HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավոր Գևորգ Նարինյանի կալանավորելու որոշման դեմ բողոքը Վերաքննիչ դատարանում մակագրվել է Տիգրան Սահակյանին

Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանին կալանավորելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը Վերաքննիչ քրեական դատարանում մակագրվել է դատավոր Տիգրան Սահակյանին։ Այս տեղեկությունը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեցին Վերաքննիչ դատարանից։ Դատավոր Տիգրան Սահակյանի աշխատակազմից հայտնեցին, որ գործով նիստի օր դեռևս նշանակված չէ։

Հիշեցնենք, որ սնանկության դատարանի դատավոր Նարինյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, փողերի լվացման, ապօրինի հարստանալու և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու հոդվածներով։ Նույն գործով անցնում է նաև դատավոր Արա Կուբանյանը։ Վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Գևորգ Նարինյանը հուլիսի 20-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ կալանավորվել է։ Նույն դատարանի մեկ այլ դատավոր՝ Աննա Մաթևոսյանը, մերժել է Արա Կուբանյանին կալանավորելու ԱԱԾ-ի միջնորդությունը։ Վերաքննիչ քրեական դատարանում առկա է նաև Դատախազության բողոքը՝ Արա Կուբանյանին չկալանավորելու որոշման դեմ, սակայն այս բողոքը դեռևս չի մակագրվել։

Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը հուլիսի 21-ին  հաղորդագրություն է տարածել՝ դատավորների հետ կապված քրեական գործի վերաբերյալ, հայտնել, որ դատավորներին առնչվող գործով տուժող, սնանկ ճանաչված քաղաքացին Կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզման փորձ էր կատարել՝ դժգոհելով սնանկության վարույթի ընթացքում թույլ տրված չարաշահումներից և դրա արդյունքում ունեզրկման փաստից:

Դատավորները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter