HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղի ընտրության քվեաթերթիկում ներառվել է 3 դատավորի անուն

Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության քվեաթերթիկում ներառվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 3 դատավորի անուն՝ Անտոնյան Սուրեն Ռաֆիկի, Հակոբյան Գոռ Գագիկի և Միքայելյան Ստեփան Կարոյի։ Այս մասին տեղեկանում ենք «Բարձրագույն դատական խորհրդի» կայքից։ Դատավոր անդամի ընտրությունը տեղի կունենա հուլիսի 31-ին, մինչ այդ՝ հուլիսի 9-ին, օրենքով սահմանված կարգով Դատական դեպարտամենտի ղեկավարի անունից ծանուցագրեր են ուղարկվել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվելու իրավունք ունեցող Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 9 դատավորի, և ստացվել է 6 դատավորի դիմում՝ իրենց անունները քվեաթերթիկում չներառելու մասին:

Նշենք, որ ԲԴԽ-ում դատավոր անդամի տեղը թափուր է մնացել դատավոր Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելուց հետո։

Վերջինս 2018 թվականի նոյեմբերի 8-ին ընտրվել է ԲԴԽ անդամ, սակայն այն ժամանակ ԲԴԽ դատավորի անդամ թեկնածուներից երկուսը՝ Սուրեն Անտոնյանն ու Ստեփան Միքայելյանը, դժգոհություն են հայտնել նրա ընտրվելու կապակցությամբ։ Վճռաբեկ դատարանի արական սեռի ներկայացուցիչ վերը նշված դատավորները, որոնք այս տարի նույնպես մասնակցում են մրցույթին, դժգոհել են, որ Տավարացյանից շատ ձայներ են ստացել, բայց գենդերային հավասարությունը պահպանելու հանգամանքով պայմանավորված՝  Տավարացյանն է դարձել ԲԴԽ անդամ: Նախշուն Տավարացյանն ասում է, որ ստեղծված պայմաններում ստիպված է եղել ընտրվելուց հետո հրաժարվել երդումից։

2019 թվականին հուլիսի 11-ին տեղի ունեցած դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ, սակայն, Տավարացյանը երդվել է՝ որպես ԲԴԽ դատավոր։ Դրան հաջորդել է ԲԴԽ  անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Լիպարիտ Մելիքջանյանի ու Հայկ Հովհաննիսյանի նախաձեռնությունը՝ Նախշուն Տավարացյանի լիազորությունները որպես ԲԴԽ անդամի դադարեցնելու վերաբերյալ։ ԲԴԽ այս անդամներն ասում էին, որ Նախշուն Տավարացյանը 2018 թվականի նոյեմբերից ընտրված լինելով ԲԴԽ անդամ, նիստերին չի ներկայացել, Նախշուն Տավարացյան էլ, ի թիվս այլ փաստարկների, նշում էր, որ եթե ինքը ոչ թե երդվելուց հետո, այլ ընտրվելու պահից սկսած է համարվել ԲԴԽ անդամ, ապա 2018-ից սկսած որոշ արտոնություններից պիտի օգտվեր, օրինակ՝ պետք է իրեն մակագրվող գործերը լինեին ընդամենը 25 %, մինչդեռ ինքը շարունակել է աշխատել նույն ծանրաբեռնվածությամբ, ինչ նախկինում, դատավորի աշխատավարձի մեջ նույնպես տարբերություն չի եղել։ Դատավորն ասել է նաև, որ եթե ինքը համարվում էր ԲԴԽ անդամ, ապա պետք է ծանուցվեր ԲԴԽ նիստերի մասին, մինչդեռ ընտրվելուց ի վեր միայն երկու ծանուցագիր է ստացել։

Ի վերջո, Բարձագույն դատական խորհուրդը որոշում էր կայացրել Տավարացյանի լիազորությունները չդադարեցնելու վերաբերյալ, սակայն դատավորն իր լիազորությունների դադարեցման վերաբերյալ դիմում էր ներկայացրել՝ որոշումը պատճառաբանելով «ԲԴԽ-ի` որպես երկրի իրավական անվտանգությունն ապահովող սահմանադրական մարմնի դերակատարությունն ու Խորհրդի կողմից կայացվելիք որոշումների հեղինակությունը որեւէ ողջամիտ կամ մտացածին ենթադրություններով ստվերելու անթույլատրելիությամբ»:

Նշենք, որ ԲԴԽ անդամի հավակնորդ Սուրեն Անտոնյանը դատավոր է 1999 թվականից։ Մինչ այդ աշխատել է Կենտրոնական բանկում, Արդարադատության նախարարությունում։ Նա Վարչական դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր է նշանակվել 2004 թվականին։

ԲԴԽ անդամի հավակնորդ Գոռ Հակոբյանը ևս դատավոր է 1999  թվականից։ Մինչ այդ աշխատել է Ազգային ժողովի իրավաբանական վարչությունում,  իսկ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր է նշանակվել 2010 թվականին։

Ստեփան Միքայելյանը դատավոր է 2001  թվականից։ Նախկինում եղել է դատախազ, զբաղվում է մանկավարժական գործունեությամբ։  2000  թվականից Հայաստանի ֆրանսիական համալսարանի «մասնավոր իրավունքի» ամբիոնի վարիչն է։ Միքայելյանը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր է նշանակվել 2018 թվականին։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter