HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանսուա Օլանդ. «Թուրքիայի հետ հստակեցումների ժամանակն է»

Այսօր Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի մոտ գտնվող Ալֆորվիլ քաղաքում՝ քաղաքապետարանի շենքի մոտ, տեղի է ունեցել հավաք ֆրանսիացի քաղաքական գործիչների, Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների խորհրդի անդամների եւ հայկական համայնքի մասնակցությամբ՝ ի համերաշխություն սեպտեմբերի 27-ից ագրեսիայի ենթարկվող Արցախի։  Հավաքի մասնակիցները դատապարտել են Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները Արցախի դեմ:

«Երբ կիրակի օրն Ադրբեջանն աննախադեպ, մահացու հարձակում գործեց Արցախի վրա, ես անմիջապես քաղաքապետարանի շենքի վրա բարձրացրի Հայաստանի դրոշը, իսկ այսօր՝ նաեւ Արցախի դրոշը»,- հավաքի բացման ժամանակ հայտարարել է Փարիզից ոչ հեռու գտնվող Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասը։ Հավաքին ներկա էին ֆրանսիացի քաղաքական գործիչներ, այդ թվում՝ նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը, Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների խորհրդի անդամները եւ հայկական համայնքի ներկայացուցիչներ։ Նրանք դատապարտում էին Ադրբջանին՝ պահանջելով դադարեցնել կրակը։

«Ադրբեջանից պահանջում ենք անմիջապես դադարեցնել կրակը։ Այս կոնֆլիկտում Թուրքիան պատասխանատվություն է կրում Ադրբեջանին ցուցաբերած ռազմական եւ քաղաքական աջակցության համար։ Եվրոպացիները պետք է դադարեն միամիտ լինել եւ գիտակցեն այն վտանգը, որ ներկայացնում է Թուրքիան։ Էրդողանի Թուրքիան սիրիացի գրոհայիններ է ուղարկում Արցախ, սպառնում է Հունաստանին, շանտաժ է անում մեզ փախստականներով։ Ժամանակն է զրկել Թուրքիային ՆԱՏՕ-ի անդամակցությունից, այսպիսի Թուրքիան չի կարող տեղ ունենալ Եվրամիությունում, ուստի պահանջում եմ կասեցնել նրա անդամակցության գործընթացը»,- իր ելույթում ասել է Ալֆորվիլի քաղաքապետը։

Ֆրանսիայի նախկին (2012-2017թթ.) նախագահ Ֆրանսուա Օլանդը նախ նշել է, որ Ալֆորվիլը Հայկական հարցի խորհրդանիշն է, որտեղ իրենք բազում հավաքներ են իրականացրել՝ Հայոց ցեղասպանությունը Ֆրանսիայի իշխանությունների կողմից ճանաչել տալու համար, ինչը, օրենքի ուժ ստանալով, Ֆրանսիային հնարավորություն է տալիս ավելի բարձր խոսել այդ մասին ամբողջ աշխարհում։

Անդրադառնալով սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմին՝ Օլանդը նշել է, որ այն սկսվել է Ադրբեջանի կողմից եւ Թուրքիայի աջակցությամբ ու միջամտությամբ, որը զենք, նյութատեխնիկական օգնություն, սիրիացի եւ լիբիացի գրոհայիններ է ուղարկել Ադրբեջան։

«Այս պատերազմը կարող է ապակայունացնել տարածաշրջանը։ Անհնար է դա անտեսել։ Հայաստանի շուրջը հզոր պետություններ են՝ Ռուսաստանը, Իրանը, որոնք կարող են ինչ-որ պահի մասնակից դառնալ։ Քաղաքացիական բնակչության ռմբակոծմամբ գիծը հատվել է, սա իրավիճակի սրում չէ, այլ ամբողջ Կովկասի ապակայունացում, եւ Ֆրանսիան առանձնակի պատասխանատվություն ունի, որովհետեւ Մինսկի խմբի անդամ է, որը գրեթե 30 տարի հակամարտության լուծում է փնտրում։ Բայց հիմա վիճելի մի քանի հեկտարի հարց չէ, այլ պատերազմ՝ տարածք գրավելու համար։ Եվ ուրեմն Ֆրանսիան, ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն պետք է զինադադար պարտադրեն ու հասնեն Թուրքիայի միջամտության դադարեցման։ Հակառակ դեպքում սանկցիաներ պետք է կիրառվեն»,- ասել է Ֆրանսուա Օլանդը։

Ըստ նրա՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է բանաձեւ ընդունի՝ բոլոր կողմերին պարտավորեցնելով հրադադարի հաստատում։ «Միջոցներ պետք է ձեռնարկվեն ոչ միայն Ադրբեջանի, այլ Թուրքիայի դեմ, որովհետեւ նրա ռազմավարությունն է գործի դրված։ Թուրքիայի ներկայությունը ՆԱՏՕ-ում պիտի հարցականի տակ դրվի։ Ինչպե՞ս է մի դաշինք, որը համերաշխորեն պետք է գործի ագրեսիայի դեպքում, ընդունում կամ հանդուրժում իր անդամի ագրեսիան այլ պետության հանդեպ։ Խոսքը Հունաստանի մասին է։ Հանդուրժում է Թուրքիային, որը գրավում է Սիրիայի տարածքի մի մասը եւ հարձակվում մեր դաշնակից քրդերի վրա, ներխուժում է Լիբիա,- ասել է Ֆրանսիայի նախկին նախագահը, ապա շարունակել ելույթն այսպես,- մինչեւ ե՞րբ պիտի Թուրքիան միջամտություն կատարի։ Այսօր Հայաստանն է, Արցախը, վաղը կարող են լինել Բալկանները, եթե թույլ տանք։ Իբրեւ Ֆրանսիան հինգ տարի ղեկավարած նախագահ, որն արտաքին հարաբերություններ է պահպանել Թուրքիայի հետ, ասում եմ՝ հստակեցումների ժամանակն է, եւ փախստականների սպառնալիքով ոչ մի շանտաժ չպիտի գործադրվի Եվրոպայի վրա։ Միջազգային հանրային կարծիքը պիտի մոբիլիզացվի։ Սա կոչ է ֆրանսիացիներին առ այն, որ սա միջազգային անվտանգության եւ խաղաղության հարց է, համերաշխություն միջազգային իրավունքին։ Միջազգային մեծ խնդիր՝ մինչեւ ու՞ր կարող է հասնել Էրդողանը։ Նա ասես փորձում է մեզ։ Ահա թե ինչու Ֆրանսիան, Եվրոպան եւ միջազգային հանրությունը պատերազմը կանգնեցնելու փորձ պիտի անեն եւ բանակցությունների միջոցով լուծում գտնեն։ Խաղաղության համաձայնագրին պետք է մասնակցեն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները»։

Այս օրերին ֆրանսիացի  քաղաքական գործիչները կազմակերպել են ստորագրահավաք՝ Ֆրանսիայից պահանջելով վերանայել  դիրքորոշումը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր։ Ինչպես տեղեկանում ենք «Լը Ժուղնալ դյու Դիմանշ»-ից, 173 ստորագրություն է հավաքվել։ Ստորագրահավաքի մասնակիցների թվում է նաեւ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն (Anne Hidalgo)։

Ստորագրահավաքի հայտարարության տեքստում նշվում է, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանը պատերազմ է սկսել Լեռնային Ղարաբաղում, որտեղ հարձակումների թիրախ է դարձնում քաղաքներ եւ խաղաղ բնակիչների։ «Այդ տարածքը հայկական քաղաքակրթության օրրանն է»,- նշվում է տեքստում, ապա ավելացվում, որ այդ տարածքում անդադար հայեր են ապրել, որոնք իրենց ազատության համար պատերազմել են, եւ 1994 թ. կրակը դադարեցվել է, սակայն կոնֆլիկտը մինչ օրս չի լուծվում։

Տեքստում հիշատակվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարության մասին, որում Ֆրանսիան չեզոք դիրքորոշում է ցուցաբերել եւ մի քանի տասնամյակ աշխատել գտնել կոնֆլիկտի լուծումը, որն առաջնահերթ կապահովեր բնակիչների խաղաղությունն ու անվտանգությունը։ Մինչդեռ 2020 թ. իրադարձություններից հետո հարկ է վերանայել այդ ռազմավարությունը։

Տեքստում նշվում է, որ այս տարվա հուլիսի 12-ից մի քանի օր անընդմեջ ադրբեջանական բանակը հարձակվում էր ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ Հայաստանի վրա, որի սահմանները միջազգային հանրության կողմից ճանաչված են։ Ստորագրահավաքի մասնակիցներն այդ հարձակումը համարում են նաեւ ուղղված Հայաստանի բարեկամ Ֆրանսիայի դեմ, ինչի համար էլ Ֆրանսիան պետք է անհապաղ դուրս գա չեզոքությունից:

Հայտարարության տեքստում անդրադարձ կա նաեւ պատերազմում Թուրքիայի մասնակցությանը։

«Մենք գտնում ենք, որ ֆրանսիական դիվանագիտությունը պետք է վերանայի իր ռազմավարությունը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վերաբերյալ՝ վճռականորեն դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան եւ պահանջելով անհապաղ դադարեցնել բռնությունը, հակառակ դեպքում՝ զանգվածային աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, ինչը պահանջում է Ղարաբաղի ճանաչում»,- ասվում է հայտարության մեջ։

Լուսանկարը՝ Լուսինե Խաչատրյանի

Մեկնաբանություններ (1)

Robert
Questioned? Are you guys so blind? How about expelling the criminals period or is it just talk. If you have the GUTS, EXPEL tturkey without any pre conditions. Otherwise it is another talk show with the convenience of not doing anything.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter