HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բելառուսը փակում է սահմանները Լիտվայի և Լեհաստանի հետ

Բելառուսի իշխանությունները փակում են պետական սահմանը Լիտվայի և Լեհաստանի հետ։ Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ 

«Մենք ստիպված ենք զորքերը հանել փողոցներից, ինչպես ես արդեն ասել եմ, բանակի կեսը բերենք մարտական վիճակի և փակենք պետական սահմանը Արևմուտքի հետ։ Առաջին հերթին Լիտվայի և Լեհաստանի։ Ցավոք, մենք պետք է ուժեղացնենք նաև պետական սահմանը մեր եղբայրական Ուկրաինայի հետ»,- հայտարարել է Լուկաշենկոն։

Ազատություն ռադիոկայանի բելառուսական ծառայությունը նշում է, որ դեռևս հայտնի չէ, թե ինչ ի նկատի ունի Լուկաշենկոն սահմանի փակում ասելով։

«Մենք չգիտենք, թե ինչ կանեն նրանք։ Մենք հասկանում ենք, որ իրենց զինանոցում քիչ քայլեր են մնացել, մինչև թեժ պատերազմի հրահրումը։ Վերջին օրերին ես Ռուսաստանի նախագահի և պաշտպանության նախարարի հետ ստիպված եմ կազմակերպել միութենական հանրապետության պաշտպանությունը»,- հավելել է Լուկաշենկոն։ Ավելի վաղ, Բելառուսն ու Ռուսաստանը հայտարարել էին, որ Բելառուսում կանցկացվի «Սլավոնական եղբայրություն 2020» անունը կրող զորավարժությունները։

Հիշեցնենք, որ Բելառուսն այն երկրների ցանկում է, որոնք չէին փակել սահմանները հարևանների հետ։ Սակայն այս դեպքում սահմանների փակումը կապված չէ կորոնավիրուսի համավարակի հետ։ Լիտվան և Լեհաստանը բացահայտ աջակցում են Բելառուսի ընդդիմությանը։ Մի քանի օր առաջ Լիտվայի Սեյմը նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային ճանաչել էր որպես Բելառուսի ընտրված նախագահ։ Էստոնիան, Լատվիան և Լիտվան պերսոնա նոն գրատա են հայտարարել Լուկաշենկոյին, նրա որդուն և Բելառուսի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների։

Սվետլանա Տիխանովսկայան շարունակում է գտնվել Լիտվայում։ Նա լքել էր Բելառուսը ԿԸՀ-ում իրավապահների հետ տեղի ունեցած հանդիպումից հետո, իսկ ավելի ուշ հրապարակել տեսաուղերձ, որտեղ նշել, որ ստիպված է գնացել այդ քայլին։ Նա իր ուղերձն ավարտել էր «Երեխաներն ամենակարևորն են, որ ունենք այս կյանքում» արտահայտությամբ։

Ուկրաինայում էլ գտնվում են Բելառուսի ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության անդամներ Իվան Կրավցովը և Անտոն Ռոդնենկովը։ Նրանց հետ կատարվածը Ուկրաինայում և Բելառուսի ընդդիմությունում անվանում են ստիպողական արտաքսում։ Ընդդիմության մեկ այլ առաջնորդ՝ Մարիա Կոլեսնիկովան, որին նույնպես ցանկանում էին արտաքսել երկրից, սահմանին պատռել է անձնագիրը և տեղափոխվել Մինսկի քննչական մեկուսարան։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter