HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նկարահանման ժամանակ ադրբեջանական ԱԹՍ-ը պտտվել է Ս. Ղազանչեցոց եկեղեցու վերեւում

Շուշիում աշխատող «Հետքի» թղթակիցները հայտնում են, որ երբ նկարահանումներ են կատարել այսօր հրթիռակոծված Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում, ադրբեջանական անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ) շարունակում էր պտտվել եկեղեցու վերևում:

«Հետքի» թղթակիցները տեղեկացնում են նաև, որ դեպի Ստեփանակերտ ճանապարհին նկատել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեք ավտոմեքենա:

Երբ նկարահանող խումբը կանգնել է, որ նկարահանի մեքենաները, տեսել են, որ անօդաչու թռչող սարքը մեքենաների շարժին զուգահեռ ընթանում է վերևում: Անօդաչուի ձայնը կարելի է լսել տեսանյութում:

ԿԽՄԿ երևանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին «Հետքի» հետ զրույցում ասաց, որ գրասենյակի ներկայացուցիչները Ստեփանակերտում մարդասիրական առաքելություն են իրականացնում։ Զոհերի դիակների հնարավոր փոխանակման վերաբերյալ հարցին Զառա Ամատունին պատասխանեց, որ Կարմիր խաչի ներկայացուցիչներն իրենց ուժերը մոբիլիզացնում են, բայց դեռ վաղ է զոհերի մարմինների փոխանակելու մասին խոսելու, քանի որ կողմերի համաձայնությունն այս պահին առկա չէ։

«Հետքի» թղթակիցները հայտնում են նաև, որ Ստեփանակերտ մտնելու ճանապարհին լսվեց ադրբեջանական ԱԹՍ-ի պայթյունի ձայնը:

Հիշեցնենք, որ այսօր կեսօրից հետո Արցախի տեղեկատվական կենտրոնը հայտնել էր, որ Ադրբեջանը հարվածել է Շուշիի խորհրդանիշին՝ Ղազանչեցոց եկեղեցուն։

Հ.Գ. Նյութը պատրաստում էինք հրապարակման, երբ Շուշիում աշխատող մեր թղթակիցներից տեղեկացանք, որ եկեղեցուն կրկին հարված հասցվեց։ Այս տեղեկությունը հայտնեց նաեւ Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Գլխավոր լուսանկարը՝ Էդիկ Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter