
«Հարավային ուղղությամբ Ադրբեջանը ձեռնարկել է լայնամասշտաբ գրոհ-հարձակում». Ա. Հովհաննիսյան
Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը շարունակել է իր հարձակողական գործողությունները: Առավել թեժ մարտեր եղել են հարավային ուղղությամբ: Հյուսիսային ուղղությունն այսօր եղել է համեմատաբար հանգիստ:
Այսօր՝ հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննսիյանը:
«Հարավային ուղղությամբ ձեռնարկվել է լայնամասշտաբ գրոհ-հարձակում: Ուղղություններից մեկում մոտավորապես 2-3 տասնյակ ավտոմեքենաներով շարասյունը փորձել է մոտենալ և հարձակում զարգացնել, սակայն հրետանավորների դիպուկ կրակի արդյունքում շարասյունը խոցվել է, և հակառակորդը ստիպված է եղել նահանջել։ Այլ ուղղություններում համառ մարտեր են ընթացել, որոշ տեղերում մարտերը այս պահին էլ շարունակվում են»,-ասել է նա:
Ա. Հովհաննիսյանը նշում է, որ Ադրբեջանն այլևս մեծաթիվ զրահատեխնիկա չի կիրառում. կիրառում է օդուժ, ԱԹՍ-ներ և հրետանային կրակ:
ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ շատ մարդիկ այսօր թաքցնում են իրենց տարիքը, ֆիզիկական վիճակը, որ կամավորագրվեն, իսկ քաղաքում նա ամեն օր հանդիպում է տղաների ու աղջիկների, որոնք ևս ցանկանում են առաջնագիծ մեկնել.
«Մենք չենք կարող այսքանից հետո չհաղթել, մենք պարտավոր ենք հաղթել ու հաղթելու ենք»,-եզրափակեց Ա. Հովհաննիսյանը:
Մեկնաբանել