HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորեայի ձորում տարիներ շարունակ շինաղբ են թափում

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող՝ «Կորեայի ձոր» կոչվող տարածքում շինաղբ թափում են դեռ խորհրդային տարիներից։ Ձորի ամբողջ տարածքում աղբակույտեր կան, մեծ մասը՝ շինարարական աղբ: Երևանում շինաղբի համար նախատեսված միակ օրինական վայրը Նուբարաշենի աղբավայրն է։ 

Կորեայի ձորի հարակից տարածքի բնակիչների համար բացվում է տեսարան՝ դեպի աղբանոց

Աննա Ներսիսյանն ապրում է Կորեայի ձորի հարակից բնակելի թաղամասում։ Նրանց տան պատշգամբից երևում է աղբանոցի վերածված ձորը։ Աննան օրվա տարբեր ժամերի տեսնում է աղբ թափող մեքենաներ։ Նկատել է նաև, որ փոքր մարդատար մեքենաներով մարդիկ իրենց տան աղբն են պարկերով լցնում ձորում։

«Օրվա ընթացքում մի քանի տասնյակ բեռնատար մեքենաներ տարածքում շինաղբ են թափում։ Տարածքը վերածվել է աղբանոցի, ամեն մեքենայից հետո փոշու մեծ ամպ է բարձրանում, ու մենք աղբի թափոնների փոշին ենք շնչում ողջ օրը»,-ասում է Աննան:

Նա բազմիցս դիմել է ոստիկանություն, Երևանի քաղաքապետարան, Արաբկիրի թաղապետարան, բայց վերջիններս հարցին վերջնական լուծում չեն տվել։ 

Քաղաքապետարանից Աննային հայտնել են, որ դա իրենց գործառույթի մեջ չի մտնում, և այդ հարցով պետք է զբաղվի թաղապետարանը։

Աննա Ներսիսյանը տրամադրել է աղբ թափող բեռնատարերի տեսագրություններ ու լուսանկարներ։ 

Աննան ասում է, որ Կորեայի ձորի  տարածքներից մեկը, որտեղ աղբ են թափում, տնօրինում է Արո անունով մի մարդ (իրական անուն ազգանունը Էդուարդ Դանիելյան է)։ Անան նրան անձամբ չի ճանաչում, բայց լսել է նաև, որ որոշակի գումարի դիմաց տարբեր ընկերություններ շինաղբը բերում ու թափում են «Արոյի տարածքում»։ 

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն ասում է, որ ինքն անձամբ է ձեռնարկել կանխարգելիչ քայլեր 

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը մեզ հետ զրույցում չհերքեց, որ ձորի աղբավայրերից մեկը ապօրինի տնօրինում է Արոն (Էդուարդ Դանիելյանը), ավելացրեց նաև, որ անձամբ հանդիպել է Արոյի հետ, բայց վերջինս հերքել է, որ որոշակի գումարի դիմաց այդտեղ աղբ թափելու թույլտվություն է տալիս։

Արամ Դանիելյանը պատմեց, որ բազմիցս ինքն էլ է տեսել, թե ինչպես են բեռնատարերն աղբը թափում։ Կանչել է ոստիկանության աշխատակիցներին, կազմվել է վարչական վարույթ, բայց տուգանելը կամ ոստիկանության միջամտությունը չի սթափեցնում աղբ թափողներին: 

«Տուգաքի չափը կազմում է 80.000–100.000 դրամ, շատ հաճախ մարդիկ վճարում են տուգանքը կամ դատարանով բողոքարկում ու շարունակում են աղտոտել տարածքը։ Այս ամենն ուղղակի տուգանելով չի կարգավորվի, մենք քաղաքապետարանի ու ոստիկանության աշխատակիցների աջակցության կարիքն ունենք, որպեսզի կարողանանք հարցին լուծում տալ»,–ասում է Դանիելյանը:

Նախորդ տարի իր նախաձեռնությամբ հայտնաբերվել ու տուգանվել են «ՄԼ Մայնինգ» ընկերության աղբ թափող մեքենաները։ Արամ Դանիելյանի հավաստմամբ, ընկերությունն այլևս տարածքում աղբ չի թափում։

Նախորդ տարի ոստիկանությունը նաև հերթապահություն էր սահմանել տարածքում, բայց որոշ ժամանակ անց հսկողությունը հանվել է։ 

«Շաբաթ-կիրակի օրերին անձամբ շրջում եմ իմ մեքենայով, որ բեռնատար եմ տեսնում, կանգնեցնում եմ, ասում են՝ «դու ի՞նչ գիտես, որ աղբ եմ թափել, մեքենաս դատարկ ա, ուրիշ տեղից եմ գալիս, ի՞նչ ապացույց ունես»։ Մինչև աղբը թափելու պրոցեսի վրա «չբռնացնես», չես կարող հաստատել»,-ասում է Արամ Դանիելյանը:

Նա կարծում է, որ հարցի լուծումը պետք է արմատական լինի, չնախատեսված տարածքներում աղբ թափող ընկերությունները պետք է ոչ թե տուգանվեն ու շարունակեն իրենց բնականոն աշխատանքը, այլ զրկվեն լիցենզիայից:

Էդուարդ Դանիելյանը չի հերքում, որ իրեն գումար են տալիս աղբ թափելու համար

Էդուարդ Դանիելյանը, որը հայտնի է Արո անունով, չի հերքում, որ իր բնակելի տան դիմաց գտնվող 1.5 հա տարածքում իր թույլտվությամբ շինաղբ են թափում տարբեր ընկերություններ: 

«Էս իմ տարածք ա, անօրինական ա, բայց իմն ա, ես 40 տարի ստեղ տիրություն եմ անում, ես իմ տարածքի պատասխանատուն եմ»,-ասում է Էդուարդ Դանիելյանը:

Էդուարդը չնշեց գումարի չափը, որն իրեն վճարում են տարածքում աղբ թափելու դիմաց, բայց պնդում էր, որ իր տարածքում ոչ թե շինաղբ, այլ հող է թափվում: Ասում է, որ ձորի այդ հատվածը հարթեցնելուց հետո պիտի պտղատու ծառերով այգի հիմնի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter