HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գերմանացիները բողոքում են կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների դեմ, իսկ Եվրոպան պատրաստվում է երկրորդ ալիքին

Բեռլինում հազարավոր մարդիկ դուրս են եկել հակահամաճարակային սահմանափակումների դեմ ցույցերի։ Այս մասին գրում է «BBC»-ն։

Հնարավոր վտանգներից ելնելով՝ իշխանությունները չէին ցանկանում թույլատրել երթը, քանի որ մասնակիցները կարող են չպահպանեին սոցիալական հեռավորությունը, սակայն օգոստոսի 29-ին դատարանը թույլատրել է անցկացնել հավաքն այն պայմանով, որ մասնակիցները պարտադիր կրեն դիմակներ և պահպանեն ֆիզիկական հեռավորություն։

Սկզբում բողոքի ցույցը խաղաղ ընթացք է ունեցել, սակայն վերջում ոստիկանությունը բերման է ենթարկել մի քանի տասնյակ ցուցարարների։ Իրավապահների տվյալներով՝ փողոց է դուրս եկել մոտ 18 000 մարդ, այդ թվում երեխաներ։ Բողոքի ցույցի մասնակիցներից մեկը «Ֆրանս պրես» գործակալության թղթակցին հայտարարել է, որ ինքը դուրս է եկել փողոց պաշտպանելու իր ազատությունը։ Ոստիկանությունը երթի մասնակիցներից պահանջել է պահպանել սոցիալական հեռավորությունը։ Ավելի ուշ, Բեռլինի ոստիկանական վարչությունը «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է, որ ցուցարարները չեն պահպանում անհրաժեշտ կանոնները, ուստի ոստիկանությունը ստիպված կցրի այն։ Ոստիկանությունը նաև հավելել է, որ ցուցարարների մեծ մասն իրենց կոչից հետո խաղաղ հեռացել է, սակայն նրանք, որոնք չեն ենթարկվել ոստիկանության պահանջներին, բերման են ենթարկվել։

Օգոստոսի սկզբից ի վեր սա արդեն երկրորդ փողոցային ակցիան է, որը կազմակերպվել է «Querdenken» շարժման կողմից։ Ակցիային մասնակցել են նաև աջ ծայրահեղական խմբեր։ Ակցիայի ժամանակ ելույթ է ունեցել նաև ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու եղբոր՝ Ռոբերտ Քենեդու որդին Ռոբերտ Քենեդի կրտսերը, որը պատվաստման հայտնի ընդդիմախոսներից մեկն է։ Ավելի ուշ, նրա ելույթը դատապարտել են իր իսկ ընտանիքի անդամները։

Համանման բողոքի ցույցեր են եղել նաև Լոնդոնում և Փարիզում, որոնք, ի տարբերություն Բեռլինի, մարդաշատ չեն եղել։ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում հարյուրավոր մարդիկ հավաքվել են Տրաֆալգարյան հրապարակում, որպեսզի իրենց դժգոհությունը հայտնեն հակակորոնավիրուսային միջոցառումների դեմ, որոնք ընդունվել են կառավարության կողմից։ Ցուցարարները պարզել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել «COVID-ը խաբեություն է» և «Ոչ պարտադիր պատվաստմանը»։ Ինչպես Բեռլինի պարագայում, Տրաֆալգարյան հրապարակում ևս չեն պահպանվել սոցիալական հեռավորության պահանջները։

Փարիզում էլ մոտ 300 մարդ դուրս է եկել փողոց՝ պահանջելու չեղարկել հանրային վայրերում դիմակների պարտադիր կրման պահանջը։ Վերջին մեկ օրվա ընթացքում Ֆրանսիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 5 453 նոր դեպք։ Նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե այսպես շարունակվի, նա չի բացառում խիստ կարանտինի վերականգնումը։

Եվրոպական մի քանի այլ երկրներում իրավիճակը ևս սրվել է, սակայն ի տարբերություն կորոնավիրուսի առաջին ալիքի, եվրոպական երկրներում վարակվածների գերակշիռ մասը երիտասարդներն են, որոնք առավել թեթև են տանում հիվանդությունը։

Սեպտեմբերի 1-ից Հունգարիան կրկին փակում է իր սահմանները։ Վերջին մեկ օրվա ընթացքում այնտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսի 132 նոր դեպք, ինչ վերջին երեք ամիսների ամենաբարձր ցուցանիշն է Հունգարիայում։ Թուրքիայում էլ վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 36 մարդ, ինչը մայիսի 17-ից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։

Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում և նրա արվարձաններում ազատ է մնացել ընդամենը 15 (4,5 %) մահճակալ, որը նախատեսված է կորոնավիրուսի ծանր ընթացք ունեցող պացիենտների համար։ Այդ մասին հայտարարել է Հարավային Կորեայի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Յոն Տե Հոն։ Մեկ շաբաթ առաջ այդ թիվը կազմում էր 26,5 %։ Վիրուսի տարածման հիմնական օջախները համարվում են եկեղեցիները, գրասենյակները, ծերանոցները և բժշկական հաստատությունները։ Դեպքերի մեծ մասը բաժին են հասնում Սեուլին և մայրաքաղաքային շրջանին։

Լուսանկարը՝ «dpa» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter