HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավոր Արա Կուբանյանը չի կալանավորվի, իսկ Գևորգ Նարինյանի կալանքի դեմ բողոքի գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր քննել է սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանին կալանավորելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Նարինյանի պաշտպաններից Վարազդատ Բադալյանը՝ հայտնելով, որ Նարինյանն այսօր բերվել է դատարան ու մասնակցել իր խափանման միջոցի գործի քննությանը։

Նշենք, որ բողոքը Վերաքննիչ դատարանում մակագրվել էր դատավոր Տիգրան Սահակյանին, սակայն վերջինիս արձակուրդ մեկնելու պատճառով գործը վերամակագրվել է դատավոր Ռուզաննա Բարսեղյանին։ Դատարանն այսօր ավարտել է բողոքի քննություն ու հեռացել խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Հիշեցնենք, որ սնանկության դատարանի դատավոր Գևորգ  Նարինյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, փողերի լվացման, ապօրինի հարստանալու և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու հոդվածներով։ Նույն գործով անցնում է նաև դատավոր Արա Կուբանյանը։ Վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Գևորգ Նարինյանը հուլիսի 20-ին կալանավորվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ։  Նույն դատարանի մեկ այլ դատավոր՝ Աննա Մաթևոսյանը, մերժել է Արա Կուբանյանին կալանավորելու ԱԱԾ-ի միջնորդությունը։ Դատավոր Աննա Մաթևոսյանի այս որոշումը վերաքննիչ դատարանում բողոքարկել են և՛ Կուբանյանի պաշտպանները, և՛ դատախազությունը։

Չնայած Կուբանյանը չի կալանավորվել՝ առաջին ատյանի դատարանը գտել է, որ առկա է հիմնավոր կասկած այն մասին, որ նա կատարել է իրեն վերագրվող արարքը, և Կուբանյանի պաշտպաններն այս մասով են վերաքննիչ բողոք ներկայացրել։ Դատախազությունն էլ վերաքննիչ բողոքով պահանջել է կալանավորել Կուբանյանին։

Վերջինիս պաշտպան Հովսեփ Սարգսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Դատախազության և պաշտպանների բողոքները ևս մակագրվել են դատավոր Ռուզաննա Բարսեղյանին, երկու օր առաջ՝ օգոստոսի 5-ին դատավոր Բարսեղյանը որոշել է մերժել և՛ պաշտպանների, և՛ Դատախազության բողոքը։ Այսպիսով՝ Արա Կուբանյանը կշարունակի գտնվել ազատության մեջ։

Նշենք, որ դատավորների մեղադրանքը կապված է նրանց՝ սնանկության դատարանի դատավորի գործունեության հետ։  Նրանք իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։

Ազգային անվտանգության ծառայությունը հուլիսի 21-ին  հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով,  որ դատավորներին առնչվող գործով տուժող, սնանկ ճանաչված քաղաքացին Կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզման փորձ է կատարել՝ դժգոհելով սնանկության վարույթի ընթացքում թույլ տրված չարաշահումներից և դրա արդյունքում ունեզրկման փաստից: Այդ քաղաքացին, ի դեպ, այսօր Գևորգ Նարինյանի խափանման միջոցի գործով նիստին ընթացքում միայնակ բողոքի ակցիա է իրականացրել դատարանի դիմաց։

Լուսանկարում՝ ձախից՝՝ Գևորգ Նարինյանը, աջից՝ Արա Կուբանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter