
«Ստեփանակերտի բնակչության 50-60 տոկոսը չի լքել քաղաքը». փոխքաղաքապետ
Հոկտեմբերի 7-ի դրությամբ Ստեփանակերտի բնակչության 50-60 տոկոսը քաղաքում է, լքել են հիմնականում ծերերն ու երեխաները։ Բնակիչների համատարած տարհանում չի եղել Ստեփանակերտում։ Այս մասին հոկտեմբերի 7-ին կայացած ասուլիսի ընթացքում հայտնեց Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը։
Քաղաքում գազանջատումը կատարվել է անվտանգության նկատառումներով։ Էլեկտականության հետ կապված խափանումները կարգավորվել են։ Առաջիկա 1-2 օրվա ընթացքում Ստեփանակերտում էլեկտրականության անջատումներ չեն լինելու։ Ջրամատակարարումը կատարվում է շուրջօրյա ռեժիմով։
«Ունենք ապաստարաններ, որոնք կահավորված ու պատրաստված են եղել այս օրերի համար։ Այնտեղ պատսպարված են մեր բնակիչները։ Գործում են թեժ գծեր, որոնց միջոցով քաղաքացիները կապվում են քաղաքապետարանի հետ»,- ասում է Սուրեն Թամրազյանը։
Փոխքաղաքապետի խոսքով՝ քաղաքապետարանը սնունդով, տաք հագուստով ու ծածկոցներով ապահովում է Ստեփանակերտ քաղաքում պատսպարված բնակիչներին, իսկ ամբողջ Արցախի տարածքում գործում է օպերատիվ շտաբ, որը զբաղվում է ապաստարաններում գտնվող բնակչությանը սնունդով, հագուստով, հիգիենայի ու առաջին անհրաժեշտության պարագաների ապահովումով։
Ստեփանակերտում վնասվել են տասնյակ բազմաբնակարան շենքեր։ Վնասվել են նաև «Արցախէներգո» ՓԲԸ-ի և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի վարչական շենքերը, բայց դա չի խանգարել վերջիններիս բնականոն աշխատանքին։
Նա ասաց, որ հոկտեմբերի 6-ի և 7-ի հրթիռակոծության հետևանքով կան զոհեր խաղաղ բնակչության շրջանում, բայց տվյալները դեռևս հավաքագրվում են։
Սուրեն Թամրազյանը հավելեց նաև, որ Ստեփանակերտում ուսումնասիրվում են բոլոր ավերածությունները։ Որոշվում է վնասի չափը։ Չնայած կրած վնասներին՝ քաղաքում բոլոր ենթակառուցվածքները շարունակում են աշխատել իրենց բնականոն հունով։
Մեկնաբանել