HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Մենք ուզում ենք սովորել». բուհ չընդունված դիմորդների բողոքի ակցիան շարունակվում է

Կրթության գիտության մշակույթի եւ սպորտի նախարարության շենքի դիամց շարունակվում է ընդունելության քննությունից դրական միավոր ստացած, սակայն բուհ չընդունված դիմորդների և նրանց ծնողների բողոքի ակցիան։ Պահանջն է՝ հանդիպել նախարար Արայիկ Հարությունյանի հետ։

Արայիկ Հարությունյանը հուլիսի 26-ի ուղիղ եթերով հայտնել է, որ շուրջ 12 հազար դիմորդներից դրական են ստացել, սակայն բուհ չեն ընդունվել 223-ը: Իսկ ուսանողները, որոնք դրական միավոր են ստացել, սակայն չեն ընդունվել բուհ, կարող են դիմել հեռակա ուսուցման համար։ Այսօրվա ակցիայի մասնակիցները հրաժարվում էին հեռակա ուսուցումից։

Հուլիսի 21-ին սկսված բողոքի ակցիայից հետո բուհ չընդունված դիմորդների ծնողները պահանջում են ավելացնել պահանջարկ ունեցող նախապես որոշված տեղերի քանակը: Դիմորդները և ծնողները պնդում են, որ ընդունելության կարգի փոփոխության վերաբերյալ պատշաճ չեն ծանուցվել, ինչի պատճառով էլ մրցույթից դուրս են մնացել։ Այս տարի դիմորդները քննություն են հանձնել մեկ առարկայից, մրցույթն անցկացվել է ընդունելության դիմում-հայտի առաջին տողով նշված մասնագիտության համար։

«Մասնագիտությունների մրցույթն անցկացվել է ընդունելության դիմում-հայտի առաջին տողով ընտրված մասնագիտության՝ անվճար և վճարովի ուսուցման հայտի գերակայությամբ», - այս մասին նված է ԿԳՄՍ-ի կայքում:

Ակցիայի ընթացքում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը ասեց, որ առաջին փուլի արդյունքում դրական միավոր ստացած, սակայն չընդունված բողոքող դիմորդների թիվը 88 է, որից 64-ը դիմել է լրացուցիչ փուլի համար, 63-ն ընդունվել է։ Նա նշեց նաեւ, որ կարող են հանդիպել փոխնախարար Գրիշա Թամրազյանին, սակայն դիմորդները և նրանց ծնողները հրաժարվեցին, ապա փորձեցին մտնել նախարարության շենք։ Դիմորդները նախարարության շենքի դիմաց վանկարկում էին՝ «Մենք ուզում ենք սովորել», ապա հանդիպման պահանջ ներկայացրին նախարարին։ Ակցիայի համակարգող Մասիս Բաբայանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ ակցիան ի շահ երեխաների է, և պետք չէ այն քաղաքականացնել։

Նախարարության ներկայացուցիչներին այդպես էլ չհանդիպելով՝ ակցիայի մասնակիցները նախարարության շենքից «Արայի'կ, հեռացի'ր» վանկարկումներով շարժվեցին դեպի Շահումյան հրապարակ, ապա փակեցին Բեյրութի փողոցը, որից հետո ոստիկանությունը, ուժ գործադրելով, փողոցից հեռացրեց նստացույց իրականացնող ակցիայի մասնակիցներին։ Երկու անձ բերման ենթարկվեց։ Այս մասին «Հետքին» տեղեկացրեց ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը. պատճառը ոստիկանների նկատմամբ անհարգալից վերաբերմունքն է։

Այս պահին, բողոքի մասնակիցները շարունակում են նստացույցը ոստիկանության կենտրոնի բաժնի մոտ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter