HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Ֆրանսիայի կառավարությունը կլուծարի «Գորշ գայլեր» թուրքական ծայրահեղ ազգայնական շարժումը

Չորեքշաբթի՝ նոյեմբերի 4-ին Ֆրանսիայի կառավարությունը կհայտարարի «Գորշ գայլեր» թուրքական ծայրահեղ ազգայնական շարժման լուծարման մասին նախարարների խորհրդի նիստի ժամանակ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, «Ֆրանսպրես»-ի հաղորդմամբ, հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանինը ԱԺ իրավական հանձնաժողովի առաջ։ «Խոսքն առանձնահատուկ ագրեսիվ խմբավորման մասին է, եթե չասեմ ավելին»,-ասել է Ջերալդ Դարմանինը, որի հայտարարությունն ընկալվում է Ֆրանսիայում մուսուլմանների նկատմամբ վերաբերմունքի առնչությամբ ֆրանս-թուրքական դիվանագիտական խիստ լարված հարաբերությունների համատեքստում։

«Ֆիգարո» պարբերականը հիշեցնում է, որ «Գորշ գայլեր» խումբը մատնացույց արվեց հատկապես Լիոնի մերձակայքում նախորդ շաբաթ թուրքական և հայկական համայնքների միջեւ ծեծկռտուքից հետո:

Անցած չորեքշաբթի հասարակական կարգը պահպանող ուժերը միջամտել էին Լիոնում, որը հայկական սփյուռքի կենտրոնատեղիներից է՝ կանխելու թուրքական համայնքի 250-հոգանոց անդամների հարձակումը հայերի վրա։ «Գորշ գայլերի» այդ անդամների նկատմամբ վարչական տուգանքներ են կիրառվել։

Նույն օրն առավոտյան բախում էր տեղի ունեցել A7 ավտոմայրուղու մոտ, որի հետեւանքով չորս մարդ էր վիրավորվել, մեկը՝ ծանր։

Շաբաթ գիշեր լույս կիրակի «Գորշ գայլեր» անվանումը դաջվել էր նաեւ Լիոնում ցեղասպանության զոհերի հուշարձանին։.

Ֆրանսիական պարբերականը գրում է, որ «Գորշ գայլերը» հայտնի է որպես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ սերտ կապեր ունեցող ծայրահեղ ազգայնական խմբավորում։

Խորհրդարանում իր ելույթի ժամանակ ՆԳ նախարար Դարմանինը միաժամանակ մատնանշել է, որ Ֆրանսիայում իսլամաֆոբիայի դեմ կոլեկտիվի (CCIF) լուծարման հարցը, որի մասին հայտարարվել էր քոլեջի ուսուցիչ Սեմյուել Պատիի սպանությունից հետո՝ հոկտեմբերի 16-ին, կքննվի 15 օրից:

Լուսանկարում՝ Ֆրանսիայի ՆԳ նախարար Ջերալդ Դարմանինը Ելիսեյան պալատում, 20-ը հոկտեմբերի, 2020, հեղ.` Լյուդովիկ Մարին/«Ֆրանսպրես»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter