HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Աշակերտների 15-20%-ը չի մասնակցել հեռավար դասընթացներին. ԿԳՄՍ նախարարությունը շարունակում է ճշտել տվյալները

Աշակերտների 15-20%-ը չի մասնակցել հեռավար ուսուցմանը։ Նախարարությունը շարունակում է նրանց վերաբերյալ տեղեկատվության հստակեցումը։ Այս մասին «Հետքի» հարցմանն ի պատասխան տեղեկացրել է կրթության գիտության մշակույթի եւ սպորտի նախարարությունը։ Նախարարությունում մուտքագրվել է շուրջ 500 բողոք հեռահաղորդակցության միջոց կամ ինտերնետ չունենալու պատճառով հեռավար ուսուցմանը չմասնակցելու վերաբերյալ։

Հայաստանում կորոնավիրուսի ի հայտ գալուց եւ տարածվելուց հետո փակվեցին ուսումնական հաստատությունները, այդ թվում՝ դպրոցները։

Մարտի 18-ին աշխատանքը սկսեցին իրականացնել օնլայն։ ԿԳՄՍ նախարարության այս որոշումը քննարկվեց մասնագիտական լսարանի, աշխակերտների ծնողների կողմից, որոնք պնդում էին՝ ոչ բոլոր երեխաներն են ապահովված տեխնիկական հնարավորություններով։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ելույթներում մի քանի անգամ հայտարարեց, որ այն երեխաները, որոնք դուրս են մնացել հեռավար կրթությունից, կունենան հնարավորություն եւ կլրացնեն բացթողածը։

Մի շարք կազմակերպություններ նախարարության հետ միասին անցկացրեցին նաեւ տեխնիկայի հավաքագրում, դրանք ուղարկվեցին տարբեր մարզեր։ Ըստ ԿԳՄՍՆ-ի «Հետքին» տրամադրած տվյալների՝ հավաքագրվել է 3500 տեխնիկական միջոց, որոնք ուղարկվել են տարբեր դպրոցներ։

Դպրոցական արձակուրդի ավարտին մեկ ամիս է մնում, սակայն նախարարությունը դեռեւս հստակ չի ներկայացրել, թե ինչպես կշարունակվի նոր ուսումնական գործընթացը, արդյոք կբացվեն դպրոցները, թե՞ ուսուցումը կշարունակվի հեռավար։

Այնուամենայնիվ, հեռավար ուսուցումը շարունակելու համար դեռեւս ոչ բոլոր աշակերտներն են ապահովված տեխնիկական հնարավորություններով, որի պատճառով էլ չեն կարողանա մասնակցել ուսումնական գործընթացին։

Նախարարությունը շարունակում է  իրականացնել ռիսկերի գնահատում եւ հայտնաբերում, նոր ուսումնական տարում թե' առկա, թե' հեռավար ուսուցում իրականացնելու պարագայում։ Աշխատանքներն իրականացվում են ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ համատեղ։ Ըստ Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի տվյալների՝ հուլիսի  20- ի դրությամբ տեխնիկական եւ ինտերնետ հասանելիության խնդիր ունեցող աշակերտների թիվը 3645  է, որոնցից մի մասը չունենալով ինտերնետ կապ կամ տեխնիկական միջոցներ, այնուամենայնիվ կարողացել է մասնակցել դասերին։ Նախարարությունը շարունակում է վերաճշտել ներկայացված տվյալները։

Նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 1-20-ը նախատեսվում է անցկացնել ամառային դասընթացներ հեռավար կրթությունից նախորդ ուստարում դուրս մնացած աշակերտների համար։ Թե ինչպես է պլանավորում իրականացնել դասընթացը, ԿԳՄՍՆ-ն չի պարզաբանում։ «Հետքի» հարցմանն ի պատասխան՝ միայն տեղեկացրել են, որ հուլիսի 7-ին հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին տրվել է հանձնարարություն ներկայացնելու հեռավար դասընթացից դուրս մնացած աշակերտների տվյալները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter