HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղետ՝ Բեյրութում. պատմում են հայ ականատեսները

Օգոստոսի 4-ին Վարանդա Յակուբյանը սովորականի պես մտավ Բեյրութի նավահանգստի մոտ գտնվող սրճարան։ Այդտեղ հաճախ էր լինում՝ աշխատանքից հետո դասերն անելու, կենտրոնանալու համար։ Սակայն վերջին շրջանում կորոնավիրուսի պատճառով սրճարան այցերն ավելի հազվադեպ էին։ Այդուհանդերձ, այդ երեքշաբթի՝ օգոստոսի 4-ին, Լիբանանի մայրաքաղաքում եռուզեռ էր սկսվել, քանի որ մինչ այդ Բեյրութը 5-օրյա «լոքդաունի» մեջ էր։ Մարդիկ շտապում էին իրենց աշխատավայրերը։ Երեկոյան Վարանդան մտել էր սրճարան, որտեղ այցելուների մեծ մասը երիտասարդներ էին։ Հազիվ էր հասցրել տեղավորվել, երբ շատ ուժեղ ձայն լսվեց։ Ներսում գտնվող մարդիկ ցնցվել էին։ Առաջին պայթյունի ժամանակ ենթադրել էին, թե ռազմական ինքնաթիռ է անցել երկնքով, ինչը Լիբանանում սովորական է դարձել տեղացիների համար։ Քիչ անց ավելի մեծ պայթյուն եղավ։ Սրճարանը կիսափլատակ դարձավ վայրկյանների ընթացքում։

«Գրեթե բոլոր ներկաները վիրավորվեցին, ներառյալ՝ ես։ Բոլորը ցնցված էին եւ սարսափած, որովհետեւ ոչ մեկ չգիտեր, թե ինչ պատահեց, արդյոք պիտի շարունակվի, թե ոչ։ Շուրջս փլատակ էր, արյունլվա։ Հազիվ կարողացա ինձ գտնել, ապակիներով ծածկված էի։ Մի քանի րոպեից զանգ ստացա ծնողներիցս, ովքեր գտնվում էին Բուրջ Համուդում, որը եւս մեծ վնասներ էր կրել։ Երբ դժվարությամբ դուրս եկա փլատակներից, շուրջս տեսարանը շատ սարսափելի էր՝ քարուքանդ, ավտոմեքենաները վնասված, շենքերը փլված, մարդիկ՝ սարսափած եւ շվարած, արյունլվա, փողոցներով վազում էին»,- պատմում է Բեյրութի բնակիչ Վարանդա Յակուբյանը։

Դեպքի վայր Վարանդային օգնության էր հասել եղբայրը: Երիտասարդ աղջիկը գլխից մինչեւ ոտքերը բազմաթիվ վերքեր էր ստացել, նաեւ ատամներն էին վնասվել՝ երկուսը փշրվել էին։ Հայուհուն տեղափոխել էին «Լիբանանահայ օգնության խաչ» կազմակերպություն, որը «Հայ օգնության միության» (ՀՕՄ) տեղի մասնաճյուղն է, այստեղ Վարանդայի մարմնից հանել են ապակիները։ Դեպքից ավելի ուշ է Վարանդան իմացել, որ պայթյունները եղել են նավահանգստում։

«Եթե նույնիսկ բոլոր վերքերը բուժվեն, շենքերը վերակառուցվեն, այս պատահարն ու դրա ազդեցությունը երկար պիտի մնան մեր մեջ, որովհետեւ կորուստը շատ մեծ է, հատկապես՝ մարդկայինը։ Լիբանանի ժողովուրդն արդար պատիժ է պահանջում բոլոր նրանց համար, ովքեր այս ոճրագործության պատճառ դարձան»,- ասում է Վարանդա Յակուբյանը։

Նույն օրը Երեւանից օդանավով Բեյրութ էր վերադառնում Վազգեն Չեքիջյանը, ով մարտի 17-ից Հայաստանում էր ու կորոնավիրուսի պատճառով երկար ժամանակ չէր կարողանում վերադառնալ Լիբանան։

Պայթյունի ժամանակ՝ Բեյրութի ժամանակով 18:10-ի սահմաններում, լիբանանյան «Middle East Airlines» ավիաընկերության ինքնաթիռն օդում էր։ Վայրէջքը մայրաքաղաքի հարավում գտնվող օդանավակայանում ժամը 19-ին էր։ Ուղեւորները երկնքում ոչինչ չեն զգացել, եւ միայն օդանավակայանում են տեղեկացել աղետի մասին։ Վազգեն Չեքիջյանը հիշում է, որ տուն հասնելու համար տաքսի էր պատվիրել, որը 30 րոպե ուշացումով էր եկել։ Օդանավակայանից մինչեւ տուն 20 րոպեի ճանապարհ է, սակայն այն կարողացել են անցնել մոտ 1 ժամում։ Չնայած ոստիկանությունը փակել էր փողոցները, տաքսու վարորդը Վազգենին կարողացել է տանել նավահանգստի մոտով։ «Ճանապարհին տեսա ավերակներ, տեղաշարժված մեքենաներ, տապալված ծառեր, պատշգամբներից թափված քարեր։ Երբ հասանք նավահանգստի մոտ, ձախ կողմում ծովն էր, աջում՝ փլատակները... Շատ նեղված սրտով հասա տուն»,- պատմում է Վազգեն Չեքիջյանը։

Սանահին Տավրոսն օգոստոսի 4-ին մայրաքաղաքում չի եղել, դեպի հյուսիս էր գնացել։ Վերադառնալուց հետո ուրիշ քաղաք է տեսել՝ լի աննկարագրելի ցավով։

Սանահինը նկատում է, որ Լիբանանում քաղաքական եւ անվտանգային ցնցումները խորթ չեն տեղացիներին: Ասում է, որ իր ծնողները 15 տարի քաղաքացիական պատերազմ են տեսել, ինչի մասին ամեն առիթով խոսում են։ «Մենք 2006 թվականին Իսրայելի հետ պատերազմ ենք տեսել։ Գիտենք, թե ինչ են [ռազմական] ինքնաթիռի ձայնը, ռմբակոծման ձայնը, փլված շենքերը, զոհված մարդիկ, անապաստան մնացած ընտանիքները։ 2005-ից հետո տեսել ենք 15 քաղաքական սպանություններ։ Այդ ժամանակ էլ ենք տեսել ավերածություն, զոհված ու վիրավոր մարդկանց... Սրանք խորթ չեն մեզ համար, բայց այն, ինչ եղավ օգոստոսի 4-ին, անբացատրելի է»,- ասում է «Հետքի» զրուցակիցը։

Սանահինն ու նրա ընտանիքը վնասներ չեն կրել, նրանց տունը Բեյրութի նավահանգստից համեմատաբար հեռու է եւ չի քանդվել, բայց ասում է, թե ցավը խորն է, երբ շուրջդ տեսնում ես զոհեր, վիրավորներ ու անտուն մնացած մարդկանց։ Աղետալի պայթյունների հետեւանքով ավելի քան 150 զոհ կա, 5000 վիրավոր, 300 հազար անտուն մնացածներ։ Սանահինը նշում է, թե մարդիկ հույս ունեին, որ քաղաքական ու տնտեսական վատ վիճակում գտնվող Լիբանանում դրությունը կփոխվի դեպի դրականը, դրա համար էլ չարտագաղթեցին, սակայն այսօր ավելի լավ կյանքի մասին չեն մտածում, փոխարենը, Սանահինի խոսքով, միայն փափագում են, որ սրանից ավելի վատ չլինի։

Սանահինը կարեւորում է այն հանգամանքը, որ այս օրերին Հայաստանից, Արցախից եւ Ջավախքից զորակցական խոսքեր են հնչում Լիբանանի ժողովրդի ու հայ համայնքի հասցեին, անգամ անծանոթներն են հետաքրքրվում, թե ինչպես կարող են օգտակար լինել։ «Մարդկային կորուստներ, անօթեւան մնացած մարդիկ, քանդված տներ, խանութներ, եկեղեցիներ, մշակութային, երիտասարդական կենտրոններ, մի խոսքով՝ այն ամենը, ինչ աշխույժ էր պահում համայնքը, եւ որոնք պետք է շենացնել նորից»,- նշում է մեր զրուցակիցն ու առաջարկում օգնելու ցանկություն ունեցողներին մասնակցել ՀՕՄ-ի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած դրամահավաքներին։

Օգոստոսի 4-ի պայթյունների ժամանակ Մկրտիչ Ավետանյանը փողոցում է եղել՝ նավահանգստից մի քանի թաղամաս հեռու։ Առաջին պայթյունի ձայնը լսելիս նախ կարծել է, որ Իսրայելն է հարձակվել Լիբանանի վրա։ Ասում է՝ երբ առաջին պայթյունի ձայնը լսվեց, մարդիկ օդ նայեցին, արեւը երեւում էր, հետո ալիք եկավ, ու արեւն այլեւս չէր երեւում։

«Այնպիսի զգացողություններ էին, կարծես, աշխարհի վերջն էր։ Շատ սարսափելի զգացողություններ էին, երբ դու փողոցում ես, մեքենաները օդ են բարձրանում, քեզ էլ թռցնում է, եւ դեռ չգիտես, թե ինչ է կատարվել»,- հիշում է Մկրտիչը, ով, բարաբեխատաբար, չի տուժել։ Փոխարենը նրա տան ապակիներն են կոտրվել ու պատերը վնասվել: Ասում է՝ փառք է տալիս, որ աշխատավայրում չի եղել։ Մկրտիչը երկու տարի առաջ Բեյրութում սրճարան-բար է հիմնադրել, որը երկրորդ պայթյունի հետեւանքով ավերվել է։

Ասում է՝ այդ շրջանը, կարծես, պատերազմական դաշտ դարձած լիներ՝ քանդված շենքեր, մեծ ու փոքր խանութներ, սրճարաններ ու ճաշարաններ։ Մեր զրուցակիցը նկատում է, որ եթե նույնիսկ մի օր իր սրճարանը վերականգնի, տարածքն արդեն լի է սգով։

Մկրտիչը հիմա աշխատանք չունի։ Ասում է, որ իր ոլորտում առհասարակ շարժ չկա՝ հաշվի առնելով նաեւ Լիբանանի տնտեսական խնդիրները։ Տեղի ունեցածը, ըստ Մկրտչի, կարող է նաեւ ազդակ լինել Հայաստան փոխադրվելու համար։ Արդեն մի տարի մտածում է այդ մասին։ «Ենթադրում եմ, որ կգամ Հայաստան եւ կբացեմ իմ գործը։ Միշտ նախընտրել եմ Հայաստան գալ։ Այդտեղ ավելի հարազատ է ինձ։ Իսկ այստեղ արդեն դժվար է»,- ասում է «Հետքի» զրուցակիցը։

Փաթիլ Գեւորգյանը պայթյունի ժամանակ մոր հետ շուկայից տուն էր վերադառնում։ Երբ լսել են առաջին պայթյունի ձայնը, սկզբից չեն իմացել, թե ինչ է եղել, հետո տեսել են, որ մարդիկ օդ են նայում, իսկ երկրորդ պայթյունի ժամանակ զգացել են ուժգին ցնցումը։ Սկսել են զանգել հարազատներին. հայրը պայթյունի ժամանակ նավահանգստին մոտ թաղամասերից մեկում է եղել, բայց, բարեբախտաբար, չի տուժել, միայն մեքենան է վնասվել։

Փաթիլն այժմ մասնակցում է ավերված հայկական թաղամասերի մաքրության նախաձեռնությանը, որին միացել են բազմաթիվ երիտասարդներ։ Աշխատանքը շատ է, Փաթիլի խոսքով, Բուրջ Համուդում (Բեյրութի արվարձան հայաշատ քաղաք է) արդեն ավարտել են մաքրությունը, քանի որ այն համեմատաբար քիչ է տուժել։

«Հիմա, անկեղծ ասած, ապագայի մասին չեմ մտածում, երեքշաբթի օրվանից մինչ օրս ապրում ենք ներկայով, թե ինչպես օգնենք։ Այս պահին ավելի հեռուն չենք նայում։ Ամեն մեկը փորձում է իր կարեցածի չափով ուրիշին օգնել»,- ասում է Փաթիլ Գեւորգյանը։

Առաջին լուսանկարը՝ «Getty Images»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter