HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Գեոպրոմայնինգ Գոլդ»-ը Սոթքի բնակչությանը թունավորում է ամեն օր, «փոխհատուցում»՝ 5 տարին մեկ անգամ

Սոթքը կարող էր հանրապետության ամենաբարեկարգ բնակավայրերից մեկը լինել, եթե  այնտեղ գտնվող Հայաստանի ոսկու աամենամեծ հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը փոքր-ինչ բարյացակամ գտնվեր: Մինչդեռ, այն հանրապետության բարձրլեռնային գյուղերի մեծ մասի նման փոշոտ փողոցներով, միհարկանի աղքատիկ տներով, կիսաքանդ շինություններով անխնամ գյուղ է: Անգամ միավորված 18 բնակավայրի համայնքային կենտրոն դառնալուց հետո Սոթքի աղքատիկ ու անբարեկարգ տեսքը դույզն-ինչ չի փոխվել:

Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի 1780 բնակիչները տարին բոլոր շնչում են հանքավայրից և լցակույտերի տարածքից բարձրացող մոխրագույն թունավոր փոշին: Հանքի տարածքից դուրս եկող ստորգետնյա ջրերն աղտոտված են ծանր մետաղներով և տոքսիկ նյութերով: Դրանք լցվում են Սոթք գետը, որով բնակիչները ոռոգում են իրենց բանջարանոցներն ու հողատարածքները: Սոթքը, միանալով Մեծ Մասրիկ գետին, թափվում է Սևանա լիճը:

Բնակիչներին զայրացնում է իրենց նկատմամբ հանքավայրի տնօրինության ցուցաբերած սառնասիրտ ու քամահրական վերաբերմունքը: Նրանց կարծիքով՝ ընկերությունը կարող է մեղմացնել հանքի շահագործման բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, եթե ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառի և հանքը փակ շահագործի, բայց չի ցանկանում: Բնակիչներից Վարդան Հայրապետյանն ասում է, որ ընկերությունը հանքից ներքև փոսեր է արել աղտոտված ջուրը կուտակելու համար, այնտեղից էլ լցնում են Սոթք գետը: «Միշտ պահանջել ենք, որ գետը չաղտոտեն, մեզ պատասխանում են, թե մաքրման կայան ենք սարքելու, բայց ոչինչ չեն անում: 20 տարի է սպասում ենք, որ մաքրման կայան կառուցեն, երևի էդքան էլ պիտի սպասենք»,- ասում է Վ. Հայրապետյանը:

Օրեր առաջ նրանք դուրս էին եկել փողոց և հանքավայրի տնօրինությունից պահանջում էին վերացնել բնապահպանական նորմերի խախտումները: Տնօրինությունը խոստացավ հանդիպել բնակիչներին և քննարկել բարձրացված հարցերը: Հաջորդ օրը, սակայն, «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը հայտարարություն տարածեց, որով անհիմն էր որակում բնակչության բողոքը: Ընկերությունը պնդում է, որ «հանքը շահագործվում է անվտանգության չափանիշներին և բնապահպանական նորմերին համապատասխան: Միաժամանակ, բնապահպանական և սոցիալական ծրագրեր իրականացնելու միջոցով փոխհատուցում է պատճառված վնասը:

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքի համաձայն՝ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ունեցող ընկերությունների վճարած բնապահպանական հարկից մասհանումներ են կատարվում այն համայնքներին, որոնց տարածքում նշված ընկերությունների գործունեությունը վնասակար ազդեցություն է թողնում:

Օրենսդրությունը մետաղական հանքերի պատճառած վնասը փոխհատուցելու հետևյալ տարբերակներն է կիրառում՝ բնապահպանական վճարի տեսքով և ազդակիր համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերին մասնակցելով: Սոթքի հանքավայրի ազդակիր համայնք է ճանաչվել միայն Սոթք գյուղը: Բնապահպանական վճարը «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը փոխանցում է պետական բյուջե, որից կառավարությունը որոշակի մասհանում է կատարում համայնքին: Սոթքին վճարվող բնապահպանական վճարը շատ փոքր է՝ տարեկան մոտ 2 մլն 200 հազար դրամ: Մասհանումների չափերի մասին հիշյալ օրենքի հոդվածը չափազանց խրթին է շարադրված, հասարակ մահկանացուները հազիվ թե գլուխ հանեն այն հաշվարկից, որը կիրառում է կառավարությունը գյուղին մասհանում կատարելիս:

Բնապահպանական սուբվենցիա ստանալու համար համայնքի ղեկավարը պետք է բնապահպանական և առողջապահական ծրագիր ներկայացնի ավագանու հաստատմանը: Այնուհետև հայտը ներկայացնի շրջակա միջավայրի և առողջապահության նախարարություններ: Նրանց հաստատումից հետո պետական բյուջեից գումարը կփոխանցվի համայնքային բյուջե:

«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը Սոթքի հանքավայրը սկսել է շահագործել 2007 թ.-ից: 2017թ.-ին համայնքը խոշորացվել է, և ներկայիս ղեկավարությունն անտեղյակ է նախորդ տարիների բնապահպանական սուբվենցիայի ծախսերից: Վերջին անգամ Սոթքի համայնքապետարանը բնապահպանական վճար ստացել է 2015 թ.-ին՝ 5 տարվա համար մոտ 11 մլն դրամ: Ծրագիրը ներկայացված է եղել համայնքում զբոսայգի հիմնելու համար, այն կիսակառույց վիճակում է, տարածքն ընդամենը պարսպապատված է:

«Փոքր գումար է, ամեն տարի չենք ստանում, թողնում ենք հավաքվի, որ հետո շարունակենք զբոսայգու կառուցման համար ներդնել»,- ասում է Գեղամասար համայնքի ղեկավարի խորհրդական Դավիթ Շահնազարյանը: Նա հայտնեց, որ այս տարի համայնքապետարանը հայտ կներկայացնի վերջին 5 տարիներին կուտակված գումարը ստանալու համար, որպեսզի այգին ավարտին հասցնեն:

Ծրագիրն առողջապահական մաս չի ունեցել, որովհետև այդ փոքր գումարով որևէ նշանակալից բան չես կարող անել: Այդուհանդերձ, հանքավայրը շահագործող ընկերությունը կարող էր ինչ-որ բան անել գյուղի ամբուլատորիայի համար, օրինակ՝ ապահովել առաջին անհրաժեշտության սարքավորումներով, բուժական նյութերով և այլն: Ամբուլատորիայի ունեցած միակ սարքավորումը ճնշման ապարատն է: «Կուզենայի կարդիոգրամա ունենալ, շաքարը չափելու ապարատը փչացել է, ուրիշը չունենք: Նրանք ոչ մի աջակցություն չեն ցուցաբերել բուժկետին»,- ասում է ամբուլատորիայի երկարամյա բուժքույր  Ալվինա Շիրինյանը:

Ընդհանրապես վիճելի է միայն Սոթքը այդ մեծ հանքավայրի ազդակիր համայնք ճանաչելը: Տեղացիները պնդում են, որ ազդակիր համայնքների շրջանակն արհեստականորեն է նեղացվել, իրականում հանքավայրի թողած վնասակար ազդեցությունները շատ ավելի մեծ տարածք են ընդգրկում:

«Առնվազն 7 գյուղ այդ ազդեցության գոտում է գտնվում: Սոթքը էպիկենտրոնն է, բայց հանքավայրի բացասական ազդեցության կրող են նաև Գեղամասար համայնքի մեջ մտնող Ազատ, Կութ, Շատվան, Նորաբակ, Տրետուք, Կախակն, Կուտական գյուղերը: Այստեղ օրական 20 տոննա ամոնալ են պայթեցնում, իսկ մեզ մոտ քամիները շատ ուժեղ են, և թունավոր փոշին հասնում է նրանց»,- հայտնեց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:

Վերջինիս ասելով՝ ժողովրդի դժգոհությունը մեծ է, հատկապես հանքի բաց շահագործումից: Ինչքան էլ հերքեն, որ օդն ու ջուրը չի աղտոտվում, ճիշտ չէ, որովհետև պայթյունի հետևանքով ընդերքը ցնցվում է, իսկ ջուրը դուրս է գալիս ընդերքից և հզոր պայթյունից չի կարող չաղտոտվել: Գյուղացիները գետի ջրով ոռոգում են ջրովի բոլոր հողատարածքները, այստեղ կարտոֆիլ, կաղամբ, գազար են աճեցնում:

«Ճիշտ է, մենք մասնագետ չենք և օդի ու ջրի աղտոտվածության փորձաքննություն էլ չենք արել, բայց հետևանքներն առանց դրա էլ տեսանելի են: Գյուղի մի հատվածը խորքային հորից է ոռոգման ջուրը վերցնում: Խորքային հորով ջրվող մշակաբույսերը մինչև աշուն առողջ ու թարմ տեսք ունեն, իսկ գետի ջրով ոռոգվողները՝ ոչ: Մենք այս համեմատությամբ տեսնում ենք, որ խնդիրը ջուրն է»,- ասում է Հակոբ Ավետյանը:

Տարիներ շարունակ ցանելուց և բերք չհավաքելուց հետո մարդիկ այլևս ցանքս չեն կատարում կամ պակասեցրել են ցանքատարածքները, որովհետև թունավոր նյութերով աղտոտված օդն ու ջուրը շատ է նվազեցրել բերքատվությունը:

«Մի 8-10 տարի առաջ ոչ ոք չէր ցանկանում հանքավայրում աշխատել: Այն ժամանակ հանքավայրն այդքան մեծ տարածքով չէր շահագործվում, և վնասները մեծ չէին: Ամեն մեկը 3-4 հա հող էր մշակում, դրանից 3 մլն դրամի եկամուտ ունեին և իրենց առողջությունն էլ չէին քայքայում հանքավայրում աշխատելով: Հիմա 500 հազար դրամ ծախսում են դաշտը ցանելու համար, բայց ոչինչ չեն քաղում, եկամուտ չունեն: Հարկադրված ուզում են գնալ հանքավայրում աշխատել, բայց աշխատանքի էլ չեն ընդունում»,- ասում է Սոթքի բնակիչ Վարդան Հայրապետյանը:

Շրջակա միջավայրի վրա հանքավայրի թողած բացասական ազդեցության հետևանքով բնակիչները զրկվել են ունեցվածքից, սոցիալական դժվար վիճակում են հայտնվել, բայց այդ զրկանքը որևէ ձևով չի փոխհատուցվում, նրանց աշխատանքով էլ չեն ապահովում: Համայնքապետարանում ասում են, որ հանքավայրի բացասական ազդեցության կրողը Սոթքն է, բայց գյուղից ընդամենը 20-25 հոգի է աշխատում հանքավայրում: Սոթքի աշխատունակ տարիքի տղամարդկանց 70%-ն աշխատանք չունի: Համայնքի ղեկավարությունն այդ հարցով հանդիպումներ է ունեցել «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինի հետ: Նրա ասելով՝ տնօրենը խոստացել էր աշխատողներ ընդունելիս առաջնահերթությունը համայնքի բնակիչներին տալ, բայց այս տարի ընդամենը 2 աշխատող են ընդունել:

2015թ.-ին հրապարակված «Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի համապարփակ նկարագիրը և վերլուծությունը» հետազոտությունն իրականացրած փորձագետները բնապահպանական և բնօգտագործման վճարների վերջին տարիների ծախսերը վերլուծելով՝ եզրակացրել են. «Բնապահպանական վճարների դրույքաչափերը պետք է հիմնված լինեն շրջակա միջավայրին, մարդու առողջությանը հասցված իրական վնասի գնահատման կամ նոր, մաքրող կամ սակավ աղտոտող տեխնոլոգիաների ներդրման հետ համադրելի դրույքաչափերի հիման վրա»:

Փոխհատուցման գումարները գուցեև հարյուրապատիկ անգամ ավելի են զիջում փաստացի պատճառված վնասին, սակայն այն գնահատված չէ: Հողի, ջրի, օդի աղտոտվածության փորձաքննությունների պատվիրատուն «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունն է, և փորձաքննությունների արդյունքները երբեք սահմանված նորմերից տատանումներ չեն տալիս: Սակայն, դա հիմք չէ ասելու, որ հանքավայրի շահագործումը զգալի վնաս չի պատճառում բնակավայրերին և մարդկանց առողջությանը, ինչպես պնդում է «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ն իր հայտարարության մեջ:

Շրջակա միջավայրի նախարարությունը մեր հարցմանն ի պատասխան հայտնում է, որ Սոթք գյուղը հենց ազդակիր համայնք է հանդիսանում «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության գործունեության վնասակար ազդեցության հետևանքով մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման ու ջրային ռեսուրս վնասակար նյութերի և միացությունների արտահոսքի համար:

Սոթքի ամբուլատորիայի բուժքույր Ալվինա Շիրինյանն ասում է, որ գյուղացիներն առողջական լուրջ խնդիրներ ունեն: Մանկական ուղեղային կաթված, տարբեր մտավոր և ֆիզիկական արատներ ունեցող 8 երեխա կա գյուղում: Բուժքրոջ ասելով՝ վերջին երկու տարիներին ընկերությունը բժիշկներ է բերել Երևանից՝ տարբեր մասնագետներ, որոնք հետազոտել են Սոթքի բնակիչներին: «Լուրջ հիվանդություններ կային և նրանց ուղեգրեցին Երևան: Այս տարի դեռ բժշկական հետազոտություն կազմակերպելու մասին ոչինչ չեն ասել»,- ասում է բուժքույր Ալվինան:

«Հստակ սահմանված չէ այն հիվանդությունների ցանկը, որոնք ուղղակի կամ անուղղակի առավելապես կապված են էկոլոգիական իրավիճակի փոփոխությունների հետ: Հիվանդացությունների որոշ մասն ի հայտ է գալիս կարճ ժամանակահատվածում, մյուս մասը` երկար ժամանակ, նույնիսկ ամիսներ և տարիներ հետո, և այն դժվարացնում է պատճառահետևանքային կապվածությունները գտնելը: Սակայն, ըստ փորձագիտական գնահատումների, դրանց ի հայտ գալուն օժանդակում են մթնոլորտային օդի, ջրի, հողի` մշակաբույսերի միջոցով փոխանցվող աղտոտվածությունները»,- ասվում է «Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի համապարփակ նկարագիրը և վերլուծությունը» հետազոտության մեջ:

«Գեոպրոմայնինգ Գոլդ»-ը սոցիալական աջակցություն ցուցաբերում է, բայց համայնքի տնտեսական զարգացման ծրագրերին չի մասնակցում։

«Բացի օրենսդրությամբ սահմանված պահանջներից, ընկերությունը չորս ազդակիր համայնքներում պարբերաբար իրականացնում է բազմաթիվ սոցիալական և բարեգործական ծրագրեր»,- ասվում է «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ի տարածած հայտարարության մեջ:

Նախ՝ նշենք, որ մետաղական հանքավայրեր շահագործողների համար ազդակիր համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերին մասնակցությունը օրենսդրության պահանջ է: Հանրապետությունում ոսկու հանքավայրեր շահագործող այլ ընկերությունների համեմատությամբ «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ի մասնակցությունը համայնքների սոցիալական ծրագրերին ամենափոքրն է: Գրեթե չերևացող: Եվ, ի տարբերություն «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ի, որի ազդակիր համայնքը Գեղարքունիքի մարզում միայն Սոթքն է, հանրապետության մյուս հանքավայրերը շահագործողների սոցիալական գործունեության շրջանակն ավելի լայն է, քանի որ ազդակիր համայնքների թիվն անհամեմատ մեծ է: Բացի այդ, համայնքում կատարվող լրացուցիչ ներդրումներն էլ շատ ավելի մեծ են ու տեսանելի:

«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը 22.10.2014թ. էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ հանքավայրը շահագործելու պայմանագրին կից կնքված հավելվածով Սոթքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում հետևյալ պարտավորություններն է ստանձնել՝

  • համայնքի զարգացման սոցիալ-տնտեսական ծրագրերին մասնակցություն՝ յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ- 5 մլն դրամ,
  • համայնքի տարածքում գտնվող 5 աղբյուրների կապտաժների վերանորոգման համար՝ յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ- 4 մլն դրամ,
  • համայնքի ջրամատակարարման ցանցի վերանորոգման աշխատանքներին մասնակցություն՝ յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ- 1,5 մլն դրամ,
  • համայնքի գազամատակարարման աշխատանքներին ֆինանսական մասնակցություն,
  • գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում վառելիքի և տեխնիկայի տրամադրում՝ յուրաքանչյուր տարի՝ ըստ անհրաժեշտության՝ յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ- 1,5 մլն դրամ,
  • ազդակիր համայնքների 2-3 երիտասարդների ուսման օժանդակում՝ ուսման տարիներին 1,2 մլն դրամ,
  • Գյուղամիջյան, միջհամայնքային նշանակության ավտոճանապարհների վերանորոգման աշխատանքներին մասնակցություն. ըստ անհրաժեշտության՝ տեխնիկայի և խճի տրամադրում:
  • «Միակ նշանակալից բանը, որ իրենց գործունեության 13 տարիներին արել են այս գյուղի համար, 2012թ.-ին գյուղի գազիֆիկացման համար արված 30 մլն դրամի ներդրումն է եղել: Խողովակը հասցրել էին գյուղ ու այդպես թողել, ներքին ցանցավորում չեն արել, գազն էլ անցյալ տարի են միացրել: Գյուղում 7 տուն է օգտվում գազից, մարդիկ գումար չունեն վառելիքը տուն մտցնելու համար»,- հայտնեց համայնքի ղեկավար Հ. Ավետյանը:

Համայնքապետարանում տեղեկացրին, որ 10 տարվա ընթացքում ընկերությունը միայն մի ուսանողի կրթության համար է վճարել: Այս տարի դպրոցում ջեռուցում են անցկացրել: Խոստացել էին նաև մանկապարտեզում ու հանդիսությունների սրահում ջեռուցում անցկացնել, բայց մինչև հիմա ոչինչ չեն արել: Գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում վառելիք և տեխնիկա չեն տրամադրել: Սոթքի ներհամայնքային ճանապարհների հարթեցում են արել իրենց տեխնիկայով, տարեկան մեկ անգամ էլ գրեյդերով մաքրում են:

Հայաստանը 2017թ.-ից Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) անդամ երկիր է և, ըստ այդմ, «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին պարտավորեցրել է եկամուտների ու ծախսերի մասին հրապարակային հաշվետվություն ներկայացնել: Ընկերությունը 2017թ.-ի հաշվետվության մեջ ներկայացրել է Սոթք համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորությունների շրջանակներում կատարած աշխատանքները, ընդհանուր՝ 9 մլն 600 000 դրամ, որից՝

  • համայնքի տարածքում գտնվող 5 աղբյուրների կապտաժների վերանորոգման համար՝ 3 200 000
  • ջրամատակարման ցանցի վերանորոգման համար՝ 1 200 000 դրամ,
  • համայնքի գազամատակարումն իրականացնելու համար՝ 1 200 000 դրամ,
  • այլ անհրաժեշտ սոցիալ-տնտեսական ծրագրերի համար՝ 4 000 000 դրամ:

Ներկայացվածը սոցիալական աջակցություն կարող է ընկալվել, բայց համայնքի տնտեսական զարգացման մեջ ներդրում՝ ոչ:

Գյուղը մանկապարտեզի տիպային շենք չունի, երեք տարի առաջ դպրոցի մի մասնաշենքից տարածք են առանձնացրել և վերափոխել մանկապարտեզի: Մանկապարտեզը վերանորոգել և գույքը տրամադրել է «Վորլդ Վիժն» բարեգործական կազմակերպությունը:

Դպրոցը, ինչպես իրենք են ասում՝ «տանելի» վիճակում է, այս տարի «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ը ջեռուցում է անցկացրել, բայց ամբողջովին վերանորոգելու և կահավորելու ենթակա է: Համայնքային կենտրոն Սոթքը մշակույթի տուն, սպորտդպրոց չունի: Անցած տարի անհատական քինգբոքսինգի խմբակ է գործել, նույնիսկ Բաթումիում տեղի ունեցած մրցաշարին են մասնակցել և վերադարձել են մրցանակներով, բայց հետո դա էլ է փակվել: Ամբուլատորիան շենք չունի, համայնքապետարանում երկու փոքրիկ սենյակ է զբաղեցնում: Գյուղում ասֆալտապատ փողոց չկա և այլն:

«Գեոպրոմայնինգ Գոլդ»-ը համայնքին ցուցաբերվող աջակցություն է ներկայացնում տարեկան վճարվող հարկերը՝ թերևս անտեղյակների մոտ բարեգործության տպավորություն ստեղծելու համար: Սոթք համայնքն իր վարչական տարածքից 1037 հա հող է վարձակալության հանձնել «Գեոպրոմայնինգ Գոլդ» («GeoProMining Gold») ՍՊԸ-ին: Ընկերությունը դրա դիմաց տարեկան 68 մլն դրամ հողի հարկ, ևս 120 000 դրամ գույքահարկ է վճարում Սոթքին (այժմ արդեն Գեղամասար համայնքին):

Հակոբ Ավետյանը չի ժխտում, որ ընկերությունը որոշակի ֆինանսական աջակցություն ցուցաբերում է Սոթքին: «Բայց դժվար է դա աջակցություն համարելը: «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ն այս գյուղը պետք է ծաղկեցնի ամեն ինչով, պարտավոր են դա անել»,- ասում է համայնքի ղեկավարը:

Նա պնդում է, որ բնակչության առողջության հարցը քննարկման ենթակա չէ: Եթե աջակցում են, չի նշանակում, որ ինչ-որ բան տալու դիմաց պետք է աչք փակել մարդկանց թունավորելու վրա: «Մեզ համար կարևորը ոչ թե գումար ստանալն է, այլ առաջին հերթին բնակչության առողջությունը պահպանելը: Մենք մեր կյանքը կշեռքի նժարին չենք դնի: Ֆինանսական կորուստը կարող է փոխհատուցվել, բայց առողջականը՝ ոչ»,- հայտնեց նա:

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի, Նարեկ Ալեքսանյանի եւ Սոթքի համայնքապետարանի

Մեկնաբանություններ (1)

Sarkis
The author writes that GeoProMining pays 68 million drams in land tax yearly to the Geghamasar community. How much of that money does Sotk get? What does it spend that money on?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter