HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավոր Արսեն Նիկողոսյանից բացատրություն չի վերցվել նրան ենթադրյալ սպանության սպառնալիք տալու դեպքի առթիվ նախապատրաստվող նյութերով

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի դիմումի առթիվ, որով վերջինս հայտնել է, որ  իր կայացրած  որոշման արդյունքում իր և ընտանիքի անդամների հասցեին վիրավորանք և սպառնալիք պարունակող բազմաթիվ գրառումներ, նամակներ են  ստացվել, ոստիկանությունում նյութեր չեն նախապատրաստվել։ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Հետք»-ի հարցին ի պատասխան հայտնում են, որ ԲԴԽ-ից դիմում ստանալով՝ բացառապես ապահովել են դատավոր Նիկողոսյանի անվտանգությունը։ Նյութեր նախապատրաստվել է միայն  մամուլի մեկ հրապարակման առթիվ՝ ըստ որում՝ առանց դատավորից բացատրություն վերցնելու։

Հիշեցնենք, որ դատավոր Արսեն Նիկողոսյանը հունիսի 18-ին մասնակի բավարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքն ու որոշել նրան ազատ արձակել 2 մլրդ դրամ գրավի դիմաց։

Դատավորի այս որոշումից հետո նրա դեմ արշավ է սկսվել, և նա դիմել է Բարձրագույն դատական խորհրդին՝ մասնավորապես, հայտնելով, որ իր կայացրած որոշման արդյունքում մի շարք լրատվական կայքերում և սոցիալական ցանցերում իր և ընտանիքի անդամների հասցեին (այդ թվում՝ ֆեյսբուքյան իր անձնական էջին ուղարկված հաղորդագրություններով) սկսել են տարածվել վիրավորանք և սպառնալիք պարունակող բազմաթիվ գրառումներ:

Ստացված դիմումի քննարկման համար դատավորը հրավիրվել է Բարձրագույն դատական խորհուրդ, որտեղ լսել են նրան,  որոշել դիմել ոստիկանություն՝ դատավորի դիմումը հիմք ընդունելով՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:

Իսկ համապատասխան միջոցը, փաստորեն, եղել է բացառապես դատավորի անվտանգությանն ապահովելն այն դեպքում, երբ դիմումի բովանդակությունից ակնհայտ է, որ Արսեն Նիկողոսյանն իր կողմից կայացված որոշման հետ է կապել իր և ընտանիքի հասցեին սպառնալիք և վիրավորանք պարունակող գրառումների և նամակների առկայությունը։ Նշենք, որ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով, քրեորեն պատժելի արարք է։

Նյութեր են նախապատրաստվել մեկ անձի կողմից սպառնալիք հնչեցնելու դեպքի առթիվ, որին ընթացք է տվել Դատախազությունը

Ոստիկանությունը ԲԴԽ-ի դիմումը ստանալուց հետո հայտնել է, թե պարզվել է դատավոր Նիկողոսյանի հասցեին սպառնալիք հնչեցրած անձի ինքնությունը, դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Բայց նախապատրաստվող նյութերն, ինչպես պարզվում է, չեն առնչվել դատավոր Նիկողոսյանի դիմումին, խոսքը վերաբերել է մեկ անձի կողմից ենթադրյալ սպառնալիք հնչեցնելու դեպքի առթիվ նյութեր նախապատրաստելուն։

Այսպես՝ դատավոր Նիկողոսյանի որոշումից հետո «facebook  սոցիալական ցանցի օգտատեր Համլետ Աբրահամյանը  հետևյալ գրառումն է կատարել․

«Տեսնես ով է այն հայոց քաջորդին որ պիտի շանսատակ անի այս ձիու ատամներով անդուր ու ապուշ դատավորին»՝  գրառմանը կից տեղադրելով նաև Արսեն Նիկողոսյանի լուսանկարը։

Politik.am կայքն անդրադարձել է այս գրառմանն ու հոդված հրապարակել այն մասին, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակից Համլետ Աբրահամյանը կոչ է անում սպանել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորին։

Դատախազությունը Politik.am-ի հրապարակմանն ընթացք է տվել և Ոստիկանությանը հանձնարարել նյութեր նախապատրաստել մամուլի հրապարակման առթիվ։ Նյութերը նախապատրաստվել են սպանության սպառնալիք հնչեցնելու դեպքի առթիվ և քրեական գործի հարուցումը շուտով մերժվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Դատախազությունը մամուլի հրապարակման առթիվ քրեական գործ  չհարուցելու որոշումը համարել է օրինական, ուստի գրավոր հարցմամբ փորձել ենք պարզել, թե ի՞նչ հանգամանքներ հաշվի առնելով է քրեական գործի հարուցումը մերժվել, ի՞նչ գործողություններ են կատարվել նյութերի նախապատրաստման փուլում:

Հարցումն ուղարկելիս մենք ենթադրել ենք, որ քննության առարկա պետք է դառնար դատավոր Նիկողոսյանի հասցեին հնչեցված ոչ թե մեկ արտահայտություն, այլ նաև նրա և ընտանիքի անդամների հասցեին հնչեցված ենթադրյալ սպառնալիքի և վիրավորանքի խոսքերը, նրան հասցեագրված նամակները, ուստի հարցերն այդ տրամաբանությամբ են կազմվել։ Հանգամանքը, որ քննության առարկա է դարձել միայն մեկ գրառում, հայտնի է դարձել Դատախազության պատասխանից։

Մեր ենթադրությունը, որ դատավորի դիմումի հիման վրա պետք է նրա անվտանգությունն ապահովելուն զուգահեռ քննության առարկա դառնար նաև նրա նկատմամբ ենթադրյալ սպառնալիքներ և վիրավորանքներ հնչեցնելու հանգամանքը, բխել է նրանից, որ պրակիտկայում դատավորներին առնվող դեպքերով քննություն իրականացնելիս  իրավապահները հենց այդպես են վարվում։

Օրինակ՝ երբ իրավապահները դատական կարգադրիչի միջոցով  ահազանգ էին ստացել, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը ենթադրյալ հետապնդման է ենթարկվել, դեպքի առթիվ անմիջապես նյութեր են նախապատրաստվել, դատավորից բացատրություն է վերցվել, նրանից ճշտել են՝ արդյոք դեպքը կապո՞ւմ է իր մասնագիտական գործունեության հետ, հարուցվել է քրեական գործ, քննությանը զուգահեռ ապահովել են նաև դատավորի անվտանգությունը։

Մեկ այլ դեպք  կապված է դատավոր Տաթևիկ Գրիգորյանի հետ։ Երբ դատավորի աշխատասենյակի պատուհանի ապակիների արանքում  հայտնաբերվել էր փամփուշտ,  դեպքի առթիվ նյութեր են նախապատարստվել, հարուցվել է քրեական գործ, դատավորից ճշտվել է՝ արդյոք տեղի ունեցածը կապո՞ւմ է իր մասնագիտական գործունեության հետ։ Դարձյալ քննարկվել է ոստիկանության միջոցով  դատավորի անվտանգությունն ապահովելու հարցը, սակայն դատավորը հրաժարվել է անվտանգությունից, այս հարցով դիմում չի ներկայացրել։ Դատավոր Նիկողոսյանի դեպքում, փաստորեն, իրավիճակն այլ է․ իրավապահները բավարարել են համարել նրա հասցեին ենթադրյալ սպառնալիքներ և վիրավորանք պարունակող գրառումների և նամակների առնչությամբ ապահովել միայն նրա անվտանգությունը։

Դատավոր Արսեն Նիկողոսյանից  բացատրություն չի վերցվել սպանության սպառնալիք  տալու դեպքի առթիվ նյութեր նախապատրաստելիս

Դատախազություն ուղարկված գրավոր հարցմամբ  խնդրել ենք հայտնել՝ դատավորն ու վերջինիս ընտանիքի անդամները հրավիրվե՞լ են բացատրություն տալու, եթե հրավիրվել են, ապա տվել են արդյոք բացատրություներ, իրենց հասեցին հնչեցված սպառնալիքներն ընկալե՞լ են որպես իրական սպառնալիք։

Նշենք, որ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Դատախազությունից խնդրել ենք հայտնել նաև՝ եթե դատավորն ու ընտանիքի անդամները չեն հրավիրվել բացատրություն տալու, ապա ինչո՞ւ չի առաջացել նման անհրաժեշտություն։

Հետաքրքրվել ենք՝ դատավորին ու վերջինիս ընտանիքի անդամներին ենթադրյալ սպառնալիք տված անձինք նյութերի նախապատրաստման փուլում տվե՞լ են բացատրություններ, և եթե ոչ, ապա ինչո՞ւ չեն տվել։

Դատախազությունը վերը նշված հարցերին ի պատասխան հայտնել է հետևյալը․

«Facebook սոցիական ցանցի օգտատեր Համլետ Վահանի Աբրահամյանի կողմից դատավոր Արսեն Նիկողոսյանին սպանության սպառնալիք տալու վերաբերյալ politik.am էլեկտրոնային կայքի հրապարակման կապակցությամբ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունի բաժնում նախապատրաստվել են նյութեր։ (Համլետ Վահանի Աբրահամյանը գրանցված է Գեղարքունիքի մարզում, սակայն այնտեղ չի բնակվում-հեղ):

Նյութերի նախապատրաստման արդյունքում պարզվել է, որ Համլետ Վահանի Աբրահամյանը դատավոր Արսեն Նիկողոսյանին սպանության սպառնալիք տալու վերաբերյալ facebook սոցիալական ցանցում գրառումը կատարել է ԱՄՆ-ից, որտեղ և բնակվում է։ Նման պայմաններում նրանից բացատրություն չի վերցվել, բացատրություն չի վերցվել նաև դատավոր Արսեն Նիկողոսյանից և նրա ընտանիքի անդամներից։ Թե ինչու դատավորից և վերջինիս ընտանիքի անդամներից բացատրություն վերցնելու անհրաժեշտություն չի առաջացել, դատախազությունը չի պարզաբանել։

Հարց է առաջանում, թե առանց դատավոր Նիկողոսյանից բացատրություն վերցնելու ոստիկանությունն ինչպե՞ս կարող էր պարզել, օրինակ՝ դատավորը ԲԴԽ-ին հասցեագրված դիմումում, խոսելով իր հասցեին սպառնալիքներ և վիրավորանքի խոսքեր հնչեցնելու մասին, արդյոք նկատի ունեցե՞լ է նաև քաղաքացի Համլետ Աբրահամյանի գրառումը, կոնկրետ այդ գրառումը կապե՞լ է իր մասնագիտական գործունեության հետ։

Դատախազությունից միաժամանակ հայտնել են, որ վարույթն իրականացնող մարմնի գնահատմամբ՝ սպառնալիքն իրական բնույթ չի կրել, որպիսի պայմաններում կայացվել է որոշում՝ հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին։ 

Հատկանշական է, որ Վճռաբեկ դատարանն իր վարույթում քննված գործերից մեկով իրավական դիրքորոշում է հայտնել, որ սպառնալիքի իրական լինելու հարցը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է լուծվի` գործի բոլոր հանգամանքները, այդ թվում` տուժողի սուբյեկտիվ ընկալումը հաշվի առնելով:

Ի դեպ,  անգամ քրեական գործի հարուցումը մերժելուց հետո դատավոր Նիկողոսյանի անվտանգությունը տևական ժամանակ շարունակել են ապահովել՝ թեև, փաստորեն, համարել են, որ նրա հասցեին հնչեցված սպառնալիքն իրական բնույթ չի կրել։

Նշենք, որ ֆեյսբուքյան  օգտատեր Համլետ Աբրահամյանի գրառման առթիվ «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի գլխավոր դատախազին։ Մեզ հետ զրույցում  կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը նշեց, որ Աբրահամյանի կատարած գրառում պարունակում է ոչ միայն դատավորին վիրավորելու հանցակազմի տարրեր, այլև իրենից ներկայացնում է կյանքի դեմ ուղղված սպառնալիք և ատելության քարոզ։ Թե ինչ ընթացք է ստացել հաղորդումն ԱՄՆ-ում, հայտնի չէ։ Մելիքյանի խոսքով՝ ԱՄՆ-ի օրենդրությունը չի պարտավորեցնում տեղյակ պահել գործի ընթացքի մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter