HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Վարչապետ. «Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսի հետ կապված 100%-անոց թափանցիկ է» 

«Նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված կրկին իրավիճակի սրում կա: Երեկ գրանցվել է 374 նոր դեպք՝ 3913 հետազոտությունից: Սա կապված է մարդկանց շարժողունակության ավելացման հետ»,-կառավարության սեպտեմբերի 24-ի նիստում, մինչ օրակարգային հարցերի քննարկումը, ասաց վարչապետ Փաշինյանը:

Ապա հավելեց. «Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը. մենք պետք է ապրենք կորոնավիրուսի հետ զուգահեռ, և շատ բան կախված է մեզնից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունից: Իհարկե, նաև վարչական մեթոդներ պետք է շատ խստորեն կիրառվեն: Պայմանավորվել ենք, որ տեսչական մարմինները և ոստիկանությունը կուժեղացնեն հսկողությունը կանոնների պահպանման նկատմամբ: Մյուս կողմից պետք է հասկանանք, որ ունենք կարմիր գծեր: Կարմիր գիծն այն է, երբ մեր հիվանդանոցային կարողությունները կսպառվեն: Այդ ժամանակ մենք պետք է փորձենք այլ որոշումներ կայացնել»։

Գործադիրի ղեկավարը նշեց, որ հուլիսին ծավալել էին շատ մեծ հիվանդանոցային կարողություններ, հիմա այդ կարողությունների մեծ մասն արդեն վերադարձել է իրենց նախկին բնականոն վիճակին, բայց նաև պատրաստ են ցանկացած պահի վերադառնալ կորոնավիրուսի սպասարկմանը: Այս պահին նման ծավալման կարիք չկա, բայց եթե իրադարձությունները նման կերպ զարգանան, շատ հնարավոր է՝ նույն խնդրի առաջ կանգնենք:

Առողջապահության նախարարի խոսքով՝ այս պահի դրությամբ կորոնավիրուսային բուժում իրականացնող հիվանդանոցներում առկա է մոտավորապես 1230 սովորական մահճակալ և 170 վերակենդանացման մահճակալ, որոնց մոտավորապես 30%-ը դեռևս մնում է ազատ: Մոտ 20 բժշկական հաստատություններից այս պահին կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվում է 5՝ միայն դրա համար նախատեսված հիվանդանոց, և ևս 3-ը նեղ մասնագիտացված՝ շատ փոքր թվերով երեխաների, նորածինների և հղիների համար:

«Ցանկացած պահի կամ 1-2 օրվա մեջ իրավիճակի կտրուկ սրման ժամանակ կարող ենք ամբողջ ռեսուրսն օգտագործել, մոտավորապես 2700-2800 սովորական մահճակալ և 300 վերակենդանացման ժամանակ: Կորոնավիրուսային հիվանդության ամենացածր թիվը գրանցվել է սեպտեմբերի 11-ին: Սեպտեմբերի 11-ից մինչ օրս դեպքերն աճում են, ինչը պայմանավորված է և՛ շարժողունակության մեծացմամբ, և՛ համաճարակային կանոնների նկատմամբ կարգապահությամբ»,- հայտնեց Արսեն Թորոսյանը:

Ըստ նախարարի՝ թվերի աճը դեռևս դպրոցներով չեն պայմանավորում, քանի որ դրանք բացվել են 10 օր առաջ: Եթե մոտակա մեկ շաբաթվա մեջ թվերի կտրուկ, սրանից էլ ավելի աճ լինի, արդեն կապելու են դպրոցների հետ: Ուսումնական հաստատությունները բնակչության զանգվածային շարժունակությունն ապահովող ամենամեծ գործոններից են: Պետք է թույլ չտալ հասնել կարմիր գծերին, բայց անհրաժեշտության դեպքում  համապատասխան որոշումներ կկայացվեն:

«Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսի հետ կապված 100 %-անոց թափանցիկ է, մենք որևէ թիվ էս ընթացքում չենք փոխել, այսինքն՝ այն, ինչ գիտենք մենք, գիտի Հայաստանի հանրությունը և ամբողջ աշխարհը՝ այն տարբերությամբ, որ մենք կարող է մի քանի ժամ ավելի շուտ իմանանք, քան մյուսները»,- նշեց Նիկոլ Փաշինյանը, և հավելեց, որ այսօրվանից ուժի մեջ է մտնում տուրիստական-տրանսպորտային ոլորտի աջակցության ծրագիրը՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter