HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արծրուն Հովհաննիսյան. «Հադրութը հայկական զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ է»

Հոկտեմբերի 12-ի առավոտյան կրկին սկսվել են մարտական գործողությունները երեք-չորս ուղղություններով։ Մարտակերտի ուղղությամբ կիրառվել են նաև ծանր հրանետային միջոցներ։ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը, թուրքական օդուժի աջակցությամբ, կիրառել են նաև բազմաթիվ հարվածային ԱԹՍ-ներ, կատարվել է 36 մարտական թռիչք, որի ընթացքում հյուսիսի ուղղությամբ մեր հակաօդային ուժերը խոցել են մեկ Սու-25 գրոհիչ։ Օրվա ընթացքում տարբեր միջոցներով մարտական գործողությունները շարունակվել են նաև հարավային ուղղությամբ՝ զրահատեխնիկայի, հրետանու և այլ միջոցների կիրառությամբ։

Այս մասին Միասնական տեղեկատվական կենտրոնի Գորիսի շտաբում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հադրութ քաղաքի ուղղությամբ դիվերսիոն-հետախուզական գործողությունները կասեցվել են, հետ է շպրտվել հակառակորդը։ Հադրութը գտնվում է մեր զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ։ Հադրութի մերձակայքում եղել են դիվերսիոն խմբեր, կարող են այժմ էլ լինել։ Բայց բնակավայրը մեր վերահսկողության տակ է»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ մինչ ուշ ժամը մարտական գործողությունները շարունակվում են, իսկ գիշերային ժամերին՝ թուլանում։ Հակառակորդը, փորձելով պատսպարվել զինված ուժերի հարվածներից, գիշերային ժամերին փորձում է զորքերի վերախմբավորումներ և համալրումներ իրականացնել, որպեսզի առավոտյան սկսի հարձակողական գործողությունները։

Անդրադառնալով Թալիշ գյուղի գրավման մասին տեսանյութերին, որոնք տարածում է ադրբեջանական կողմը, ՊՆ ներկայացուցիչն ասաց. «Գյուղն ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո չէ, գյուղի մատույցներում են ադրբեջանական զորքերը, քանի որ հյուսիսային ուղղությամբ հայկական զինված ուժերը կատարել են համապատասխան զորքերի վերախմբավորումներ՝ Թալիշ-Մատաղիս ուղղությամբ, հետևաբար կարող են նման տեսանյութեր հրապարակվել»։

Հովհաննիսյանը նշեց, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունները Ադրբեջանը չի կատարում։ Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններն այն մասին, թե պատրաստակամ են եղել կատարելու այդ պայմանավորվածությունները, նա կեղծիք որակեց։ 

Այսօր էլ գերիների և դիակների փոխանակում չի կատարվել, քանի որ, ըստ Հովհաննիսյանի, Ադրբեջանի համար ընդունելի չէ միջազգային կազմակերպությունների միջնորդությամբ այդ գործընթացի կազմակերպումը։

Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Քարվաճառում ևս լինում են մարտական գործողություններ, բայց դրանք ինտենսիվությամբ զիջում են հարավում տեղի ունեցողին, բայց այնտեղ էլ իրավիճակը խաղաղ չէ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter