HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Տ. Ջրբաշյան. «Կառավարությունն այսօր պետք է առաջնային ուշադրություն դարձնի կապիտալ ծախսերին ու դրամավարկային քաղաքականությանը»

Հայաստանի կառավարությունն այսօր պետք է առաջնային ուշադրություն դարձնի կապիտալ ծախսերին ու դրամավարկային քաղաքականությանը: Այս մասին այսօր «Տնտեսական անկումը շարունակվում է. ի՞նչ սպասել տարեվերջին» թեմայով քննարկմանը նշեց «Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

Տվյալները ցույց են տալիս, որ այսօր տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում անկում է գրանցվում: Ջրբաշյանը նկատում է, որ տնտեսության անկման վրա մեծ մասամբ բացասական ազդեցություն են ունեցել շինարարությունը, մեծածախ և մանրածախ առևտուրը, անշարժ գույքի շուկան: Ըստ նրա՝ հենց այս ոլորտներն են հայտնվել ճգնաժամում:

«Եթե ծախսային տեսակետից դիտարկենք, ապա 5.71 տոկոս կիսամյակային անկման 1.5 տոկոսային կետը պայմանավորված է շինարարության անկմամբ: Համավարակը մեծագույն հարվածը հասցրել է շինարարության ոլորտին: Երկրորդը մեծածախ և մանրածախ առևտուրն է, իսկ երրորդը՝ անշարժ գույքին առնչվող գործարքների ծավալը: Սրանք միասին գեներացնում են 5.71 տոկոսի գրեթե 3.2 տոկոսային կետը: Այդ ոլորտներում է մեր ճգնաժամը»,- նշեց Ջրբաշյանը՝ հավելելով, որ անկումը մեծ է նաև ծառայությունների ոլորտում և այն դեռ երկար է շարունակվելու:

Ինչ վերաբերում է այդքան քննարկված տուրիզմի ոլորտին, ապա այս ոլորտում ևս զգալի անկում կա: Եվ այդ անկման ազդեցությունը ևս երկար ժամանակ դեռ զգացվելու է տնտեսության վրա:

Ջրբաշյանը շեշտում է, որ Կառավարությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի կապիտալ ծախսերին: Ըստ նրա՝ ակնհայտ է, որ այսօր մասնավոր հատվածում կատարվող շինարարության անկումը պետք է փոխարինվի պետական միջոցներով կատարվող շինարարության՝ կապիտալ ծախսերի աշխուժացմամբ: 

«Մենք պետք է ավելի ակտիվ լինենք դրամավարկային քաղաքականության հարցում: Խայտառակ իրավիճակ է, երբ երկիրը ճգնաժամում է գտնվում, սպառողական գների աճը գտնվում է ամենանվազ՝ զրոյին մոտ մակարդակում, բայց մենք չենք օգտագործում հակացիկլիկ դրամավարկային քաղաքականություն: Այս երկու որոշիչ կետրերն են, որոնց պետք է այսօր հատուկ ուշադրություն դարձնենք»,- նշում է Տիգրան Ջրբաշյանը:

Անդրադառնալով արդյունաբերությանը՝ նա մեկնաբանում է, որ այս ոլորտի անկումը պայմանավորված է նաև համեմատության բարձր բազայով: Նախորդ տարվա հուլիսին վերսկսվեցին «Թեղուտ» հանքարդյունաբերական ընկերության աշխատանքները, որն ազդեց այդ ամսվա արդյունաբերության աճի վրա: Իսկ այսօր, երբ արդեն այդ ցուցանիշի նկատմամբ ենք հաշվում, 2020 թվականի հուլիսը 2019 թվականի հուլիսի նկատմամբ էական անկում է ստացվում:

Լուսանկարում՝ Տիգրան Ջրբաշյանը (ձախից) և Վահագն Խաչատրյանը

Կապիտալ ծախսերի կատարումը կարևորում է նաև տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ շինարարության նվազումը, կապիտալ ծախսերի թերակատարումը կազմակերպչական պատճառներ ունեն. «Շինարարական մեր ամբողջ հզորությունը ներկայում ծանրաբեռնված է: Երրորդ եռամսյակում, հնարավոր է, դրական զարգացումներ լինեն: Շատ կարևոր է պետության մասնակցությունը»:

Գյուղատնտեսության ոլորտում, ըստ տնտեսագետի, կարող են լինել դրական զարգացումներ՝ կապված մի քանի գյուղմթերքների առատ բերքով, օրինակ՝ խաղողի, ինչպես նաև գյուղատնտեսական պետական ծրագրերով. «Կառավարությունն օպերատիվ միջամտեց գյուղմթերման գործընթացին՝ մշակելով 24-րդ միջոցառումը»:

Տնտեսագետն առանձնացնում է հարկերի հավաքագրման խնդիրը: Կառավարությունը հրապարակավ անհանգստացնող չի որակավորում հարկերի նվազումը, սակայն արդեն այս տարվա առաջին վեց ամսվա (2020 հունվար-հունիս) կտրվածքով հարկերը նվազել են նախորդ տարվա նույն ամիսների համեմատ: Այս խնդիրը լուծվում է այլ տարբերակներով՝ պետական պարտքն է ավելացվում:

Վահագն Խաչատրյանը ևս համաձայն  է, որ ցածր գնաճի պարագայում տնտեսությունը կորցնում է զարգացման պոտենցիալը, և Կենտրոնական բանկը պետք է ավելի ակտիվ գտնվի:

«Եթե չլինեին Կառավարության այս ծրագրերը, ապա վիճակն ավելի վատ կլիներ: Անցած տարվա տվյալները ցույց են տալիս, որ տնտեսությունն առավել մեծ տեմպերով սկսել է աճել հուլիս-օգոստոսից, այսինքն՝ այդ ամիսներից սկսած՝ համեմատության բազան ավելի մեծ է ստացվում: Հետևաբար, այս տարվա նույն ամիսների համեմատ, անկումը մեծ է լինելու: Մայիսից տնտեսական գործունեության մի շարք տեսակների համար սահմանափակումները մեղմվեցին: Եվ հիմա դրա արդյունքն է, որ համեմատաբար ավելի լավ վիճակ է: Ամենաճիշտ տարբերակը դա էր: Երբ տնտեսության սահմանափակումները վերացվում են, դրանք պետք է թիրախային լինեն: Ավելի խիստ սահմանափակումները արդյունավետ չեն լինի այս դեպքում»,- շեշտում է Վահագն Խաչատրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter