
Հայկական ուղղաթիռային օպերատորը համալրել է ավիապարկը
«Armenian Helicopters» ավիաընկերությունը, որը քաղավիացիայի միակ ուղղաթիռային օպերատորն է մեր երկրում, իր ավիապարկը վերջերս համալրել է եւս մեկ ուղղաթիռով: Խոսքը «Airbus» ընկերության կողմից թողարկվող «H130 T2» տիպի ուղղաթիռի մասին է, որը, սակայն, իր տեսակով առաջինը չէ հայկական օպերատորի շարժակազմում: Այս մասին տեղեկանում են ՀՀ քաղավիացիայի կոմիտեի հրապարակած ցուցակից:
Հիշեցնենք, որ 2018-ի փետրվարին հիմնադրված եւ նույն տարվա հունիսին օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) ստացած ավիաընկերությունը, որը բազավորվում է «Զվարթնոց» օդանավակայանում, իրականացնում է ոչ կանոնավոր փոխադրումներ Հայաստանի տարածքում եւ դեպի Վրաստան, Ռուսաստան ու Թուրքիա:
Ավիաընկերությունն ունի 1 հատ ամերիկյան «Robinson R66» տիպի ուղղաթիռ (ՀՀ գրանցումը՝ EK-H001, 1 օդաչու + 4 ուղեւոր), որը մինչեւ 2018 թ. Հայաստան բերվելը շահագործվել էր Ռուսաստանում:
Երկրորդ բորտը՝ EK-H002-ը, «Airbus»-ի արտադրած «H130 T2» տեսակից է (հայտնի է նաեւ որպես «EC130 T2», 1 օդաչու + 6 ուղեւոր): Այն մեր երկրում գրանցվելուց (2018 թ.) առաջ կրում էր հունգարական գրանցում:
«Airbus»-ի մեկ այլ մոդել՝ «H125»-ը (հայտնի է նաեւ որպես «AS350 Écureuil», ինչը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է սկյուռ, 1 օդաչու + 5 ուղեւոր), անցյալ տարի Հայաստան է բերվել Ֆրանսիայից եւ մեր ընթերցողներին առավել հայտնի է սանիտարական թռիչքներ կատարելով: Այս բորտը ՀՀ-ում գրանցվել է որպես EK-H004:
Այս տարվա մարտին գրել էինք, որ «Armenian Helicopters»-ի ավիապարկը համալրվել է եւս մեկ «H125»-ով, որը ստացել էր EK-H005 գրանցումը: Բայց վերջինս մեր երկրում շատ չի մնացել ու տեղափոխվել է Ռուսաստան, որի օդանավերի ռեգիստրում էլ ներկայում հաշվառված է որպես RA-07340:
Հայկական օպերատորի հերթական ուղղաթիռը, որը, ինչպես ասվեց, նույնպես «H130 T2» տիպի է, մեր երկրում վերջերս է գրանցվել իբրեւ EK-H006: Այսինքն՝ «Armenian Helicopters»-ը ներկայում կրկին ունի 4 ուղղաթիռ, ինչը գուցե տարօրինակ թվա, բայց հայկական ավիաընկերությունների շարժակազմերի մեջ ամենամեծ թիվն է:
Համացանցում գտել ենք կադրեր, որոնցում այս վերջին ուղղաթիռը Հայաստան ժամանելու ճանապարհին է, ավելի կոնկրետ՝ Իտալիայի Պեսկարա քաղաքի օդանավայանում: Դրա վրա տեսանելի է EK-H006 հայկական գրանցումը, որը, սակայն, փակված է, քանի որ այդ պահին դեռեւս վավեր է եղել ուղղաթիռի ֆրանսիական F-WTBG գրանցումը:
Լուսանկարները՝ ֆեյսբուքյան «Pescara Spotters» էջից
Մեկնաբանել