեղադրյալի կարգավիճակ ունեցող Գեւորգյանը, ինչպես հայտնել է գլխավոր դատախազությունը, 2019-ի փետրվարի 26-ից Հայաստանում չէ:

Ըստ ԳԴ-ի՝ քանի որ հայտնի չէ Գեւորգյանի գտնվելու վայրը, եւ հնարավոր չէ ապահովել նրան նախաքննական մարմնին ներկայացնելը, ՀՔԾ քննիչի կողմից նախկին պատգամավորի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, եւ միջնորդություն է ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է:

ՀՔԾ-ին հարցրել էինք, թե ինչ քայլեր է ձեռնարկել ծառայությունը՝ հետախուզման մեջ գտնվող Գեւորգյանին նախաքննությանը ներկայացնելու համար: Մ. Օհանջանյանը նշել է, որ, նախաքննության շահերից ելնելով, մանրամասներ հայտնել չեն կարող: ՀՔԾ-ին խնդրել էինք նաեւ մեկնաբանել նախկին պաշտոնյայի արձագանքը քրեական գործի վերաբերյալ: Գեւորգյանն ապրիլի 10-ին ֆեյսբուքյան իր էջով հայտարարել էր, որ նախորդ օրվա մամուլի հրապարակումներից է իմացել իրեն մեղադրյալ ներգրավելու մասին:

«Թեեւ տեւական ժամանակ բացակայում եմ Հայաստանից, սակայն պնդում եմ, որ իմ գտնվելու վայրը հայտնի է, ոչ թե «անհայտ», ինչպես տարածվել է իրավապահների մամուլի հաղորդագրության մեջ, ավելին՝ անընդունելի է, որ միայն ՀՀ-ից դուրս գտնվելը իրավապահների եւ դատարանի կողմից հիմք է ընդունվել ինձ հետախուզելու եւ կալանավորման որոշում կայացնելու համար: Որեւէ անգամ ծանուցագիր չի ուղարկվել Հայաստանի իմ հաշվառման հասցե, տվյալ հասցեում ապրում է իմ մայրը, իրավապահները մուտքի դուռն անգամ չեն թակել եւ չեն հարցրել իմ գնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ, ավելին՝ իմ հայաստանյան բջջային հեռախոսահամարը մշտապես հասանելի է եղել, ինձ անգամ զանգով չեն հրավիրել, որ չներկայանամ»,- հայտարարել էր Գեւորգյանը՝ հավելելով, որ «ձեռնարկված քրեական հետապնդումը եւ ընտրված բիրտ գործիքակազմը իրավական չէ, դրա տակ այլ միտում եմ տեսնում, ինչը կապված է իմ անվան եւ շրջապատի հետ»: Հիշեցնենք, որ 2012-2019 թթ. ԱԺ պատգամավորը նախկին (2011-2018 թթ.) ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է:

Այն, որ ծանուցագիր չի ուղարկվել Ա. Գեւորգյանի հաշվառման հասցե, ՀՔԾ խոսնակը մեկնաբանել է այսպես. «Քրեական գործի հարուցումից անմիջապես հետո Արթուր Գեւորգյանին օրենքով սահմանված կարգով ծանուցում է ուղարկվել նրա մշտական բնակության վայր»։

Նկատենք նաեւ, որ Գեւորգյանը 2013-ից Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն է, եւ օգոստոսի 3-ին կայանալու է նախագահի նոր ընտրությունը: Այս մասին ՀԲՖ-ն «Ֆեյսբուքում» հայտարարություն է տարածել Ա. Գեւորգյանի անունից:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter