HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՍԴ դատավորների թեկնածուների առաջադրումներն ուղարկվել են խորհրդարան

Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորների թափուր պաշտոններում առաջադրումների հայտարարությունները տեղադրվել են խորհրդարանի կայքում:

Կառավարությունն առաջադրել է Վահրամ Ավետիսյանի, դատավորների ընդհանուր ժողովը` Երվանդ Խունդկարյանի, Հանրապետության նախագահը` Արթուր Վաղարշյանի թեկնածությունները: Վահրամ Ավետիսյանը իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ: Աշխատել է նաև գլխավոր դատախազությունում, 2015 թվականից գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի անդամ է:

Ավետիսյանի հայրը 2008-2016 թվականներին Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնում պաշտոնավարած Դավիթ Ավետիսյանն է: Մարտի մեկի զոհերի հարազատները սակայն վրդովվել են այս առաջադրման առնչությամբ: Ավետիսյանը պնդում է` ընտրվելու պարագայում շահերի հնարավոր բախման դեպքում չի մասնակցի այն գործերի քննությանը, որոնց ներքո լինի իր հոր ստորագրությունը: Իսկ առհասարակ Ավետիսյանն ընդգծում է` չի պատրաստվում արդարացնել դատական համակարգի առկա խնդիրները, նաև դառնալ դատական համակարգի մեղքերի քավության նոխազ:

Դատավորների ընդհանուր ժողովն առաջադրել է Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը: Խունդկարյանը այն քիչ դատարանների նախագահներից էր, որը այս տարվա փետրվարին խորհրդարանում մասնակցեց Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի խորհրդարանական լսումներին, ելույթով հանդես եկավ, պատասխանեց մասնակիցների հարցերին:

Խունդկարյանը դատական համակարգում աշխատանքի շուրջ 20 տարվա փորձ ունի, նախ աշխատել է տնտեսական դատարանում, ապա Վերաքննիչ քաղաքացիական, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում որպես դատավոր, ապա` նախագահ: Վաստակավոր իրավաբան է:

Հանրապետության նախագահն էլ արդեն երկրորդ անգամ առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը, վերջինս իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ:

Նախորդ առաջադրումը նախագահը կատարել էր 2019 թվականի մայիսի 15-ին: Այն ժամանակ Վաղարշյանի թեկնածությունը հինգերորդ մերժվածն էր, ապա ՍԴ դատավորի թափուր տեղը համալրվեց Վահե Գրիգորյանի թեկնածությամբ:

Տեղեկացնենք նաև, որ մեկ այլ մերժված թեկնածու` Գոռ Հովհաննիսյանը, հայտնել էր, որ նախագահի գրասենյակից ևս մեկ անգամ առաջարկել են ներկայացնել իր թեկնածությունը, սակայն ինքը մերժել է: Իր որոշումը Հովհաննիսյանը բացատրել էր հետևյալ կերպ` երեք դատավորների պաշտոնից ազատումը հակասահմանադրական է, ուստի չի կարող իրեն թույլ տալ առաջադրվել հակասահմանադրական ճանապարհով թափուր մնացած տեղի համար:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրությունում փոփոխություն է կատարել, ըստ որի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները որպես նախագահ դադարել են, իսկ ՍԴ անդամ-դատավորներ Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը, Ալվինա Գյուլումյանը չեն պաշտոնավարում: Փոփոխությունների էությունն այն էր, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում էր ավարտված, և պաշտոնավարումը դադարում էր:

Նույն կերպ դադարում էր մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահի լիազորությունները:

Վերոնշյալ անձինք, սակայն, այդ փոփոխության իրավաչափությունը չեն ընդունում` պնդելով, որ Սահմանադրությունը չի կարող փոխվել առանց Սահմանադրական դատարանի մասնագիտական եզրակացության:

Սահմանադրության համաձայն` ՍԴ դատավորի թափուր պաշտոն լինելու դեպքում իրավասու մարմինները երկամսյա ժամկետում թեկնածու են ներկայացնում խորհրդարան, որից հետո պատգամավորները փակ-գաղտնի քվեարկությամբ կատարում են իրենց ընտրությունը:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց, որ ՍԴ դատավորների ընտրության հարցով կարող է արտահերթ նիստ հրավիրվել: Վերջինս հիշեցրեց, որ առաջադրումների ժամկետը լրանում է օգոստոսի 26-27-ին, հետևաբար խորհրդարանը կարող է և ՍԴ դատավորների ընտրություն կատարել աշնանային նստաշրջանի ընթացքում: Այժմ արտահերթ նիստ հրավիրելու դեպքում պատգամավորները պետք է հետ կանչվեն արձակուրդից:

Տեղեկացնենք նաև, որ այնուամենայնիվ պատգամավորները արձակուրդից սահմանված ժամկետից ավելի շուտ կվերադառնան, քանի որ հայտնի է` արտակարգ դրության ժամկետը երկարաձգվելու է, հետևաբար հրավիրվելու է հատուկ նիստ` այդ օրակարգով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter