HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

13.7 % անկում՝ երկրորդ եռամսյակում. ինչպես է գահավիժել Հայաստանի տնտեսությունը

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում գրանցված 3.9 % տնտեսական աճին երկրորդ եռամսյակում հաջորդել է շեշտակի անկումը։ Երկրորդ եռամսյակում (2020թ. ապրիլ-հունիս), նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական անկումը կազմել է 13.7 %։ 

Համավարակի այս օրերին տնտեսական վիճակագրության կարևորությունն ավելի է մեծանում։ Տնտեսությամբ հետաքրքրվողները ուշի-ուշով հետևում են, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում, ինչպես է համավարակն ազդում տնտեսության այս կամ այն ճյուղի վրա։ Եվ, ահա, Վիճակագրական կոմիտեն (ՀՀ ՎԿ) ամփոփել է երկրորդ եռամսյակի տնտեսական աճի՝ ՀՆԱ-ի փոփոխությունների պատկերը։

Այդ ցուցանիշները վկայում են, որ երկրորդ եռամսյակում գրանցված 13.7 % տնտեսական անկման վրա ամենամեծ ազդեցությունն ունեցել են առևտրի ու ծառայությունների ոլորտը, որը վերջին տարիներին ապահովում է Հայաստանի համախառն ներքին արդյունքի կեսից ավելին։

Մարտի սկզբից Հայաստան «ներխուժած» նոր կորոնավիրուսը, արտակարգ դրության հաստատումն առաջին հարվածները հասցրին հենց ծառայություններին ու առևտրին, սակայն անմասն չեն մնացել տնտեսության մի շարք ոլորտներ ևս։

Վիճկոմիտեի առանձնացրած քսան ոլորտներից միայն վեցն են երկրորդ եռամսյակը աճով փակել։ Դրանք են՝ հանքարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, կապը, ֆինանսական ոլորտը, կրթությունը և պետական կառավարումը (պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովում):

Ընդ որում՝ հանքարդյունաբերության ցուցանիշներից, նույնիսկ, դժվար կլիներ ենթադրել, որ երկրում տնտեսական ճգնաժամ է, արտակարգ դրություն է հայտարարվել։ Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ծավալները այս տարվա երկրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, 22.4 %-ով ավելացել են։

Կապի ոլորտի աճը ևս տեսանելի է՝ 15.2 %: Անզեն աչքով էլ նկատելի էր, որ արտակարգ դրության պայմաններում կապի ծառայությունների պահանջարկն ավելացել է։

Պետական կառավարման, պաշտպանություն և պարտադիր սոցիալական ապահովագրության ոլորտում ևս աճը տեսանելի է՝ 23.9 %: Միևնույն ժամանակ, մի շարք ոլորտներում շեշտակի անկում ունենք, ինչպես՝ կացության և հանրային սննդի կազմակերպման (հյուրանոցներ, ռեստորաններ ու սրճարաններ), անշարժ գույքի հետ կապված գործունեության, մշակող արդյունաբերության, առևտրաշրջանառության և այլն։

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ն ընթացիկ գներով կազմել է մոտ 1 տրլն 271 մլրդ դրամ։ Ներկայացված առաջին գրաֆիկում կարող եք տեսնել, թե ինչպես է բաշխվել այդ արդյունքը՝ որ ոլորտը որքան ծավալ է ապահովել, ինչպես նաև՝ աճը կամ անկումը 2019 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ։

Եթե ըստ խոշորացված ճյուղերի ենք դիտարկում, ապա տեսնում ենք, որ այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանի համախառն ներքին արդյունքի 56.5 %-ը ապահովել են առևտուրն ու ծառայությունները։ Սա բոլորովին նորություն չէ, քանի որ առևտուրն ու ծառայությունները մշտապես մեծ կշիռ են ունեցել Հայաստանի տնտեսության մեջ։ Հետևաբար, տնտեսական անկման «բեռը» հենց այս երկու ոլորտն են կրել։

Երկրորդ եռամսյակում գրանցված 13.7 % տնտեսական անկման 7.64 տոկոսային կետը առևտրի ու ծառայությունների ոլորտն է «ապահովել»։ Այսինքն՝ առևտուրն ու ծառայությունները այդ չափով զսպել են տնտեսական աճը։

Տնտեսական անկման վրա շինարարության բացասական ազդեցությունը Վիճկոմիտեն գնահատել է 2.42 տոկոսային կետ, արդյունաբերությանը՝ 1.04 տոկոսային կետ, արտադրանքի հարկերը (հանած սուբսիդիաները)՝ 2.27 տոկոսային կետ։ Միայն գյուղատնտեսությունն է, որ շատ փոքր չափով դրական շարժ է ունեցել՝ 0.03 տոկոսային կետ։

Մեկ շնչին բաժին ընկող ՀՆԱ-ն ևս կրճատվել է

Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն մարդկանց բարեկեցության, կենսակերպի մակարդակի կարևոր ցուցիչ է։ Դրա նվազումը կարող է վկայել, որը մարդկանց բարեկեցությունը ևս նվազել է։ Չնայած մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ-ի վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ, օրինակ՝ բնակչության թվի նվազումը, սակայն բոլոր դեպքերում դրա նվազումը պետք է ուշադրության արժանանա իշխանությունների կողմից։

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով կազմել է 429 399 դրամ կամ 886 ԱՄՆ դոլար։ Սա այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն եռամսյակում այն եղել է 500 294 դրամ կամ 1 040 դոլար։

Հիշեցնենք, որ Էկոնոմիկայի նախարարության գնահատականներով՝ 2020 թվականի տարեկան արդյունքներով Հայաստանի տնտեսությունը շուրջ 5 % տնտեսական անկում կգրանցի։ Իսկ Կենտրոնական բանկն ավելի վաղ 4 % տնտեսական անկում է կանխատեսել։

Գլխավոր լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter