HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետարանի նախկին պաշտոնյան 1.25 միլիոն դոլարով վաճառքի է հանել Դալմայի այգում ձեռք բերած հողը

Մինչ իրավապահները կուսումնասիրեն Դալմայի այգիներում օտարված հողերի և կառուցապատումների վերաբերյալ «Հետք»-ի հրապարակումները, հողի սեփականատեր դարձած նախկին պաշտոնյան փորձում է վաճառել հողակտորը։

2011 թվականին Երևանի քաղաքապետարանում աշխատանքի անցած, իսկ 2015 թ.-ից մինչև 2018 թվականը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարութան և բարեկարգման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Սամվել Մհերյանը Դալմայի այգիների տարածքում սեփականության իրավունքով 2000 քմ հողակտոր ունի։

Հայտարարությունների «List.am» կայքում հրապարակվել է հողակտոր վաճառելու մասին մի հայտարարություն, որը վերաբերում է հենց Սամվել Մհերյանի գույքին։

«Վաճառվում է խառը կառուցապատման հողատարածք Ծիծեռնակաբերդի խճուղում՝ Դալմա Գարդեն մոլի և նորակառույց Մոնթե Մելքոնյան փողոցի միջնամասում: Ընդհանուր մակերեսը 2000 քմ️ է: Ճակատային մասը կազմում է 30 մետր: Հողատարածքը սեփականաշնորհված է: Գտնվում է առաջին գծի վրա և ունի երկկողմանի մուտք: Հարմար է բնակելի շենք կամ կոմերցիոն շինություն կառուցելու համար: Նախկինում տրվել է 18 հարկանի շինություն կառուցելու թույլտվություն»,- ասված է վաճառքի հայարարության մեջ, իսկ հողի գինը նշված է՝ 1 միլիոն 250 հազար ԱՄՆ դոլար։

Սամվել Մհերյանը հողակտորը ձեռք էր բերել 2012 թ.-ին Երևանի քաղաքապետարանի կազմակերպած աճուրդում։ Ծիծեռնակաբերդի խճուղու 11/1 հասցեի 2000 քմ հողակտորի մեկնարկային գինը եղել էր 50 միլիոն դրամ։ Աճուրդում հաղթող ճանաչված Սամվել Մհերյանը այն ձեռք էր բերել 52 միլիոն 500 հազար դրամով։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը 2019 թ․-ի սեպտեմբերի 9-ին Սամվել Մհերյանին տվել է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կառուցելու նախագծման թույլտվություն (Ճարտարապետահատակագծային առաջադրանք)։ Որպես շենքի թույլատրելի բարձրություն՝ առաջադրանքում նշված է․ «Կառույցը Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող հողամասի ստորին հատակագծային նիշից նախագծել 5 կիսաստորգետնյա և մինչև 18 հարկանի՝ 12-րդ հարկից սկսած նահանջով, բնակելի հարկերի բարձրությունը՝ հարկից հարկ ընդունելով 3.30 մ։ Հնարավոր է մասնակի ավելի բարձր շեշտադրում՝ տանիքը սպասարկող աստիճանավանդակների և վերելակների հորանների համար»։

«List.am» կայքում հրապարակված վաճառքի հայտարարության մեջ որպես օտարվող գույքի առավելություն նշված է 18 հարկանի շենք կառուցելու թույլտվությունը (հավանաբար նկատի են ունեցել նախագծման թույլտվությունը)։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter