HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Վրաստանի հետ

Ազգերի լիգայի խաղարկության երրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը 2։2 հաշվով ոչ-ոքի խաղաց հարևան Վրաստանի ընտրանու հետ։ Հանդիպումը պետք է տեղի ունենար Երևանի Հանրապետական մարզադաշտում, սակայն Հայաստանում ռազմական դրությամբ պայմանավորված՝ խաղը տեղափոխվեց Լեհաստանի Տիխի քաղաքի քաղաքային մարզադաշտ։

Հանդիպումը մեկնարկեց մեր ընտրանու խփած արագ գոլով։ 6-րդ րոպեին ձախ եզրից Տիգրան Բարսեղյանի կատարած անցումից և փոխանցումից հետո Վրաստանի հավաքականի դարպասը դիպուկ հարվածով գրավեց Խորեն Բայրամյանը՝ իր առաջին գոլը խփելով Հայաստանի հավաքականի կազմում։ Եվ չնայած Հայաստանի հավաքականի խփած գոլին, պետք է նշենք, որ առաջին խաղակեսն անցավ Վրաստանի տարածքային և խաղային զգալի առավելությամբ։ Մի քանի անգամ մեր ընտրանին փրկվեց վերահաս գոլերից․ երկու դեպքում թիմին փրկեց դարպասապահ Դավիթ Յուրչենկոն, մեկ անգամ էլ գնդակը դիպավ դարպասաձողին։ Ամեն դեպքում, Խոակին Կապառոսի սաներին առաջին խաղակեսում հաջողվեց սեփական դարպասն անառիկ պահել։

Երկրորդ խաղակեսը Հայաստանի հավաքականի համար սկսվեց վատագույն սցենարով։ Մրցավարի սուլիչից վայրկյաններ անց Վրաստանի հավաքականի հարձակվող Նիկա Կաթչարավան հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Ընդունած գոլից հետո մեր հավաքականը սկսեց ակտիվ գրոհել։ Գոլից ընդամենը երկու րոպե անց Ալեքսանդր Կարապետյանը կարող էր նորից առաջ մղել մեր ընտրանուն, սակայն նպաստավոր դիրքից նրա կատարած հարվածը փոքր-ինչ շեղությամբ անցավ դարպասաձողի կողքով։ Մի քանի րոպե անց էլ վտանգավոր հարված կատարեց Տիգրան Բարսեղյանը, սակայն Վրաստանի ընտրանու դարպասապահը փրկեց իր թիմին։

74-րդ րոպեին արդեն Հայաստանի հավաքականը հայտնվեց պարտվողի դերում։ Փոխարինման մտած և հավաքականի կազմում իր նորամուտը նշող Յուրի Գարեգինյանը դաշտի կենտրոնում կորցրեց գնդակը, իսկ վրացիների կազմակերպած գրոհը եզրափակեց Թոռնիկե Օքրիաշվիլին։ Այնուամենայնիվ Հայաստանի հավաքականին հաջողվեց խուսափել պարտությունից։ 88-րդ րոպեին Գեղամ Ղադիմյանի հարվածից հետո գնդակը դիպավ մրցակցի խաղացողի ձեռքին և նշանակված 11-մետրանոցը դիպուկ իրացրեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Հանդիպումը հենց այդ հաշվով էլ ավարտվեց՝ մարտական ոչ-ոքի՝ 2։2։

C դիվիզիոնի երկրորդ խմբի մյուս խաղում Տալլինում Էստոնիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները ևս ոչ-ոքի խաղացին, սակայն առավել գոլառատ՝ 3։3 հաշվով։

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խաղարկության առաջին տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 1։2 հաշվով պարտություն էր կրել Հս․ Մակեդոնիայից, իսկ երկրորդ տուրում Երևանում 2։0 հաշվով հաղթել էր Էստոնիային։

Այսպիսով, կայացած երեք տուրերից հետո C դիվիզիոնի երկրորդ խմբի մրցաշարային աղյուսակը 5-ական միավորով գլխավորում են Վրաստանն ու Հս․ Մակեդոնիան։ Հայաստանը 4 միավորով 3-րդն է, իսկ Էստոնիան 1 միավորով վերջին՝ 4-րդ հորիզոնականում է։

Հոկտեմբերի 14-ին Ազգերի լիգայի 4-րդ տուրում Հայաստանի ազգային ընտրանին Տալլինում կհյուրընկալվի Էստոնիայի հավաքականին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter