HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանից՝ Լիբանանին․ երրորդ մարդասիրական չվերթը կկայանա այսօր

Այսօր երեկոյան նախատեսված է Հայաստանից Լիբանան ուղարկվող մարդասիրական օգնության երրորդ առաքումը։ Ինչպես նախորդ երկուսը, այս մեկը եւս կիրականացնի «Ավիակոմպանիա Արմենիա» ընկերության օդանավը։ Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, երրորդ չվերթով Բեյրութ կուղարկվի թե՛ պարեն, թե՛ դեղորայք։

Հիշեցնենք, որ առաջին երկու թռիչքները կազմակերպվել էին օգոստոսի 8–ին եւ 9–ին։ Ըստ Սինանյանի՝ երեք դեպքում էլ բեռի ծավալը շուրջ 12 տոննա է։ Առաջին չվերթով Լիբանանի կառավարությանն ու ժողովրդին ուղարկվել է դեղորայք եւ առողջապահական գույք, երկրորդով՝ պարեն եւ դեղորայք, որը նախատեսված էր տեղի հայ համայնքի համար (Սինանյանի տեղեկացմամբ՝ պարենի մատակարարումը ստանձնել է Արցախի կառավարությունը), իսկ երրորդ չվերթով, ինչպես ասվեց, նույնպես կտեղափոխվի պարեն եւ դեղորայք, որոնք կրկին նախատեսված են Լիբանանի կառավարության եւ ժողովրդի կարիքների համար։  

Այսօր կայացել է նաեւ լիբանանյան «Middle East Airlines» ավիաընկերության Բեյրութ–Երեւան–Բեյրութ հերթական չվերթը։ Հիշեցնենք, որ նման նախորդ չվերթը օգոստոսի 4–ին էր, ընդ որում՝ լիբանանյան ինքնաթիռի՝ Երեւանից Բեյրութ վերադարձի ճանապարհին էին հենց տեղի ունեցել աղետալի պայթյունները Բեյրութի նավահանգստում։

Զ․ Սինանյանը, ով հայկական պատվիրակության կազմում առաջին չվերթով ամսի 8–ին մեկնել էր Լիբանան, հայտնել է, որ հայկական նույն օդանավով Հայաստան է ժամանել 37 լիբանանահայ, չնայած մինչ այդ էլ՝ դեռ ողբերգական պայթյուններից առաջ, «Middle East Airlines»–ի կողմից շաբաթը մեկ իրականացվող վերջին 4 թռիչքներով ՀՀ է տեղափոխվել մոտ 300 լիբանանահայ՝ մշտական բնակության։    

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter