HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դոմիկում օրերը շատ դժվար են անցնում»․ 26 տարի՝ տնակում

Գյումրու Խորենացու փողոցի խորքում գտնվող տնակը, կարծես, կտրված է արտաքին միջավայրից։ Արեւից խանձված, չորացած խոտերին խառնված է ավազը։ Տուն տանող արահետ էլ գրեթե չկա։ Տնակը «պարսպապատված» է իրար կցված թիթեղներով։ Դուռն առանց ճռռոցի բացում ենք։ Շղթայակապ շունը՝ Ռոկին, արագ վեր է թռչում տեղից ու սկսում հաչալով օղակներ անել։ Նրա փայլուն մազածածկն ավելի մեծ հակադրություն է ստեղծում խեղճացած տնակի հետ։

Բակում իրերը շատ են, հախուռն դասավորված։ Առաջին հայացքից դրանք քիչ օգտագործվող կամ լքված են։ Դրանց արանքում մեկումեջ փափուկ խաղալիքներ են խցկված։ Բակում 13-ամյա Մարիամը գլուխն է լվանում։ Թաց մազերը հավաքելով՝ մեզ բարեւում է եւ արագ ներս մտնում տնակ։

Քիչ անց տան մուտքի մոտ է դուրս գալիս մայրը՝ 54-ամյա Լալա Ստեփանյանը։ Արեւն ուղիղ տնակի վրա է։ Տնակում օդն ավելի խիտ է, սակայն նոր թխված ալադիի հոտն այն տանելի է դարձնում։ Դռան անմիջապես դիմաց գազի բալոնն է, որը փոխարինում է մի ամբողջ խոհանոցի։ Սեղանին նոր լվացած սպասքն է։ Լալան սրբիչով փակում է նոր թխված ալադին, հետո գալիս նստում է աթոռակին։

Գազի բալոնի հետեւում դրված սպասքապահարանի մի անկյունից երեւում են պատի վառված տեղերը։ Տարիներ առաջ հոսանքի լարերից հրդեհ էր բռնկվել տանն, ու պատն այրվել էր։ Պահարանն այդտեղ են դնում, որ փակեն հրդեհի հետքերը։

Լալա Ստեփանյանը Չարենցավանից է, 26 տարի առաջ՝ 1994-ին, ամուսնացել է ու տեղափոխվել Գյումրի, որտեղից ամուսինն է։ Նրանց նորաստեղծ ընտանիքն ի սկզբանե ապրել է տնակում, որտեղ էլ ծնվել են երկու որդիներն ու երկու դուստրերը։

Ավագ որդին ամուսնացել է։ Մեկ թոռ ունեն՝ 1 տարեկան 8 ամսական Դավիթը։ Լալան կանչում է ավագ դստերը՝ Խաթունին, որ հեռախոսը բերի։ Հետո հեռախոսով ցույց է տալիս Դավիթի լուսանկարները։ Լալայի դեմքից ժպիտը սահում-ընկնում է, երբ հասնում է օրվա խնդիրներին։ Ձեռքերը մերթընդմերթ իրար մեջ է առնում, կաշկանդվածություն է նկատվում ձայնի մեջ։

Լալան մինչեւ ամուսնանալը 16 տարի աշխատում էր տեղի Չարենցավանի կարի արտադրամասում։ Ասում է՝ ամեն ինչ էլ կարում էին՝ բժշկական ու բանվորական խալաթներ, ներքնաշորեր։ Սակայն այդ տարիներին էլ աստիճանաբար վատացել է տեսողությունը։ Հիմա հազարից մեկ է կար անում, այն էլ՝ խիստ անհրաժեշտության դեպքում։ Ձախ աչքը չի տեսնում, մյուս աչքի տեսողությունն էլ լավ չէ։ Լալան երրորդ կարգի հաշմանդամ է, ինչի համար պետությունից ստանում է 32 հազար դրամ։

Ասում է՝ 3 տարի առաջ ընտանիքը նպաստ էր ստանում, սակայն երբ ավագ որդին աշխատանքի անցավ, նպաստը կտրեցին։ Բայց մայրն ասում է, թե որդին հազիվ 30-40 հազար դրամ էր տուն բերում։ Հետո ընտանիքը ստիպված էր վարկ վերցնել, մեքենա գնել, որ որդիները գոնե տաքսի քշելով՝ տան հացի խնդիրը լուծեն։ Սակայն դա էլ չի ստացվել, փոխարենը նրանք հայտնվել են բանկի «սեւ ցուցակում»։

Լալայի ամուսինը հիմնականում բանվորությամբ է զբաղվում։ Որդիներն էլ արդեն մի քանի ամիս արտագնա աշխատանքի են մեկնել Ռուսաստան։ Սակայն միեւնույնն է՝  դժվարությունները շատ են, խնդիրներն անլուծելի են մնում։

«Դոմիկում օրերը շատ դժվար են անցնում։ Կռիսներ կան։ Հեն ա՝ նայեք, մեծ անցքեր են անում, ներս գալիս։ Ինչքան էլ փակում ենք, մեկ է՝ օգուտ չկա։ Հենց էդ կռիսների պատճառով է, որ հիմա հարսս ու թոռս էստեղ չեն, հարսի հայրական տանն են»,- նշում է 54-ամյա կինը։

Նախորդ տարի ինչ-որ տեղից, Լալան չի հիշում, թե որտեղից, մարդիկ էին եկել, խոստացել, որ կլուծեն բնակարանի հարցը։ Ընտանիքին էլ իրերը հավաքել էր, տեղավորել արկղերում ու սպասել։ Բայց դրանից հետո ոչ մի արձագանք չի եղել։

Լալան ասում է, թե այստեղ է կառուցվելու գյումրեցի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը։

16-ամյա Խաթունն ու 13-ամյա Մարիամը՝ հարդարված, կոկիկ հագնված, դուրս են գալիս սենյակից։ Երկուսն էլ պարի են գնում։ Խաթունն ասում է, որ չնայած վարսավիրություն է սովորում, մանկուց երազել է պարուհի դառնալ։ 4 տարեկանից պարում է։

Մարիամի նախասիրությունները փոքր-ինչ տարբեր են։ Նա ցանկանում է դերասանուհի դառնալ։ Երբ դպրոցն ավարտի, գուցե ընդունվի Թատերական ինստիտուտ։

-Վերջին ներկայացումը ո՞րն է, որ նայել ես,- հարցնում եմ Մարիամին, այդպիսով՝ փորձելով զրույցը տեղից շարժել։

-«Հարսանիք թիկունքում»։ Շատ հուզվեցի վերջում,- պատասխանում է Մարիամը։

-Հա, արանքում 2-3 անգամ էլ ընդմիջում է լինում, երկար ներկայացում է, չէ՞,- շարունակում է մայրը։

Մարիամը նաեւ երաժշտական դպրոց է հաճախում, որտեղ 4-րդ դասարանում է սովորում։ Հարեւան սենյակում հարմար տեղավորել են բաց դարչնագույն դաշնամուրը։ Մարիամին խնդրում ենք որեւէ բան նվագել։ Նա իր դասերից մեկն է կատարում։

-Դաշնամուրը «Շիրակ կենտրոնն» է նվիրել։ Երբ իմացան, որ Մարիամիկը երաժշտական է գնում, մենք էլ դաշնամուր չունենք, անակնկալ արեցին,- նշում է Լալան։

Մարիամի նվագելուց հետո կրկին շարունակում ենք զրույցը տնակային կյանքի մասին։ Լալան ասում է, թե անցած 26 տարիներին սովորել են, որ խոհանոցն ու հյուրասենյակը մի տեղում են, բաղնիք չունեն, տան հյուրասենյակում կամ ննջասենյակի ազատ տարածքում են հարմարեցնում, սակայն այս տարիներին իրենց երազանքը մնացել է տուն ունենալը։

«Տուն չունենալու պատճառով է, որ փոքր տղուս չեմ կարողանում ամուսնացնեմ։ Ամուսնացնեմ, որտե՞ղ ապրի»,- ավելի շատ բարձրաձայն մտածում է 54-ամյա մայրը։

Մեզ հրաժեշտ տալուց առաջ առաջարկում է սուրճ պատրաստել, բայց հրաժարվում ենք, քանի որ մեկ այլ հանդիպում ունենք։ Ընտանիքը կենցաղի ու խմելու համար ջուրը բակից է բերում, տնակում նման հնարավորություն չկա։

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանություններ (2)

Christine malgorn
It's very sad to bé as ignorant and self-centered as you are!! Have you been there? I have. Have you Heard about corruption? I found it so Moving when I was walking through Gyumri half destroyed and I could hear someone playing thé piano. It makes such a différence with people liké you who understand nothing about art and whose goal in life IS certainly money. How sad I am. for you!
alya
I'm sorry, but I'm more and more shocked about the mentality of such kind of people ! They don't lead their children to catch a profession adapted to their life condition, no ! Theater and dancing !!! How far away from reality ! They should seek to choose an appropriate occupation !! For boys, learn seriously a profession like, housebuilder, woodworker, machinist, electrician , gardener etc... and the girls bakery, sellswoman, nurse, cleaner, dress-tailor aso... I mean something practical and USEFULL in Armenia !! And PLEASE , a SERIOUS and complete professional education with a final exam and diploma , not just some weeks of exercising -- This is mentality of--functionning, successfull western countries -- SO , just COPY it !.... if you ever have the PLEASURE to work --I mean GOOD work

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter