HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռազմաճակատում. հոկտեմբերի 15

Մռավի գագաթին

Տերեւաթափը սկսվել է արդեն: Մեքենան մտնում է անտառ, ու աշնանային գույների միջով դանդաղ բարձրանում ենք դեպի Մռավ լեռը: Վարորդը՝ Խոսրով Մուսայելյանը, պայմանագրային զինծառայող է: Որդին՝ 19-ամյա Վալերին, զոհվել է սեպտեմբերի 28-ին հարավում մղված մարտերում: Որդու զոհվելու մասին ընթացքում ասում է բեռնախցիկում նստած զինվորականը: Խոսրովի դեմքի բոլոր հատվածներում վիշտ կա: Ու ոչ մի բառ չես կարողանում արտաբերել լուրն իմանալուց հետո: Փորձում եմ կոտրել բեռնատարի ձայնին զուգահեռ լռությունը:

-Քա՞նի անգամ ես բարձրանում օրվա ընթացքում,- հարցնում եմ Խոսրովին:

-Քանի անգամ պետք է լինում, բարձրանում եմ:

Հետո մեքենայի մասին եմ հարցեր տալիս, նա սկսում է մեքենայի հնարավորությունների մասին պատմել: Ու մեկ էլ խոսքի մեջ, գլուխը տարուբերելով, ասում է. «Քանի ընտանիքի մեջք կոտրվեց, գիտե՞ս»: Ու սկսում է անուններ տալ:

Մինչեւ Մռավ բարձրանալն անտառում զինվորները սուրճ առաջարկեցին: Պատերազմը սկսելու օրվանից սա առաջին անգամն է: Իսկ դա նշանակում է, որ համեմատաբար հանգիստ է վիճակը: Զորքն ինժեներական աշխատանքներ է իրականացնում: Լեռան վրայի դիրքեր միայն զինվորական մեքենայով կարող ենք գնալ: Ամեն դիրքում զինվորները մեզ էին հարցեր տալիս. ի՞նչ կա սահմանի մյուս հատվածներում, Երեւանում, ի՞նչ են խոսում Ղարաբաղի հարցի մասին դրսում... Բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները չունեինք: Հետո զրույցը սկսում է ծավալվել տարբեր ուղղություններով:

Մռավ հասնելուն պես դիրքի տղաները միանգամից հավաքվում ու սկսում են բեռնաթափել մեքենան: Այստեղ պայմանագրային զինծառայողներին միացել են նաեւ ժամկետայիններն ու կամավորականները:

Մամիկոն Ավանյանը Ռուսաստանից է եկել, շահումյանցի է: Հարձակման մասին լսելուն պես եկել է: Այս դիրքում նա միակը չէ, որ Ռուսաստանից է եկել: Մամիկոնն ասում է, որ շատերն են ուզում գալ:

-Ինչպե՞ս է տղաների տրամադրությունը,- հարցնում եմ Մամիկոնին:

-Բոլորի դուխը տեղն է: Մեր ազգի նման դուխով տղերք չկան ոչ մի տեղ աշխարհում: Մանավանդ մեր 18-19 տարեկան տղաների նմանը չկա: Ոչ մի բանից չենք վախենում: Մենք մեր հայրենիքն ենք պահում: Բայց ինչ որ իրենք են անում (նկատի ունի ադրբեջանցիներին- հեղ.), կրկնակին մենք պետք է անենք: Եթե նրանք մեր քաղաքներն են ավերում, նույնը մենք պետք է անենք,- ասում է Մամիկոնը:

Ստորաբաժանման հրամանատար Արտյոմը պատմում է, թե ինչպես են հետ մղել հակառակորդի հարձակումները պատերազմի օրերին:

-Այսօր մի հինգ-վեց անգամ հրետանիով են խփել: Երեք անգամ այս ընթացքում փորձել են մեր դիրքը գրավել, բայց ոնց տեսնում եք, էստեղ ենք,- ասում է հրամանատարը:

-Մարտական ենք տրամադրված, մի սանտիմետր հետ չենք գնալու: Առաջին անգամ, երբ տուն խոսեցի, երկար ժամանակ չէի խոսել: Իմ հոր ձայնը էդպես չէի լսել ոչ մի անգամ, էդքան հուզված չէի լսել: Չդիմացա, չէի կարողանում խոսել: Մի քիչ հետո մայրս զանգեց, չէի կարողանում խոսել, բառերս չէի կարողանում իրար կապել: Ավելի ուշ զանգեցի, ասեցի՝ հանկարծ չմտածեք, որ եթե էդպես հուզված խոսեցի, ինձ մոտ վատ է, ամեն ինչ նորմալ է: Ասեցի՝ հուզվեցի, որ զգացի, թե դուք ինչքան եք անհանգստացել»,- պատմում է ժամկետային զինծառայող Գուրգեն Նահապետյանը:

Թե ինչերի միջով են անցնում մեր զինվորները, միայն իրենք գիտեն, գուցե վերադառնալուց հետո մի օր որոշեն պատմել: Միայն իրենք կարող են պատմել իրենց զոհված ընկերների մասին:

Մռավի զինվորների մասին ֆոտոշարքը կարող եք դիտել այստեղ

Մեկնաբանություններ (1)

Stephen Kurkjian
Thank you Edik and your staff at HETQ for continuing to inform we in the diaspora with your powerful journalism. Reporting like this is the salvation of strong and surviving democracies.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter