HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Թեստավորված ուսուցիչներից 300-ը՝ մոտ 1,5 %-ը, ինքնամեկուսացված է

«Արմենպրես» լրատվական գործակալության հրավիրած ասուլիսի ընթացքում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանն անդրադարձավ ուսուցիչների՝ Covid-19-ի թեստավորմանը, նշեց, որ այն իրականացվել է՝ հաշվի առնելով կորոնավիրուսային վարակի տարածման ռիսկը. դպրոցներում աշակերտների հետ շփումը կարող է հանգեցնել վարակի մասսայական տարածմանը։

Ըստ նրա՝ դպրոցներում Covid-19-ի տարածումն ամբողջությամբ կանխել հնարավոր չի եղել, սակայն սեպտեմբերի 7,8-ից սկսած՝ թեստավորումը իրականացվում է։ Վերջինս անդրադարձավ այն հարցին՝ արդյոք բոլոր ուսուցիչներն են թեստավորվել, ասաց, որ թեեւ ՀՎԿԱԿ-ի լաբորատոր կարողությունները հզորացել են, այնուամենայնիվ երկու շաբաթը բավական չի եղել հանրապետության բոլոր դպրոցների աշխատակազմին եւ ուսուցիչներին թեստավորելու համար։

Պարոնյանը նշեց, որ դպրոցների աշխատակազմի եւ ուսուցիչների թեստավորման գործընթացը կավարտվի հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում։ Ըստ համաճարակաբանի՝ թեստավորվելը չի բացառում ուսուցիչների հետագայում վարակվելը, սակայն դա տվյալ փուլում նվազեցնում է արդեն իսկ վարակված լինելու եւ վարակը տարածելու ռիսկը։

Լուսինե Պարոնյանի պնդմամբ՝ գրեթե բոլոր դրական թեստավորված ուսուցիչներն առանց ախտանշանների են։

Անդրադառնալով ուսուցիչների՝ թեստերի դրական, ապա կրկնակի թեստի բացասական արդյունքներին, որի վերաբերյալ մամուլում բողոքներ հրապարակվեցին, համաճարակաբանը նշեց, որ ԱՀԿ-ի կողմից ՀՎԿԱԿ-ի լաբորատորիան անցել է արտաքին հսկողություն եւ պատվաստուկների հետազոտությունը 100 % արդյունք է տվել, ինչը վկայում է, որ լաբորատոր կարողությունները բավարարում են թեստերի ճշտգրիտ արդյունք գրանցելու համար։ Իսկ այն հարցին, թե ինչու է մի լաբորատորիան տալիս դրական, մյուսը՝ բացասական արդյունք, Պարոնյանը նշեց, որ պատճառ կարող է լինել նմուշառման պայմանները, անձը կարող է բերանը ողողած լինել, սնունդ ընդունած լինել։

«Եթե մի անգամ թեստը դրական է եղել, ուրեմն հարյուր տոկոս վարակված է, բացասականը կարող է կեղծ լինել, բայց դրականը չի կարող»,- հավելեց  համաճարակաբանը։ Նրա խոսքով, եթե անգամ կրկնակի թեստը բացասական է, ԱՆ-ի համար հիմք չէ, որ մարդուն վարակակիր չհամարեն, եւ վերջինս պետք է 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացում անցնի։ «Ես խորհուրդ եմ տալիս ուսուցիչներին անիմաստ գումար չծախսել, չդիմել վճարովի լաբորատորիաներ, որովհետեւ միեւնույն է՝ պիտի ինքնամեկուսացվեն, եթե ախտանշաններ չլինեն, ինքնամեկուսացումից դուրս գրվելուց հետո կգնան աշխատանքի, իսկ ախտանշանների դեպքում, հիվանդության բուժում կարվի»։ Համաճարակաբանի խոսքով՝ այս պահին ինքնամեկուսացման մեջ գտնում է ընդհանուր թեստավորված ուսուցիչների մոտ 1,5 %-ը՝ 300 հոգի։

Համաճարակաբանը եւս մեկ անգամ նշեց, որ վարակի տարածումը կանխելու համար  պետք է պահպանել սոցիալական հեռավորությունը, կրել դիմակներ եւ ախտահանել ձեռքերը։ Պարոնյանը չասաց, թե մեկ ուսուցչի թեստավորման համար ինչքան գումար է հատկացնում պետությունը։

Վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածների թվերի աճի վերաբերյալ ասաց, որ այն կապված է սեզոնային փոփոխությունից, սուր վարակիչ հիվանդությունների ակտիվացումից, սահմանափակումների վերացումից, եւ դեռեւս չի կապվում դպրոցների բացման հետ. երեխաների շրջանում վարակման թվերի աճ չկա։

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ներկրման վերաբերյալ ասաց, որ դեռեւս որեւէ հստակ որոշում չկա, քանի որ սպասում են, թե աշխարհում հայտնված ութ պատվաստանյութերից որոնք են արդյունավետ լինելու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter